Բոլոր տեսակի մարդիկ կփրկվեն
1 Աստծու անարժան բարությունը փրկության ճանապարհ է բացել մարդկանց առաջ։ Եհովան «կամենում է որ ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան» (Ա Տիմոթ. 2։3, 4)։ Աստծու առջև մեր ունեցած դիրքը կախված է ոչ թե մեր ռասայից, հասարակության մեջ ունեցած դիրքից, մեր ընդունակություններից կամ արտաքինից, այլ Հիսուսի քավիչ զոհաբերությանը հավատ ընծայելուց (Յովհ. 3։16, 36)։ Լինելով Աստծու գործակիցները՝ մենք պետք է ազատվենք ցանկացած նախապաշարումից, որը կարող է մեզ դրդել մերժելու այն մարդկանց, ում Եհովան ցանկանում է ընդունել։
2 Խուսափիր դատապարտելուց։ Եհովան նայում է մարդկանց ներքին անձնավորությանը, և նա դա անում է առանց չարամտության և կողմնապահության (Ա Թագ. 16։7)։ Նա նաև տեսնում է, թե ինչպիսի անձնավորություններ կարող են նրանք դառնալ։ Հետևաբար նա իրեն հաճեցնել ձգտող անհատներին համարում է ցանկալի անձնավորություններ (Անգէ 2։7)։ Իսկ մենք ունե՞նք մարդկանց վերաբերյալ այնպիսի տեսակետ, ինչպիսին որ Աստված ունի։
3 Որոշ մարդիկ, ում հանդիպում ենք ծառայության ժամանակ, իրենց արտաքինով գուցե տհաճ տպավորություն թողնեն մեզ վրա։ Գուցե նրանք կոկիկ հագնված չլինեն կամ անպարկեշտ հագուստով լինեն, չխնամված մորուք ունենան, քթին կամ լեզվին՝ օղ։ Ոմանք թերևս անտուն լինեն։ Մյուսները գուցե կոպիտ վերաբերվեն մեզ։ Փոխանակ մտածելու, որ այդպիսի մարդիկ թերևս երբեք չեն դառնա Եհովայի երկրպագուներ՝ մենք պետք է դրական տրամադրվածություն ունենանք, «որովհետեւ մենք էլ էինք մի ժամանակ անմիտ, անհնազանդ, [ու] մոլորած» (Տիտոս 3։3)։ Գիտակցելով դա՝ մենք հաճույքով կքարոզենք բոլորին, նույնիսկ նրանց, որոնց արտաքինը տեսնելով՝ կարծում ենք, թե անարժան են։
4 Օրինակներ՝ առաջին դարից։ Հիսուս Քրիստոսը ժամանակ հատկացրեց օգնելու նրանց, ովքեր, ուրիշների կարծիքով, անհուսալի վիճակում էին (Ղուկ. 8։26–39)։ Թեև Հիսուսը երբեք չէր արդարացնում սխալ գործերը, սակայն նա գիտեր, որ մարդիկ կյանքում կարող էին սխալվել (Ղուկ. 7։37, 38, 44–48)։ Ուստի նա հասկացողություն դրսևորեց մարդկանց հանդեպ և «գթաց [նրանց]. որովհետեւ հովիւ չ’ունեցող ոչխարների պէս էին» (Մարկ. 6։34)։ Կարո՞ղ ենք ավելի լավ ընդօրինակել նրան։
5 Պողոս առաքյալը քարկոծվեց, ծեծերի ենթարկվեց և բանտարկվեց (Գործք 14։18; 16։22, 23)։ Արդյո՞ք կյանքում պատահած այսպիսի դաժան դեպքերը պատճառ եղան, որ նա դառնանար և եզրակացներ, թե որոշակի ազգերի և էթնիկական խմբերի քարոզելը ուղղակի ժամանակի կորուստ է։ Ո՛չ։ Նա գիտեր, որ բոլոր էթնիկական խմբերում էլ կան անկեղծ սրտով անհատներ և վճռականորեն տրամադրված էր գտնելու նրանց։ Արդյոք մենք էլ նույն տեսակետն ունե՞նք մեր տարածքում ապրող այն մարդկանց մասին, ովքեր տարբեր ծագում ունեն և այլ մշակույթներից են։
6 Լավ ընդունելություն՝ այսօր։ Աստծու ժողովրդին պատկանող շատ մարդիկ ուրախ են, որ երբ առաջին անգամ ժողով են եկել, եղբայրներն ու քույրերը լավ ընդունելություն են ցույց տվել իրենց՝ չնայած իրենց վատ արտաքին տեսքին։ Գերմանիայում չխնամված մորուքով, մինչև ուսերը հասնող մազերով և կեղտոտ հագուստով մի մարդ եկավ Թագավորության սրահ։ Նա վատ համբավի տեր էր։ Ժողովում նրան ջերմ ընդունելություն ցույց տրվեց, ու նա այնքան տպավորվեց, որ հաջորդ շաբաթ կրկին եկավ ժողովի հանդիպման։ Կարճ ժամանակ անց նա կարգի բերեց իր արտաքինը, դադարեց ծխելուց և օրինականացրեց իր ամուսնությունը։ Շուտով նա, իր կինը և նրանց երեխաները սկսեցին ծառայել Եհովային որպես միասնական ընտանիք։
7 Եկեք ընդօրինակենք մեր անկողմնապահ Աստծուն և բոլոր մարդկանց հրավիրենք օգուտներ քաղելու Աստծու անարժան բարությունից։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Ինչի՞ց է կախված Աստծու առջև մեր ունեցած դիրքը։
2, 3. Ի՞նչը կարող է օգնել մեզ մարդկանց չդատել նրանց արտաքինի հիման վրա։
4, 5. Ի՞նչ ենք սովորում Հիսուսի և Պողոսի օրինակներից։
6. Մեր վերաբերմունքը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել ժողովի հանդիպումներին եկած նոր անհատների վրա։
7. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել մեր անկողմնապահ Աստծուն։
[Շրջանակ 3–րդ էջի վրա]
«Աստուած աչառ չէ. այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան» (Գործք 10։34, 35)