Օգնենք ուրիշներին սրտանց հնազանդվել
1 Հնազանդությունը կարևոր պայման է Եհովային ընդունելի երկրպագություն մատուցելու համար (Բ Օրին. 12։28; Ա Պետ. 1։14–16)։ Շուտով Աստված իր դատաստանը կբերի նրանց վրա, ովքեր «Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում .... աւետարանին» (Բ Թեսաղ. 1։8)։ Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին «սրտով հնազանդ[վել]» Աստծու Խոսքի ուսմունքներին (Հռովմ. 6։17)։
2 Օգնելով հավատ և սեր զարգացնել։ Գրություններում հնազանդությունը սերտորեն կապված է հավատի հետ։ Պողոս առաքյալը խոսեց այն մասին, որ հավիտենական Աստված հրաման է տվել հավատով հնազանդվելու վերաբերյալ (Հռովմ. 16։26)։ Եբրայեցիս 11–րդ գլխում հիշատակվում է շատերի մասին, ովքեր հավատ ցուցաբերելու հարցում լավ օրինակ են եղել, որոնցից շատերը վարվել են Եհովայի՝ հստակորեն արտահայտված կամքին ներդաշնակ (Եբր. 11։7, 8, 17)։ Իսկ անհնազանդությունը կապ ունի հավատ չունենալու հետ (Յովհ. 3։36; Եբր. 3։18, 19)։ Մենք պետք է հմտանանք Աստծու Խոսքը գործածելու մեջ, որպեսզի կարողանանք օգնել ուրիշներին այնպիսի հավատ զարգացնել, որը մղում է հնազանդության (Բ Տիմոթ. 2։15; Յակ. 2։14, 17)։
3 Հնազանդությունը նաև կապ ունի Աստծուն սիրելու հետ (Բ Օրին. 5։10; 11։1, 22; 30։15, 16)։ «Սա է Աստուծոյ սէրը,— կարդում ենք Ա Յովհաննէս 5։3–ում,— որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն»։ Ինչպե՞ս կարող ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին, որ Եհովայի հանդեպ սեր զարգացնեն։ Ուսումնասիրության ժամանակ հնարավորություններ փնտրիր, որպեսզի օգնես անհատին երախտագիտություն զարգանացնելու Եհովայի հատկությունների նկատմամբ։ Արտահայտիր Աստծու հանդեպ ունեցած քո անձնական զգացումները։ Օգնիր ուսումնասիրողին խորհրդածել Եհովայի հետ անձնական փոխհարաբերություններ զարգացնելու մասին։ Առաջին հերթին սերը Եհովայի հանդեպ կմղի մարդկանց, ինչպես նաև մեզ սրտանց հնազանդվել նրան (Մատթ. 22։37)։
4 Մեր օրինակով։ Զորավոր միջոցներից մեկը, որով կարող ենք խրախուսել մյուսներին հնազանդվել բարի լուրին, մեր անձնական օրինակն է։ Սակայն մշտական ջանքեր են պահանջվում մեզանից «հնազանդ սիրտ» (ՆԱ) զարգացնելու համար (Գ Թագ 3։9; Առակ. 4։23)։ Ինչպե՞ս կարելի է դա անել։ Սիրտդ լցրու հոգևոր սննդով՝ Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություն կատարելով և ժողովի հանդիպումներին հաճախելով (Սաղ. 1։1, 2; Եբր. 10։24, 25)։ Փնտրիր այն անհատների ընկերակցությունը, որոնց սրտերը միաբանված են ճշմարիտ երկրպագության մեջ (Առակ. 13։20)։ Սրտանց ցանկանալով օգնել ձեր տեղանքում բնակվող մարդկանց՝ կանոնավորաբար մասնակցիր քարոզչական ծառայությանը։ Աղոթքով Եհովայից օգնություն խնդրիր, որ նա օրհնի բարի սիրտ զարգացնելու քո ջանքերը (Սաղ. 86։11)։ Խուսափիր այնպիսի բաներից, որոնք կարող են ապականել քո սիրտը, օրինակ՝ անբարոյական կամ բռնությամբ լի զվարճությունները։ Հետամուտ եղիր այնպիսի բաների, որոնք ավելի են մոտեցնում քեզ Աստծուն և ամրացնում նրա հետ քո փոխհարաբերությունները (Յակ. 4։7, 8)։
5 Եհովան իր վաղեմի ծառաներին հավաստիացրեց, որ նրանք առատ օրհնություններ կստանային, եթե լսեին իր ձայնին (Բ Օրին. 28։1, 2)։ Այսօր էլ Եհովան առատապես օրհնում է նրանց, ովքեր հնազանդվում են իրեն (Գործք 5։32)։ Ուրեմն եկե՛ք մեր անձնական օրինակով, ինչպես նաև ուսուցանելով օգնենք մարդկանց սրտանց հնազանդվել։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Ի՞նչ է պահանջում Եհովան իր երկրպագուներից։
2. Ինչո՞ւ է կարևոր օգնել ուրիշներին ամուր հավատ զարգացնել։
3. ա) Ինչպե՞ս է հնազանդությունը կապված սիրո հետո։ բ) Ինչպե՞ս կարող ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին սեր զարգացնել Եհովայի հանդեպ։
4. ա) Ինչո՞ւ է կարևոր մեր անձնական օրինակը։ բ) Ի՞նչ պետք է անենք «հնազանդ սիրտ» զարգացնելու համար։
5. Ինչպե՞ս են հնազանդ անհատները օրհնություններ ստանում։