Եհովայի վկաների 2005 թվականի «Աստվածահաճո հնազանդություն» մարզային համաժողովը
1 Եհովա Աստված՝ լինելով մեր Մեծ Խրատողը, միջոցներ է ձեռնարկում, որ մենք հավաքույթներ ունենանք, որտեղ կարող ենք իր ճանապարհները սովորել (Ես. 30։20 ՆԱ, 21; 54։13)։ Նա իրագործում է դա հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի միջոցով, որը կազմակերպում է այնպիսի հանդիպումներ, ինչպիսիք են, օրինակ, մեր տարեկան մարզային համաժողովները (Մատթ. 24։45–47)։ Մենք նույն տրամադրվածությունն ունենք, ինչ որ սաղմոսերգու Դավիթը, որը երգեց. «Կ’օրհնեմ Տիրոջը ժողովուրդների մէջ» (Սաղ. 26։12)։ Դավիթը լիովին հասկանում էր Եհովայից ուսված լինելու արժեքը և որոշել էր լինել նրա ծառաների հետ, երբ էլ որ նրանք միասին հավաքվեին։
2 Իսկ դու կլինե՞ս այն «ժողովուրդների մէջ», որոնք այս տարի այցելելու են «Աստվածահաճո հնազանդություն» անվանումը կրող մարզային համաժողովը։ Եթե այո, այդ դեպքում ներքոհիշյալ տեղեկությունը օգտակար կլինի այդ համաժողովին ներկա լինելու համար պատրաստություններ տեսնելիս։
3 Այսօրվանից իսկ ծրագրիր բոլոր երեք օրերին էլ ներկա լինել։ «Աշխատասէր մարդուն ծրագիրները իրաւամբ առատութիւն կը բերեն» (Առակ. 21։5, ԱԱ)։ Մի՞թե այս խոսքերը ցույց չեն տալիս, որ կարևոր է առանց հետաձգելու պլանավորել ներկա գտնվելու համաժողովին։ Վստահ լինելու համար, որ բաց չես թողնի հոգևորապես թարմացնող ծրագրի ոչ մի մաս, իմաստություն կդրսևորես, եթե այսօրվանից իսկ անհրաժեշտ քայլեր ձեռք առնես, որպեսզի ներկա լինես բոլոր երեք օրերին։ Եթե հարկ է խնդրել գործատիրոջդ, որ թույլ տա քեզ աշխատանքից բացակայել, ապա դա արա առանց հապաղելու։ Եթե անհրաժեշտություն կա, որ ծրագրերդ քննես քո համոզմունքները չկիսող կողակցիդ հետ, դա մի թող վերջին րոպեին։ Ինչպիսի դժվարությունների էլ որ հանդիպես, աղոթիր այդ մասին Եհովային՝ վստահ լինելով, որ նրա օգնությամբ քո ծրագրերը «կ’հաստատուին» (Առակ. 16։3)։ Բացի այդ, լավ կլինի, որ օգնես նրանց, ում հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, որ նրանք էլ պատրաստություններ տեսնեն ներկա լինելու ծրագրի յուրաքանչյուր մասի։
4 Կացարաններ։ Որպեսզի դու հարմարավետ կացարան գտնես, արդեն միջոցներ են ձեռնարկվել համաժողովի անցկացման քաղաքներից յուրաքանչյուրում։ Շատ քաղաքներում տարեցտարի ավելի դժվար է դառնում պայմանավորվել հանրակացարանների ղեկավարության հետ ոչ թանկ կացարանների համար։ Ուստի համաժողովի պատվիրակները կարող են նախօրոք դրամ կուտակել, որպեսզի կարողանան սենյակ վարձել սովորական հյուրանոցներում (Ա Կորնթ. 16։2)։ «Առաջարկվող կացարանների ցուցակը», որում նշված են հյուրանոցները, կփակցվի ձեր ժողովի հայտարարությունների տախտակին այն բանից հետո, երբ Ծառայողական հանդիպմանը քննարկվի այս հոդվածը։ Խնդրում ենք, որ կացարան պատվիրես միայն ցուցակում նշված հյուրանոցներում և համաձայնություն տաս վճարելու միայն նշված գինը։ Քո համագործակցության շնորհիվ մասնաճյուղը կկարողանա շարունակել բարձրակարգ հյուրանոցներում ցածր գներով կացարաններ պատվիրել։ Հիշիր, որ անպայման չէ, որ բարձրակարգ հյուրանոցները մոտ լինեն համաժողովի անցկացման վայրին։ Նախքան կզանգահարես հյուրանոց՝ կացարան պատվիրելու նպատակով, վերանայիր «Ինչպես կարող ես քո աջակցությունը ցույց տալ կացարանի հետ կապված հարցերում» վերնագրով շրջանակը։ Հյուրանոց զանգահարելիս հետևիր «Ո՞րն է կացարան պատվիրելու լավագույն ձևը» շրջանակում տրված քայլերին։
5 Հատուկ կարիքներ։ Պողոս առաքյալը խոսեց մի քանի եղբայրների մասին, որոնք «զորավիգ» (ՆԱ) եղան իրեն (Կող. 4։7–11)։ Օրինակ՝ նրանք օգնում էին Պողոսին՝ հոգալով նրա անձնական կարիքները։ Համաժողովի հետ կապված հարցերում ինչպե՞ս դու կարող ես «զորավիգ» լինել ուրիշներին։ Տարեց կամ տկար եղբայրներն ու քույրերը, լիաժամ ծառայողները և ուրիշներ գուցե տրանսպորտի կամ կացարանի հետ կապված հարցերում օգնության կարիք ունենան։ Այս անհատների մասին հոգ տանելը առաջին հերթին հարազատների պատասխանատվությունն է (Ա Տիմոթ. 5։4)։ Եթե նրանք ի վիճակի չեն, գուցե հավատակիցները կարողանան օգնել (Յակ. 1։27)։ Գրքի ուսումնասիրության վերակացուները պետք է հետաքրքրվեն, թե իրենց խմբերում ովքեր հատուկ կարիքներ ունեն, և հավաստիանան, որ նրանք նախապատրաստվում են համաժողովին դրանից բավական ժամանակ առաջ։
6 «Կացարանի հայտ՝ հատուկ կարիքներ ունեցողների համար» բլանկը նախատեսված է միայն այն քարոզչի համար, որի ընտանիքի անդամները կամ ժողովը չեն կարող հոգալ նրա կացարանի կարիքը։ Ժողովի Ծառայողական կոմիտեն պետք է քննի տվյալ քարոզչի որակավորումը՝ հիմնվելով բլանկում, ինչպես նաև երեցների խորհրդին ուղարկված 2004 թ. դեկտեմբերի 14–ի նամակում տրված ցուցումների վրա։ Այս միջոցառումը միայն օրինակելի քարոզիչների, նաև նրանց կարգապահ երեխաների համար է։
7 Ուրիշ համաժողով այցելելը։ Որպեսզի նստելու բավականաչափ տեղեր, գրականություն, կացարաններ և այլ բաներ լինեն, քարոզիչներին հորդոր է տրվում գնալ այն համաժողովը, որին որ իրենց ժողովը հրավիրված է։ Եթե հանգամանքները ստիպում են ուրիշ համաժողով գնալ, խնդրում ենք, դիմիր ժողովի քարտուղարին, որպեսզի նա քեզ տա այն համաժողովի հասցեն, որը այցելելու ես։ Այդ հասցեն տրված է «Կացարանի հայտ՝ հատուկ կարիքներ ունեցողների համար» բլանկի հակառակ կողմում։ Խնդրում ենք, կացարանի մասին քո հարցումը մի ուղարկիր մասնաճյուղի հասցեով, նույնիսկ եթե պլանավորում ես համաժողով այցելել Սանկտ Պետերբուրգում։ Անպայման ծրարի մեջ դիր հետադարձ հասցեով ու նամականիշով ծրար և «Առաջարկվող կացարանների ցուցակը» կամ այլ բնույթի տեղեկություն ստանալու մասին քո դիմումը։ Եթե միևնույն քաղաքում անցկացվում են երկուսից ավելի համաժողովներ, նշիր այն համաժողովի ամսաթիվը, որը դու ցանկանում ես այցելել։
8 Կամավորների կարիք կա։ Հիսուսը կատարյալ օրինակ է թողել այն բանում, թե ինչպես, խոնարհություն հանդես բերելով, ուշադիր լինել ուրիշների կարիքների հանդեպ (Ղուկ. 9։12–17; Յովհ. 13։5, 14–16)։ Նրանք, ովքեր կամավորագրվում են ծառայելու համաժողովում, նման ոգի են դրսևորում։ Համաժողովի տարբեր բաժինների գործունեությունն ապահովելու նպատակով Համաժողովի կոմիտեները շուտով կսկսեն հրավիրել եղբայրներին ու քույրերին համագործակցելու իրենց հետ։ Հատկապես կարիք կա, որ երեցները կամավորագրվեն ու հանձնարարություններ ստանան։ Նրանց հոժարակամությունը լավ օրինակ է ծառայում ժողովի բոլոր անդամների համար (Ա Պետ. 5։2, 3)։
9 Ինչ են տեսնում ուրիշները։ Մի հյուրանոցի տնօրինության անդամներից մեկն ասաց. «Դուք մեր ամենացանկալի հաճախորդներից եք։ Դուք շատ լավ վարք ունեք՝ ցանկացած այլ խմբի հետ համեմատած։ Բոլոր սպասուհիներն էլ ասում են, որ լավ վերաբերմունքի են արժանանում ձեր կողմից և շնորհակալ են ձեր տված թեյանվերների համար։ Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է աշխատել այն շաբաթ ու կիրակի օրերին, երբ դուք այստեղ եք լինում»։ Հյուրանոցի մեկ այլ աշխատակից ասաց. «Ուրիշ ոչ մի խմբի հետ այնպես հեշտ չէ աշխատել, ինչպես Եհովայի վկաների»։ Հավանաբար քո օրինակելի վարքը նույնպես նպաստել է, որ մարդիկ այսպիսի մեկնաբանություններ տան։ Պատկերացրու, թե Եհովան, ըստ ամենայնի, ի՜նչ ուրախություն է զգում, երբ տեսնում է, որ մենք մեր վարքով փառք ենք բերում իրեն (Ա Պետ. 2։12)։
10 ‘Հավատարիմ և իմաստուն տնտեսի’ միջոցով Եհովա Աստված միջոցներ է ձեռնարկել, որ իր ժողովուրդը այս ամառ հավաքվի հոգևոր կրթություն ստանալու նպատակով (Ղուկ. 12։42)։ Իհարկե, բոլոր երեք օրերին ներկա լինելու համար պատրաստություններ տեսնելը ջանքեր է պահանջում, սակայն արժե՛ նման պատրաստություններ տեսնել։ Այս տարվա «Աստվածահաճո հնազանդություն» մարզային համաժողովը, անկասկած, մեզ կլցնի էլ ավելի մեծ վճռականությամբ՝ ծառայելու Եհովային այժմ և հավիտյան։ Եկեք հաստատակամորեն հետևենք սաղմոսերգուի կոչին. «Ժողովուրդների մէջ օրհնեցէք Տէր Աստուծուն» (Սաղ. 68։26)։
[Շրջանակ 4–րդ էջի վրա]
Ինչպես կարող ես քո աջակցությունը ցույց տալ կացարանի հետ կապված հարցերում
◼ Օգտվիր միայն այն հյուրանոցներից, որոնք տրված են այս տարվա «Առաջարկվող կացարանների ցուցակում»։ Մի զանգահարիր ցուցակում չնշված հյուրանոցները՝ իմանալու համար, թե չկան արդյոք Եհովայի վկաների համար հատուկ գներ։ Հաճախ այդ հյուրանոցները ասում են, թե իրենք Եհովայի վկաների համար զեղջով սենյակներ ունեն։
◼ Համարում չպետք է ապրի ավելի շատ մարդ, քան թույլատրված է հրդեհային անվտանգության կանոններով։
◼ Եթե ցուցակում եղած ոչ մի հյուրանոցում ազատ համար չկա, կամ հյուրանոցի հետ կապված հարցերում խնդիր ունես, այդ մասին տեղեկացրու քո ժողովի քարտուղարին։ Նա կապ կհաստատի ձեր համաժողովի բնակարանային բաժնի հետ՝ օգտվելով բլանկի վերևում տրված տեղեկությունից։ Խնդրում ենք, սպասիր, մինչև որ ձեր համաժողովի համար վերանայված ցուցակ ուղարկվի, և մի զանգահարիր մեկ այլ հյուրանոց, որը նշված չէ ցուցակում։
◼ Պատվիրիր միայն այն կացարանը, որից իրոք օգտվելու ես։
◼ Կացարանի պատվերը երաշխավորելու համար, եթե պահանջվում է, անհրաժեշտ է հյուրանոցին կանխավճար մուծել յուրաքանչյուր պատվիրված սենյակի համար, այլապես հյուրանոցը կարող է քո պատվիրած սենյակը տալ մեկ ուրիշի։
◼ Մի փոխիր քո սկզբնական պատվերը։
◼ Ժողովի քարտուղարը կարող է պատճենահանել «Առաջարկվող կացարանների ցուցակը» յուրաքանչյուր Գրքի ուսումնասիրության վերակացուի համար (որպեսզի վերջինս այն ցույց տա իր խմբի անդամներին) միայն այն դեպքում, եթե այդ շաբաթ, երբ պետք է կարդացվի մարզային համաժողովի մասին նամակը, ժողովը շրջանային համաժողովի է հրավիրված։ Առանձին քարոզիչների համար կացարանների ցուցակի պատճենահանում չպետք է անել։
[Շրջանակ 4–րդ էջի վրա]
Ո՞րն է կացարան պատվիրելու լավագույն ձևը
1. Հյուրանոցներ զանգահարիր աշխատանքային ժամերին՝ օգտվելով «Առաջարկվող կացարանների ցուցակում» տրված հեռախոսահամարներից։
2. Հյուրանոցի աշխատողներին հայտնիր, որ դու այցելելու ես Եհովայի վկաների համաժողովը։
3. Տեղեկացրու, թե որ օրն ես գալու հյուրանոց և որ օրն ես գնալու հյուրանոցից։
4. Եթե տվյալ հյուրանոցում ազատ համարներ չկան, զանգահարիր ցուցակում տրված մեկ այլ հյուրանոց։
5. Մի՛ համաձայնվիր ավելի բարձր գին վճարել, քան տրված է ցուցակում։
6. Պատվիրիր համարը և խնդրիր հաստատել, որ սենյակը պատվիրված է։
7. Կանխավճարը մուծիր բանկային քարտով կամ փոստային փոխանցումով՝ հաստատված ժամկետում։ Երբեք կանխիկ դրամ մի ուղարկիր։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ որոշ հյուրանոցներ սենյակի վաղօրոք պատվեր ընդունելու համար լրացուցիչ վճար են պահանջում։