Ընտանեկան գրաֆիկ. ծառայություն ընտանիքի անդամների հետ միասին
1 Եհովան ուրախանում է, երբ տեսնում է, որ երիտասարդները փառաբանում են իր անունը (Սաղ. 148։12, 13)։ Հիսուսի օրերում նույնիսկ ‘մանուկներն ու կաթնակերներն’ էին փառաբանում Աստծուն (Մատթ. 21։15, 16)։ Նույնը տեղի է ունենում մեր օրերում։ Ծնողնե՛ր, ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին, որպեսզի նրանք դառնան Եհովայի անվան ժրաջան փառաբանողներ ծառայության մեջ։ Ինչպես նշվեց ժողովի հանդիպումների վերաբերյալ հոդվածում, դա կարող ես անել գլխավորապես քո օրինակով։ Մի հայր արտահայտեց բազմաթիվ ծնողների կարծիքը՝ ասելով. «Երեխաներն անում են այն, ինչ դու ես անում, և ոչ թե այն, ինչ դու ասում ես»։
2 Մի քույր, որը մեծացել է քրիստոնեական ընտանիքում, պատմում է. «Շաբաթ օրերը արթնանալով՝ մենք երբեք չէինք հարցնում, թե գնալու ենք արդյոք ծառայության։ Մենք գիտեինք, որ գնալու ենք»։ Դու նույնպես կարող ես օգնել երեխաներիդ հասկանալ, թե որքան կարևոր է քարոզչական գործը, և դա կարող ես անել՝ ընտանիքիդ անդամների հետ միասին ամեն շաբաթ ծառայության մասնակցելու գրաֆիկ հաստատելով։ Այդպիսով ոչ միայն ձեր երեխաներն են սովորում ձեր օրինակից, այլև դուք եք տեսնում, թե ինչ վերաբերմունք, պահելաձև և ունակություններ են զարգացնում նրանք։
3 Աստիճանաբար կրթիր երեխաներիդ։ Որպեսզի երեխաները հաճույք ստանան ծառայությունից, նրանք պետք է նախապատրաստված լինեն, ինչը կօգնի նրանց արդյունավետորեն մասնակցել ծառայությանը։ Նախորդ պարբերության մեջ հիշատակված քույրը նաև ասում է. «Մենք պարզապես ուղեկիցներ չէինք մեր ծնողների համար նրանց կատարած գործում։ Մենք գիտեինք, որ մենք էլ բաժին ունենք այդ գործում, նույնիսկ եթե դա լիներ միայն զանգը տալը կամ տեղեկատու թերթիկ թողնելը։ Յուրաքանչյուր շաբաթվա գործունեությանը հանգամանորեն նախապատրաստվելով՝ մենք գիտեինք, թե ինչ էինք ասելու»։ Երեխաներիդ այսպիսի ուսուցում տալու համար կարող ես ամեն շաբաթ մի քանի րոպե տրամադրել նրանց ծառայությանը նախապատրաստելուն, ինչը կարելի է անել կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ, կամ մեկ ուրիշ հարմար պահի։
4 Ընտանիքով միասին ծառայելը ձեզ լրացուցիչ հնարավորություն է տալիս ճշմարտությունը ձեր երեխաների մեջ արմատավորելու։ Մի քրիստոնյա հայր իր աղջկան միշտ տանում էր իր հետ, երբ գնում էր հարևան շրջանում ապրող գյուղացիներին թերթիկներ բաժանելու՝ միայն տեղ հասնելու համար անցնելով 10 կիլոմետր։ Նրա աղջիկը պատմել է. «Այդ ճամփորդությունների ժամանակ է, որ հայրս ճշմարտությունը արմատավորել է իմ սրտում» (Բ Օրին. 6։7)։ Թող որ դուք էլ օրհնություններ ստանաք՝ քարոզչական ծառայությունը ձեր ընտանեկան գրաֆիկի մի մասը դարձնելով։