Պատանիներ, որոնք փայլում են լուսատուների պես
1 Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Դուք աշխարհի լոյսն էք» (Մատթ. 5։14, 16)։ Նրանք պետք է աչքի ընկնեին ինչպես բլրի գագաթին գտնվող մի քաղաք, որը փայլում է արևի շողերի տակ։ Այսօր շատ պատանի քրիստոնյաներ իրենց լավ վարքի և եռանդուն վկայության շնորհիվ «փայլ[ում են] ինչպէս լուսատուներն աշխարհում» (Փիլիպ. 2։15, ԷԹ; Մաղ. 3։18)։
2 Դպրոցում։ Ինչպե՞ս կարող ես վկայություն տալ դպրոցում։ Որոշ պատանիներ առիթներ են ունեցել վկայություն տալու դասարանային քննարկումների ժամանակ, երբ քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ թմրադեղերը, էվոլյուցիան, Հոլոքոստը. սրանք թեմաներից ընդամենը մի քանիսն են։ Մի քույր, որն առաջադրանք էր ստացել ահաբեկչության վերաբերյալ շարադրություն գրելու, օգտագործեց այդ առիթը և վկայություն տվեց Աստծու Թագավորության մասին, որը իրական հույս է տալիս մարդկությանը։ Ուսուցչուհուն մեծապես տպավորեց քրոջ լավ մտածված շարադրությունը, և դա հետագայում վկայություն տալու դուռ բացեց։
3 Դու կարող ես փայլել ինչպես լուսատու նաև քո վարքի և հագուկապի շնորհիվ (Ա Կորնթ. 4։9; Ա Տիմոթ. 2։9)։ Երբ աշակերտները և ուսուցիչները տեսնեն, որ դու տարբերվում ես մյուսներից, նրանցից ոմանք գուցե գան դեպի ճշմարտությունը՝ նկատելով քո լավ վարքը, և այդպիսով դու հնարավորություն կունենաս Աստվածաշնչի ճշմարտությունների մասին պատմելու (Ա Պետ. 2։12; 3։1, 2)։ Աստվածահաճո վարք դրսևորելը միգուցե այդքան էլ հեշտ չլինի, սակայն Եհովան առատապես կօրհնի քեզ այդ հարցում (Ա Պետ. 3։16, 17; 4։14)։ Բարի լուրի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար կարող ես դասամիջոցներին աստվածաշնչային գրականություն ընթերցել կամ այդ հրատարակությունները թողնել այնտեղ, որտեղ ուրիշները կկարողանան տեսնել։
4 Երբ թույլ ես տալիս, որ քո լույսը լուսավորի դպրոցում, ամրանում է հավատդ և աստիճանաբար հպարտության առողջ զգացում է քո մեջ առաջանում Եհովայի ծառայության հանդեպ (Երեմ. 9։24)։ Դա նաև պաշտպանություն է քեզ համար։ Մի քույր ասում է. «Իմ հավատալիքների մասին պատմելու օգուտներից մեկն այն է, որ համադասարանցիներս չեն փորձում ճնշում բանեցնել ինձ վրա, որ անեմ բաներ, որոնք հակասում են Աստվածաշնչին»։
5 Ընդարձակել ծառայությունը։ Մեկ այլ կերպը, որով պատանիները փայլում են ինչպես լուսատուներ, իրենց ծառայությունն ընդարձակելն է։ Մի եղբայր դպրոցն ավարտելուց հետո ցանկացավ ծառայել այնպիսի մի վայրում, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կար։ Նա սկսեց ծառայել մի փոքրիկ ժողովում, որտեղ միայն մեկ երեց կար։ «Այստեղ շատ լավ է,— գրում է նա իր ընկերներից մեկին։— Ծառայությունն այնքա՜ն թարմացուցիչ է։ Մենք մոտ 20 րոպե զրուցում ենք յուրաքանչյուր դռան մոտ, քանի որ մարդիկ տրամադրված են լսելու մեզ»։ Ապա շարունակում է. «Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր պատանի նման ծառայություն կատարի և զգա այն, ինչ ես եմ զգում։ Եհովային մեր ողջ ունեցածով ծառայելուց ավելի լավ բան չկա»։
6 Պատանինե՛ր, որքա՜ն ենք հպարտանում ձեզանով, որ փայլում եք այս աշխարհում ինչպես լուսատուներ (Ա Թեսաղ. 2։20)։ Ծառայելով Եհովային ձեր ամբողջ սրտով, հոգով, մտքով և զորությամբ՝ դուք կստանաք «հարիւրապատիկ[ը] հիմա այս ժամանակումը.... եւ գալու աշխարհքումը՝ յաւիտենական կեանքը» (Մարկ. 10։29, 30; 12։30)։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Ինչպե՞ս է Աստվածաշունչը ցույց տալիս, որ քրիստոնյաները պետք է տարբերվեն մյուսներից, և ինչպե՞ս են այդ խոսքերն այսօր վերաբերում պատանի քրիստոնյաներին։
2. Ի՞նչ առիթներ կարող ես օգտագործել ուսուցիչներիդ և համադասարանցիներիդ վկայություն տալու համար։
3. Ինչպե՞ս կարող է քո լույսը լուսավորել դպրոցում վարքիդ շնորհիվ։
4. Որո՞նք են դպրոցում վկայություն տալու օգուտներից մի քանիսը։
5. ա) Ինչպե՞ս են որոշ պատանիներ ընդարձակում իրենց ծառայությունը։ բ) Հոգևոր ի՞նչ նպատակներ ունես դու։
6. Ինչո՞ւ եք հպարտանում ձեր ժողովի պատանիներով։