Ինչպես պարբերագրերի մատուցումներ նախապատրաստել
1. Ինչո՞ւ լավ կլինի անհատապես նախապատրաստել պարբերագրի մատուցում և ոչ թե անգիր անել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում տրված մատուցումները։
1 «Ինչո՞ւ է հարկավոր պարբերագրերի համար մատուցումներ նախապատրաստել, եթե դրանք արդեն կան «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի յուրաքանչյուր համարում»,— թերևս հարցնես դու։ Թեև շատերն այդ մատուցումներն արդյունավետ են համարում, այնուամենայնիվ, հարկավոր է անհատապես նախապատրաստվել դրանք ներկայացնելուն։ Ներկայացված մատուցումը մի վայրում կարող է արդյունավետ լինել, սակայն գործնական չլինել մեկ ուրիշում։ Ուստի պարտադիր չէ պարբերագրերը տարածելիս բառ առ բառ կրկնել այդ մատուցումներում գրված խոսքերը։ Նույնիսկ եթե որոշում ենք օգտվել տրված մատուցումներից, լավ կլինի, որ այնտեղ նշված մտքերն ասենք մեր բառերով։
2. Ինչպե՞ս որոշել, թե պարբերագրի որ հոդվածի հիման վրա մատուցում պատրաստել։
2 Ընտրիր որևէ հոդված։ Պարբերագիրն ընթերցելուց հետո ընտրիր այն հոդվածը, որը կհետաքրքրի ձեր տարածքում ապրող մարդկանց, և որը հատկապես քեզ է դուր եկել։ Եթե վստահությամբ ու խանդավառությամբ ներկայացնես այդ հոդվածը, ապա դա կարող է տանտիրոջը մղել ընթերցելու այն։ Թեև դու հավանաբար ցանկանաս ներկայացնել այն հոդվածը, որը կարող է շարժել ձեր տարածքում ապրող մարդկանց մեծամասնության հետաքրքրությունը, սակայն լավ կլինի քաջատեղյակ լինել նաև պարբերագրի մյուս հոդվածներին։ Այդպես կկարողանաս փոփոխել քո մատուցումը, եթե անհատին մեկ ուրիշ թեմա հետաքրքրի։
3. Ինչպիսի՞ առաջաբան ես արդյունավետորեն կիրառում։
3 Հարց տուր։ Հաջորդ քայլը մատուցման առաջաբանը լավ նախապատրաստելն է։ Այն շատ կարևոր է։ Արդյունավետ կլինի տանտիրոջը մտածելու տեղիք տվող որևէ հարց տալ, որը կարող է նրա մեջ հետաքրքրություն առաջացնել ներկայացվող հոդվածի հանդեպ։ Ամենաարդյունավետ միջոցը, սովորաբար, տանտիրոջ կարծիքը հարցնելն է։ Սակայն հարկավոր է խուսափել այնպիսի հարցեր տալուց, որոնք անհատին անհարմար վիճակի մեջ կգցեն կամ վիճաբանության առիթ կլինեն։
4. Ինչո՞վ է օգտակար սուրբգրային համար ընթերցելը այն դեպքում, երբ տանտիրոջ հանգամանքները թույլ են տալիս անել դա։
4 Սուրբգրային համար ընթերցիր։ Վերջում ընտրիր մի սուրբգրային համար թերևս ներկայացվող հոդվածից, որը կընթերցես տանտիրոջ համար, եթե նրա հանգամանքները թույլ տան անել դա։ Սուրբգրային համար ընթերցելը կօգնի անհատին տեսնել, որ մեր հաղորդած պատգամը Աստծու Խոսքի վրա է հիմնված (Ա Թեսաղ. 2։13)։ Սուրբգրային համարը նրան վկայություն կտա, եթե նույնիսկ նա հրաժարվի պարբերագիրը վերցնելուց։ Որոշ քարոզիչներ տանտիրոջ մեջ հետաքրքրություն են առաջացրել՝ նախ սուրբգրային համար ընթերցելով և ապա դրա հետ առնչվող հարց տալով։ Նախքան համարն ընթերցելը դու կարող ես ասել. «Կցանկանայի իմանալ ձեր կարծիքը այն հարցի վերաբերյալ, որի մասին խոսվում է աստվածաշնչյան այս համարում»։ Այնուհետև անհատի ուշադրությունը կարող ես ուղղել հոդվածի այն պարբերության վրա, որտեղ այդ համարի հետ կապված մեկնաբանություններ կան, որից հետո կարող ես մի քանի խոսքով զարգացնել նրա հետաքրքրությունը պարբերագրի հանդեպ և ապա առաջարկել այն։
5. Ո՞ր հիմնական խորհուրդները պետք է հիշենք, երբ պարբերագրերի մատուցումներ ենք նախապատրաստում։
5 Պարբերագրերը առաջարկելու վերաբերյալ խիստ կանոններ չկան։ Սովորաբար արդյունավետ են կարճ և պարզ մատուցումները։ Գործածիր այն մատուցումը, որը հեշտությամբ կարող ես կիրառել, և որը լավ արդյունքներ է բերում։ Ցույց տուր, որ պարբերագրերը մեծ արժեք ունեն, և դրանք խանդավառությամբ ներկայացրու։ Եթե լավ նախապատրաստվես, ապա «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը կկարողանաս ավելի արդյունավետ կերպով առաջարկել նրանց, ովքեր ‘ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ’ (Գործք 13։48, ՆԱ)։