Օգնեք ձեր երեխաներին առաջադիմել ծառայության մեջ
1 Քրիստոնյա ծնողների վրա լուրջ պատասխանատվություն է դրված սովորեցնելու իրենց երեխաներին մասնակցել ծառայությանը դեռևս փոքր հասակից։ Դա կարելի է անել տարբեր կերպերով։ Որոշ երեխաներ կարող են անգիր ասել համապատասխան սուրբգրային համարը նույնիսկ նախքան կարդալ իմանալը։ Սա կարող է մեծ տպավորություն թողնել լսողների վրա։ Մեծանալով՝ երեխաները կարող են նույնիսկ ավելի շատ բան անել ծառայության մեջ։ Ծնողնե՛ր, ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին, որ նրանք մասնակցեն վկայություն տալու գործին։ Ներքոհիշյալ առաջարկները գուցե օգնեն ձեզ այդ հարցում։
2 Տանտիրոջը ողջունելուց հետո կարող ես ասել.
◼ «Իմ որդին [նրա անունը] գիտի մի իմաստալից աստվածաշնչային համար, որը նա կցանկանար ներկայացնել ձեզ»։ Երեխան կարող է ասել. «Սաղմոսներում գրված այս համարից ես սովորել եմ Աստծու անունը։ [Երեխան կարդում է կամ անգիր ասում Սաղմոս 83։18–ը։] Այս պարբերագրերում խոսվում է այն մասին, թե ինչ է Եհովա Աստված անելու մեզ համար։ Կարելի՞ է թողնել դրանք ձեզ»։ Ծնողը կարող է ավարտել զրույցը՝ բացատրելով, թե ինչպես է իրականացվում համաշխարհային քարոզչական գործը։
3 Կամ էլ կարող ես այս մոտեցումը փորձել.
◼ «Բարև ձեզ։ Ես իմ աղջկան [նրա անունը] սովորեցնում եմ հոգատարություն ցույց տալ մարդկանց հանդեպ։ Նա կցանկանար մի կարճ աստվածաշնչային լուր հայտնել ձեզ»։ Երեխան կարող է ասել. «Ես մարդկանց օգնում եմ նրանով, որ պատմում եմ ապագայի վերաբերյալ Աստվածաշնչի տված հույսի մասին։ [Երեխան կարդում է կամ անգիր ասում Յայտնութիւն 21։4–ը։] Այս պարբերագրերում խոսվում է այն մասին, թե ինչ է անելու Աստծու Թագավորությունը մեզ համար։ Կարծում եմ՝ դրանք ձեզ դուր կգան»։
4 Միշտ պարզ մատուցումներ գործածելով՝ երեխաները վստահություն են ձեռք բերում, որ կարո՛ղ են Թագավորության բարի լուրը պատմել մարդկանց։ Մատուցումները կրկնելով, որոնց ժամանակ լավ կլինի հատուկ ուշադրություն դարձնել հստակ և բավականաչափ բարձր խոսելու վրա՝ նրանք պատրաստված կլինեն խոսելու տարբեր իրավիճակներում։ Լավ նախապատրաստվելը և գովասանքի անկեղծ խոսքերը կօգնեն նրանց արտահայտել իրենց հավատը։
5 Նման քաջալերության շնորհիվ շատ երեխաներ կարողացել են համապատասխանել չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին։ Ի՜նչ մեծ ուրախություն է տեսնել, թե ինչպես են մեր երեխաները առաջադիմում քրիստոնեական ծառայության մեջ (Սաղ. 148։12, 13)։