Քարոզում ենք տնից տուն
1. Ի՞նչ հարց է ծագում տնետուն ծառայության հետ կապված և ինչո՞ւ։
1 «Նրանք, ովքեր փորձ ունեն Ճշմարտությունը տարբեր ձևերով քարոզելու գործում, կհամաձայնեն, որ «Հազարամյակի արշալույս» ժողովածուի օգնությամբ տնից տուն անցկացվող քարոզարշավը ներկայումս Ճշմարտությունը քարոզելու ամենաարդյունավետ միջոցն է»։ Այս խոսքերը, որ մեջ են բերված «Սիոնի Դիտարանի» 1893 թ. հուլիսի 1–ի համարից, ընդգծում են տնետուն ծառայության արժեքավոր լինելը։ Ամբողջ աշխարհում մարդիկ ծառայության այս ձևը համարում են Եհովայի վկաներին բնորոշող հատկանիշներից մեկը։ Արդյոք տնից տուն ծառայությունը այսօր նույնչափ արդյունավե՞տ է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ գնալով ավելի դժվար է լինում մարդկանց հանդիպել իրենց տանը։
2. Ի՞նչ աստվածաշնչային հիմք կա տնետուն ծառայության համար։
2 Սուրբգրային հիմք և ծառայության կարևոր ձև։ Տնետուն ծառայությունը աստվածաշնչային հիմք ունի։ Հիսուսը կրթեց 70 աշակերտների, որ նրանք երկու–երկու այցելեին մարդկանց տները (Ղուկ. 10։5–7)։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսի մահից կարճ ժամանակ անց նրա աշակերտները «բոլոր օրը չէին դադարում տաճարումը եւ տներումը սովորեցնել եւ .... աւետարանել» (Գործք 5։42)։ Պողոս առաքյալը նույնպես ժրաջանորեն քարոզում էր տնից տուն (Գործք 20։20)։
3. Որո՞նք են տնետուն ծառայության առավելություններից մի քանիսը։
3 Տնից տուն ծառայությունը այսօր էլ բարի լուրը քարոզելու կարևոր միջոց է։ Այն հնարավորություն է տալիս մեզ կանոնավորաբար և կազմակերպված ձևով փնտրել արժանի անհատների (Մատթ. 10։11)։ Մարդիկ սովորաբար իրենց ավելի հանգիստ են զգում տանը։ Նրանց հետ երես առ երես զրուցելը՝ նրանց ձայնը լսելը, նրանց դեմքի արտահայտությունը տեսնելը, ինչպես նաև այն, թե ինչ հանգամանքներ ունեն նրանք, հնարավորություն կտա մեզ հասկանալ, թե ինչն է հետաքրքրում ու մտահոգում նրանց։ Դա մեզ հնարավորություն է տալիս հետագայում շարունակելու նրանց հետ զրույցը։
4. Ինչպե՞ս կարող ենք տնետուն ծառայությունը ավելի արդյունավետ դարձնել։
4 Փոփոխություններ կատարիր քո անձնական գրաֆիկում։ Պողոս առաքյալը պատրաստ էր փոփոխություններ կատարելու իր կյանքում «աւետարանի համար» (Ա Կորնթ. 9։23)։ Թերևս մենք կարողանանք փոփոխություններ կատարել մեր գրաֆիկում, որպեսզի քարոզենք այն ժամանակ, երբ հավանականությունը ավելի մեծ է, որ մարդիկ տանը կլինեն, օրինակ՝ երեկոյան ժամերին, հանգստյան կամ տոն օրերին։ Գրի առ, թե որ բնակարաններում ոչ ոք տանը չի եղել, և փորձիր շաբաթվա ընթացքում մեկ ուրիշ օր կամ օրվա մեկ ուրիշ ժամի այցելել։
5. Ինչպե՞ս կարող են առողջական խնդիրներ ունեցող քարոզիչները մասնակցել տնից տուն ծառայությանը։
5 Տնից տուն ծառայությանը կարող են մասնակցել նույնիսկ նրանք, ովքեր առողջական խնդիրներ ունեն։ Թերևս կարողանանք պայմանավորվել նրանց հետ և ծառայել այնպիսի տարածքում, որտեղ հեշտ է քարոզելը, և թույլ տանք նրանց ծառայել իրե՛նց հարմար տեմպով։ Մի քույր առողջական խնդիր ուներ շնչառության հետ կապված և ի վիճակի էր ամեն կես ժամում այցելել միայն մեկ բնակարան։ Սակայն ինչպիսի՜ ուրախություն և բավականություն նա ստացավ՝ քարոզիչների մի խմբի հետ ծառայությանը մասնակցելով։
6. Ինչո՞ւ պետք է կանոնավորաբար մասնակցենք տնետուն ծառայությանը։
6 Տնից տուն ծառայության շնորհիվ դեռ շարունակում ենք շատ գառնանման անհատներ գտնել։ Մի քարոզիչ թակեց դուռը, և տանտերն ասաց նրան. «Նե՛րս մտեք։ Ես գիտեմ, թե դուք ով եք։ Ես աղոթում էի Աստծուն, որ ուղարկեր ինչ–որ մեկին, որ օգներ ինձ, և հետո ես դռան թակոց լսեցի։ Նա լսեց իմ ձայնը և ձեզ ուղարկեց»։ Տնից տուն ծառայության արդյունքները ցույց են տալիս, որ ծառայության այս ձևի մեջ Եհովայի աջակցությունը կա (Մատթ. 11։19, ՆԱ)։ Թող որ տնից տուն քարոզելը քո ծառայության անբաժանելի մասը լինի։