Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2004 թ. օգոստոսի 30–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է հուլիսի 5–ով սկսվող շաբաթից մինչև օգոստոսի 30–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ Դասեր
1. Ինչպե՞ս կարող ենք «հեզութեամբ եւ երկիւղածութեամբ [«խոր հարգանքով», ՆԱ]» բացատրել մեր հույսի պատճառը (Ա Պետ. 3։15)։ [2, be, էջ 192, պարբ. 3–5] Ծառայության ժամանակ խելամիտ չի լինի բացահայտել տանտիրոջ տեսակետի թերի կողմերն այնպես, որ նա իր արժանապատվությունը ոտնահարված զգա։ Ավելի լավ կլինի հարցնել նրան, թե ինչու է նա այդպես կարծում, ապա Գրությունների հիման վրա տրամաբանել նրա հետ։ Լսարանի առջև ելույթ ունենալիս չպետք է խիստ քննադատության ենթարկենք ունկնդիրներին կամ մեզ նրանցից բարձր դասենք, այլ պետք է սեր արթնացնենք Աստծո հանդեպ և նրան ծառայելու ցանկություն։
2. Ինչո՞ւ է կարևոր համոզվածությամբ խոսելը (Հռովմ. 8։38, 39; Ա Թեսաղ. 1։5; Ա Պետ. 5։12)։ [3, be, էջ 194] Մարդիկ կարող են տեսնել, որ մենք ամենևին էլ չենք կասկածում մեր խոսքերի ճշմարտացիության մեջ։ Մեր համոզվածությամբ կարող ենք ընդգծել մեր ասելիքի կարևորությունը, նաև այդպիսով կմղենք մարդկանց լրջորեն մոտենալ մեր խոսքերին ու գործել դրանց համաձայն։
3. Ինչպե՞ս է դրսևորվում համոզվածությունը։ [4, be, էջ 195, պարբ. 3–ից մինչև էջ 196, պարբ. 4] Բառերը, որոնցով արտահայտում ենք մեր մտքերը, կարող են բավական ակնառու կերպով ցույց տալ, որ համոզված ենք մեր խոսքերում (Ամբ. 2։3; Յովհ. 5։19, 24, 25; Հռովմ. 8։38; 14։14; Ա Տիմոթ. 2։7)։ Եթե լիովին վստահ լինենք, որ մեր ասածները ճշմարտացի և արժեքավոր են ունկնդիրների համար, ապա մեր դեմքի արտահայտությամբ, ժեստերով և մարմնի շարժումներով կարտացոլենք դա։
4. Ի՞նչ է նրբանկատությունը, ինչո՞ւ է այն կարևոր, և ինչպե՞ս կարող ենք այս հատկությունը հավասարակշռել հաստատակամության հետ (Հռովմ. 12։18)։ [5, be, էջ 197] Նրբանկատությունը մի ունակություն է, որը մարդուն հնարավորություն է տալիս մյուսների հետ վարվել այնպես, որ չվիրավորի նրանց զգացմունքները։ Եթե նրբանկատ լինենք, մարդիկ հակված կլինեն, առանց կանխակալ կարծիքների, լսելու բարի լուրը։ Մենք կարող ենք նրբանկատությունը հավասարակշռել հաստատակամության հետ, եթե հիշենք, որ ոմանք տհաճությամբ կվերաբերվեն մեր աստվածաշնչյան լուրին՝ անկախ այն բանից, թե ինչպես ենք այն մատուցում (Ա Պետ. 2։7, 8)։
5. Ի՞նչ հաշվի կառնի նրբանկատ անձնավորությունը նախքան զրույցը սկսելը (Առակ. 25։11; Յովհ. 16։12)։ [7, be, էջ 199] Նրբանկատ լինել հաճախ նշանակում է հասկանալ, թե տվյալ խոսքը երբ տեղին կլինի ասել։ Հնարավոր է, որ դիմացինի ոչ բոլոր մտքերին համաձայն լինենք, բայց կարիք էլ չկա նրա ամեն մի դատողությունը, որ հակասում է Աստվածաշնչին, քննադատության ենթարկել։ Փոխարենը՝ առարկությունները համարիր որպես հնարավորություն՝ հասկանալու, թե ինչու է տվյալ անհատն այդպես մտածում։ Հնարավորության դեպքում գովիր մարդկանց այն բանի համար, որ այդքան ջերմեռանդ կրոնասեր են (Գործք 17։22)։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ինչպե՞ս կարող են մեր զրույցներն ու Աստվածաշունչն ուսումնասիրելու սովորությունները ցույց տալ, թե որքանով ենք առաջադիմել ճշմարտության մեջ։ [2, be, էջ 74, պարբ. 3–ից մինչև էջ 75, պարբ. 2] Այն անհատները, ովքեր նոր անձնավորություն են հագել, կխուսափեն կեղծավոր, վիրավորական կամ բացասական խոսքեր օգտագործելուց։ Ընդհակառակը՝ նրանց խոսքը ‘շնորհ կտա լսողներին’ (Եփես. 4։24, 25, 29)։ Նրանք, ովքեր խորությամբ հասկացել են ճշմարտությունը, հոգևոր պարտականություններին հատկացված ժամանակը չեն տրամադրում այս աշխարհի առաջարկած նոր գաղափարների, նպատակների կամ զանազան զվարճությունների հետամուտ լինելու համար (Եփես. 3։18; 4։14)։ Մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքը նույնպես կարող է ցույց տալ, թե որքանով ենք առաջադիմել հոգևորապես (Եփես. 4։32)։
7. Ի՞նչ է նշանակում ‘գնել ժամանակը’, և ինչպե՞ս կարող ենք դա անել (Եփես. 5։16)։ [5, w02 15.11, էջ 22, 23] Նշանակում է ‘գնել’ այն ժամանակը, որ ծախսվում է ոչ կարևոր գործերի վրա, և այն օգտագործել ավելի օգտավետ կերպով։ Ավելի քիչ ժամանակ տրամադրելով հեռուստացույց դիտելուն, Ինտերնետում փնտրտուքներ կատարելուն, որևէ աշխարհիկ գրականություն ընթերցելուն կամ էլ հանգստին ու զվարճություններին՝ մենք ավելի շատ ժամանակ կունենանք կարևոր բաների համար (Փիլիպ. 1։9, 10)։ Այդ կարևոր բաների մեջ է մտնում Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը, ինչը նպաստում է մեր հոգևոր աճին և Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ հաստատելուն (Սաղ. 1։1–3)։
8. Ինչպե՞ս են Գրությունները հստակ կերպով ցույց տալիս, որ բոլոր մարդիկ հավասար են Աստծո առջև, և ինչպե՞ս պետք է այս փաստը անդրադառնա մեր ծառայության վրա։ [6, w02 01.01, էջ 5, 7] Գործք 17։26–ում կարդում ենք. «[Ատված] մէկ արիւնից մարդկանց բոլոր ազգերն արաւ»։ Արարիչը աչառություն չի անում՝ հիմնվելով հասարակության մեջ մարդկանց ունեցած դիրքի կամ նրանց հանգամանքների վրա (Յոբ 34։19)։ Մահանալով՝ բոլոր մարդիկ հավասար վիճակում են գտնվում (Սաղ. 49։10; Ժող. 9։5, 10)։ Յուրաքանչյուր անհատ, ով հավատում է Հիսուս Քրիստոսին, հնարավորություն ունի հավիտենական կյանք ստանալու (Յովհ. 3։16)։ Այս ամենը պետք է մղի մեզ բարի լուրը հաղորդել ‘բոլոր մարդկանց’ (ԷԹ)՝ առանց խտրականության (Ա Տիմոթ. 2։4)։
9. Ի՞նչ նշանակություն ունի Արարչի անզուգական Եհովա անունը։ [7, w02 15.01, էջ 5] Աստծո անվան բառացի նշանակությունն է՝ «նա դարձնում է»։ Այն վկայում է, որ Եհովան հանդիսանում է նա, ում անհրաժեշտությունը կա՝ իր նպատակներն իրականացնելու համար (Ելից 3։14)։ Դա կարելի է տեսնել այն բազմազան տիտղոսներից, որ ունի Եհովան (Դատ. 11։27; Սաղ. 23։1; 65։2; 73։28; 89։26; Ես. 8։13; 30։20 ՆԱ; 40։28; 41։14)։ Միայն ճշմարիտ Աստված կարող է իրավացիորեն կրել «Եհովա» անունը, քանի որ միայն նա կարող է հաստատ իրագործել իր նպատակները (Ես. 55։10, 11)։
10. Ի՞նչն էր պատճառը, որ Աբելի մատուցած զոհը ‘ավելի լավը’ համարվեց, քան Կայենինը, և ի՞նչ ենք սովորում դրանից մեր մատուցած ‘օրհնության պատարագի’ առնչությամբ (Եբր. 11։4; 13։15)։ [8, w02 15.01, էջ 21, պարբ. 6, 7, էջ 22, պարբ. 1] Չնայած նրան, որ և՛ Աբելը, և՛ Կայենը գիտակցում էին իրենց մեղավոր վիճակը և ձգտում էին արժանանալ Աստծո հավանությանը, սակայն Աբելը հավատից մղված մատուցեց իր զոհը։ Հավանական է, որ Կայենը լուրջ նշանակություն չէր տալիս իր ընծային, և միայն ձևականորեն այն մատուցեց։ Որպեսզի ծառայության մեջ մատուցած մեր ‘օրհնության պատարագը’ արժեքավոր լինի Աստծո համար, այն պետք է սիրո և հավատի արտահայտում լինի և ոչ թե զուտ ձևականություն (Հռովմ. 10։10)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ղեւտացոց 18։3–ում գրվածը ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ ճշտի ու սխալի վերաբերյալ աղավաղված պատկերացումներ չորդեգրենք (Եփես. 4։17–19)։ [1, w02 01.02, էջ 29] Մենք չպետք է ընթանանք ազգերի պես։ Դա նշանակում է՝ մենք թույլ չենք տալիս, որ Աստվածաշնչով դաստիարակված մեր խիղճը ապականվի ճշտի ու սխալի վերաբերյալ աշխարհային պատկերացումներով։
12. Ի՞նչ մարգարեական պատկեր էր ներկայացվում ‘երկու հացերի’ միջոցով, որ Շաբաթների տոնին (Պենտեկոստեին) քահանայապետի կողմից մատուցվում էին որպես ‘երերացնելու պատարագ’ (Ղեւտ. 23։15–17)։ [2, w98 01.03, էջ 22, պարբ. 21] Երկու խմորված հացերը պատրաստված էին ցորենի առաջին բերքից։ Այդ հացերը ներկայացնում են 144 000 անկատար անհատներին, որոնց Հիսուսը ‘գնեց Աստծո համար’, որպեսզի «թագաւորներ ու քահանաներ» լինեն և «թագաւորեն երկրի վրայ» (Յայտն. 5։9, 10, ԷԹ; 14։1, 3)։ Այս երկու խմորված հացերը խորհրդանշում են նաև այն փաստը, որ այդ երկնային կառավարիչները անկատար մարդկության երկու շառավղից են գալիս՝ հրեաներից և հեթանոսներից։
13. Շնություն գործելու դեպքում, որի մասին հիշատակվում է «Թուոց» գրքի 5–րդ գլխում, ի՞նչ առումով մեղավոր կնոջ ‘զիստը պիտի փտեր’ (Թուոց 5։27)։ [5, w84-R 01.12, էջ 10; w84-U 01.11, էջ 21] Ակներևաբար, «զիստ» բառը այստեղ մեղմասացական ձևով ակնարկում է բազմացման օրգաններին։ «Փտել» բառը այստեղ ենթադրում է այդ օրգանների քայքայվելը՝ անհնարին դարձնելով բեղմնավորումը։ Սա ներդաշնակ կլիներ այն փաստի հետ, որ կնոջ անմեղ լինելու դեպքում նա կհղիանար իր ամուսնու կողմից։
14. Ինչո՞ւ Մարիամն ու Ահարոնը Մովսեսին դեմ խոսեցին նրա եթովպացի կնոջ պատճառով (Թուոց 12։1)։ Մարիամը ցանկանում էր ավելի մեծ հեղինակություն և իշխանություն ստանալ։ Նա թերևս մտահոգված էր իր դիրքը կորցնելու հարցով, որը կարող էր զբաղեցնել նրա կարծեցյալ մրցակիցը։ Մարիամը համոզեց Ահարոնին միանալ իրեն՝ քննադատելու Մովսեսին եթովպացու հետ ամուսնանալու համար և կասկածի տակ դնելու Աստծո առջև նրա ունեցած եզակի դիրքը։ Դրա համար Եհովան հանդիմանեց ինչպես Մարիամին, այնպես էլ Ահարոնին, բայց այն, որ միայն Մարիամը պատժվեց բորոտությամբ, ցույց է տալիս, որ նա էր սադրիչը։ [6, w02 15.10, էջ 29; w84-R 01.12, էջ 10, 11; w84-U 01.11, էջ 21, 22]
15. Ի՞նչ էր իրենից ներկայացնում ‘Եհովայի պատերազմների գիրքը’ (Թուոց 21։14)։ Դա Եհովայի ժողովրդի մղած պատերազմների մասին պատմական հավաստի արձանագրություն էր։ Թերևս դրանում գրված առաջին իրադարձությունը Աբրահամի հաղթանակն էր այն չորս թագավորների դեմ, որոնք Ղովտին ու նրա ընտանիքին գերի էին վերցրել (Ծննդ. 14։1–16)։ Դրանում հավանաբար գրի էին առնվել նաև Աստվածաշնչում չհիշատակված մարտեր։ [9, cl, էջ 64; w90-U 01.07, էջ 20, 23; it-1-E, էջ 355]