Հետաքրքրություն զարգացրու պարբերագրերի մատակարարման երթուղու միջոցով
1 Շատ անհատներ, որոնց հանդիպում ենք ծառայության ժամանակ, հաճույքով ընդունում են մեզ և ուրախությամբ վերցնում մեր գրականությունը, սակայն վարանում են Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություն սկսել։ Այդ անհատների հետաքրքրությունը զարգացնելու կերպերից մեկը նրանց պարբերագրերի մատակարարման երթուղու մեջ ընդգրկելն է։ Երբ պարբերագրեր ես թողնում, գրի առ անհատի անունը և հասցեն, այցելության օրը, տրված պարբերագրերի անվանումները և քննարկված սուրբգրային համարը, նաև ցանկացած բան, որ նկատել ես և որից կարող ես իմանալ, թե ինչն է հետաքրքրում նրան։ Պարբերագրի նոր համարները ստանալիս փնտրիր այնպիսի մտքեր, որոնք կհետաքրքրեն քո երթուղու մեջ ընդգրկված անհատներին, և նրանց այցելելիս հիշատակիր այդ մտքերի մասին (Ա Կորնթ. 9։19–23)։ Ժամանակի ընթացքում գուցե մեր պարբերագրերում կարդացած ինչ–որ միտք արթնացնի նրանց հետաքրքրությունը, և նրանց մեջ ավելին իմանալու ցանկություն առաջանա։
2 Մենք ընդունում ենք, սակայն, որ մարդկանց մեծամասնությունը Եհովայի ծառա չի դառնա՝ պարզապես մեր պարբերագրերն ինքնուրույն ընթերցելով։ Քանի որ այսօր հրատապ է, որ մարդիկ փնտրեն Եհովային, ուրիշ ի՞նչ կարող ենք անել նրանց օգնելու համար (Սոփ. 2։2 ՆԱ, 3; Յայտն. 14։6, 7)։ Մարդկանց հետաքրքրությունը զարգացնելու համար կարող ենք յուրաքանչյուր այցելության ժամանակ պարբերագրերը տալիս կարդալ ուշադրությամբ ընտրված սուրբգրային որևէ համար։
3 Մեկ սուրբգրային համարով քննարկումներ։ Մտածիր պարբերագրերի մատակարարման քո երթուղու մեջ ընդգրկված անհատների մասին և պատրաստիր մեկ սուրբգրային համարով իրար հաջորդող մի շարք քննարկումներ՝ յուրաքանչյուր անհատի կարիքներին համապատասխան (Փիլիպ. 2։4)։ Օրինակ՝ եթե որևէ մեկը վերջերս կորցրել է իր հարազատին, հաջորդ մի քանի այցելությունների ժամանակ կարող ես քննարկել, թե ինչ է Աստվածաշունչն ասում մահացածների վիճակի և հարության հույսի մասին։ Կարելի է օգտվել «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» գրքույկից՝ մեկ սուրբգրային համարով քննարկումներ պատրաստելու համար։ Այնուհետև կարելի է քննարկել այդ թեմայի հետ կապված ուրիշ հարցեր, օրինակ՝ թե ինչպես են ամբողջությամբ վերանալու հիվանդությունները, ծերությունը և մահը։ Մեր նպատակն է պարզել, թե ինչն է հետաքրքրում անհատին, և աստիճանաբար ցույց տալ, թե ինչ է Աստվածաշունչն ասում այդ մասին։
4 Օգնիր հասկանալ։ Թեև ցանկալի է, որ մեկ համարով քննարկումները լինեն պարզ ու հակիրճ, ավելին է պահանջվում, քան պարզապես մեր ընտրած սուրբգրային համարն ընթերցելը։ Սատանան կուրացրել է մարդկանց սրտերը, որ նրանք չընդունեն բարի լուրը (Բ Կորնթ. 4։3, 4)։ Նույնիսկ նրանք, ովքեր ծանոթ են Աստվածաշնչին, այն հասկանալու համար օգնության կարիք ունեն (Գործք 8։30, 31)։ Ուստի, ժամանակ տրամադրիր բացատրելու և օրինակի օգնությամբ պարզաբանելու համարը, ինչպես որ կանեիր Աստվածապետական ծառայության դպրոցում ելույթ ունենալիս (Գործք 17։3)։ Հավաստիացիր, որ անհատը հասկանում է իր կյանքում Աստծու Խոսքի ունեցած գործնական արժեքը։
5 Եթե անհատին դուր է գալիս այն, ինչ նա սովորում է, ապա աստիճանաբար ընդարձակիր քննարկումները՝ ընդգրկելով երկու կամ երեք սուրբգրային համար։ Հնարավորություն փնտրիր ներկայացնելու «Աստված պահանջում է» գրքույկը կամ «Գիտություն» գիրքը։ Այդպիսով՝ պարբերագրերի մատակարարման երթուղու մեջ ընդգրկված անհատը գուցե ի վերջո սկսի ուսումնասիրել Աստվածաշունչը։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Ինչպե՞ս կարող ենք պարբերագրերի մատակարարման երթուղու միջոցով զարգացնել մարդկանց հետաքրքրությունը։
2. Ինչո՞ւ է այսօր հրատապ, որ մարդիկ փնտրեն Եհովային, և ուրիշ ի՞նչ կարող ենք անել նրանց օգնելու համար։
3. ա) Ինչպե՞ս կարող ենք մեկ սուրբգրային համարով իրար հաջորդող քննարկումներ պատրաստել։ բ) Ո՞ր թեմաներն են հատկապես հետաքրքրում ձեր տարածքում ապրող մարդկանց։
4. Ինչո՞ւ է կարևոր օգնել անհատին հասկանալ սուրբգրային համարները, և ինչպե՞ս կարող ենք դա անել։
5. Ինչպե՞ս կարող է պարբերագրերի մատակարարման երթուղու մեջ ընդգրկված անհատը սկսել ուսումնասիրել Աստվածաշունչը։