Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2004 թ. հունիսի 28–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է մայիսի 3–ով սկսվող շաբաթից մինչև հունիսի 28–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել. տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37։]
Դասեր
1. Ի՞նչ գործոններ կարող են պատճառ լինել, որ բեմից ելույթ ունենալիս մեզ չհաջողվի ելույթը ներկայացնել խոսակցական ոճով, կամ էլ մեր խոսքերը չափից դուրս պաշտոնական հնչեն։ [1, be, էջ 179, պարբ. 4] Քանի որ գրավոր խոսքը տարբերվում է բանավոր խոսքից, ուստի եթե մենք արտահայտությունները կրկնենք ճիշտ այնպես, ինչպես գրված են թղթի վրա, կամ ելույթի ընթացքում ուղղակի կարդանք տպագիր պլանից, մեր ելույթը չի հնչի ինչպես զրույց։ Բարդ կառուցվածք ունեցող նախադասությունները նույնպես կարող են արհեստական կամ անբնական դարձնել ելույթը։ Խոսակցական ոճով հանդես գալու համար մտքերը պետք է արտահայտենք սեփական բառերով։
2. Ինչո՞ւ կարելի է ասել, որ ձայնը բարելավելու համար բավական չէ պարզապես լավ շնչել և թուլացնել մկանային լարվածությունը։ [2, be, էջ 181, պարբ. 2] Ձայնի լավ առանձնահատկություններ ունենալու հարցում դեր է խաղում անհատի անձնավորությունը։ Երբ մենք անկեղծ հետաքրքրություն ենք հանդես բերում ուրիշների նկատմամբ, դա իր արտացոլումն է գտնում մեր ձայնի մեջ։
3. Աստվածաշնչյան ճշմարտությունները մարդկանց հաղորդելիս ի՞նչ գործնական քայլեր կարող ենք անել, որպեսզի «ամենին ամեն բան» լինենք (Ա Կորնթ. 9։20–23)։ [5, be, էջ 186, պարբ. 2–4] Ձգտիր ուշադիր դիտել շուրջբոլորդ։ Ուշադրությամբ շուրջը դիտելով՝ մենք կարող ենք իմանալ որոշ բաներ, որոնք կօգնեն մեզ անհատական հետաքրքրություն ցույց տալ։ Թերևս կարողանանք իմանալ, թե ինչ աշխատանքով է զբաղվում տանտերը։ Գուցե նրա տանը տեսնենք որոշակի ձևավորումներ կամ նշանաբաններ, որոնք խոսում են անհատի կրոնական հավատալիքների մասին։ Եթե մեր տարածքի մարդկանց հաղորդենք սուրբգրային կոնկրետ տեղեկություններ, որ իսկապես կարևոր են նրանց համար, դրանով նույնպես ցույց կտանք, որ մենք անտարբեր չենք նրանց տեսակետների հանդեպ և մտահոգված ենք նրանց բարօրությամբ։
4. Ի՞նչ է մտնում ծառայության ժամանակ մարդկանց ուշադիր լսելու մեջ։ [6, be, էջ 187] 1) Խրախուսել մարդկանց արտահայտվելու, հետո բավականաչափ սպասել, մինչև որ պատասխանեն։ 2) Ուշադիր լսել, երբ նրանք խոսում են։ 3) Շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ արտահայտում են իրենց տեսակետը։ 4) Նրբանկատորեն հարցեր տալ նրանց տեսակետները ավելի հստակ հասկանալու համար։ 5) Լավ նախապատրաստվել մեր ասելիքի մասին պարզ պատկերացում ունենալու համար, ինչը կօգնի հանգիստ լինել և ավելի ուշադիր լսել։
5. Ինչո՞ւ է կարևոր հարգանք դրսևորել այն բոլոր մարդկանց հանդեպ, ում հանդիպում ենք ծառայության ժամանակ։ [9, be, էջ 190] Մեզ հանդիպած ամեն մի մարդ ‘Աստծո պատկերով է ստեղծված’ (Յակ. 3։9)։ Քրիստոսն իր կյանքը տվեց մարդկանցից յուրաքանչյուրի համար, ուստի բոլորն էլ արժանի են լսելու բարի լուրը, որպեսզի հնարավորություն ունենան գործելու լսածի համաձայն և հասնելու փրկության։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ի՞նչ նպատակ պետք է հետապնդեն նրանք, ովքեր աստվածապետական ուսուցում են տալիս մյուսներին, և ի՞նչը կօգնի նրանց հասնելու այդ նպատակին։ [1, be, էջ 56, պարբ. 3–ից մինչև էջ 57, պարբ. 2] Մարդկանց սովորեցնելիս մեր նպատակը պետք է լինի Եհովային պատվելը։ Մենք պետք է ձգտենք խուսափել այն ամենից, ինչը կարող է շեղել մեզ այդ նպատակից։ Ուստի երբ մտածում ենք, թե ինչ ասենք կամ ինչպես ասենք, լավ կլինի, եթե հարցնենք ինքներս մեզ. «Արդյոք իմ խոսքերը կօգնե՞ն մարդկանց խորացնել Եհովայի հանդեպ իրենց գնահատանքը, թե՞ նրանց ուշադրությունը կուղղեն ինձ վրա»։
7. Ինչո՞վ է օգտակար ուսուցանելիս հակադրություններ գործածելը, և ինչպե՞ս էր Հիսուսը կիրառում ուսուցման այս մեթոդը։ [2, be, էջ 57, պարբ. 3; էջ 58, պարբ. 2] Հակադրություններ գործածելով՝ կօգնենք մարդկանց տեսնել, թե ինչով է ճշմարտությունը տարբերվում մյուս հավատալիքներից։ Հիսուսը հակադրության մեջ դրեց Օրենքի ճշգրիտ նպատակը և մարդկանց մեջ տարածում գտած հասկացողությունը Մովսիսական օրենքի վերաբերյալ, Աստծո հանդեպ անկեղծ նվիրվածությունը և փարիսեցիների կեղծավոր արարքները, սնափառության ոգին և անձնազոհության ոգին, ինչպես նաև ինքնարդարացումը և անկեղծ զղջումը (Մատթ. 5։21–48; 6։1–18; 20։25–28; 21։28–32)։
8. Ի հակադրություն փարիսեցիների տված ուսուցման՝ ինչպե՞ս էր Հիսուսի մատուցած ուսուցումը հասնում մարդկանց սրտին։ [3, be, էջ 59, պարբ. 2, 3] Հիսուսը սովորեցնում էր մարդկանց սրտանց հնազանդվել՝ Աստծո հանդեպ սիրուց մղված (Մատթ. 15։8)։ Նա հորդորեց մարդկանց քննել իրենց մղումները (Մարկ. 2։8)։ Փարիսեցիներն, ընդհակառակը, շրջանցում էին ծանրակշիռ բաները և մեծ նշանակություն էին տալիս Օրենքի աննշան մանրամասնությունները կատարելուն ու իրենց սահմանած կանոններին ենթարկվելուն, ինչի արդյունքը զուտ ցուցադրական սրբությունն էր (Ղուկ. 11։42)։
9. Ուսուցանելիս ինչպե՞ս կարող ենք օգնել անհատին կիրառել իր սովորածը՝ առանց նրա փոխարեն որոշում կայացնելու։ [4, be, էջ 60, պարբ. 1–3] Աստվածաշնչյան սկզբունքներ ուսուցանելիս կարող ենք առօրյա կյանքից որևէ իրավիճակ ներկայացնել, ապա հարցնել ուսումնասիրողին, թե նրա կարծիքով՝ այդ աստվածաշնչյան սկզբունքն ինչպես կարող է օգնել, որ իմաստուն վարվի ստեղծված իրավիճակում։ Եթե հարկ եղած ձևով բացատրենք և ցույց տանք սուրբգրային համարների կիրառությունը, ինչպես որ Պենտեկոստեի ժամանակ արեց Պետրոսը, ճշմարտությունը որոնող անկեղծ անհատները պատրաստ կլինեն անձամբ համապատասխան քայլեր անելու (Գործք 2։37)։
10. Ինչպե՞ս պետք է պատասխանենք մարդկանց այն հարցերին, որոնք անձնական որոշում են պահանջում։ [8, be, էջ 69, պարբ. 4–ից մինչև էջ 70, պարբ. 1] Մենք միշտ պետք է բարյացակամորեն պատասխանենք (Կող. 4։6)։ Նույնիսկ եթե գիտենանք, թե անձամբ մենք ինչպես կվարվեինք, պետք է հիշենք, որ յուրաքանչյուր ոք ինքն է պատասխանատու կյանքում իր կայացրած որոշումների համար (Գաղ. 6։5)։ Այսպիսով՝ եթե ինչ–որ մեկը մեզ հարցնի, թե ինչպես կվարվեինք որևէ կոնկրետ իրավիճակում, մենք պետք է նրա ուշադրությունը հրավիրենք սուրբգրային սկզբունքների և օրինակների վրա կամ ցույց տանք հարց տվողին, թե ինչպես նա կարող է անձամբ փնտրտուքներ կատարել, որպեսզի իր «զգայարանները վարժողութեամբ կրթ[ի] բարին եւ չարը զանազանելու» համար (Եբր. 5։14)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ինչո՞ւ պետք է Մովսեսը հավատարմորեն կառչած մնար ‘խորանի օրինակին և նրա բոլոր կարասիքի օրինակին’ (Ելից 25։9)։ [1, it-2-E, էջ 1058, պարբ. 7] Այդ օրինակը ծառայում էր որպես ‘երկնավոր բաների շուք’՝ երկնային իրականության արտացոլում, ուստիև այն պետք է ճշգրիտ լիներ իր բոլոր մանրամասնություններով (Եբր. 8։5)։
12. Ի՞նչ է ցույց տալիս այն փաստը, որ ողջակեզին սովորաբար նախորդում էր մեղքի պատարագը կամ հանցանքի պատարագը (Ղեւտ. 8։14, 18; 9։2, 3)։ [3, w00 15.08, էջ 16, պարբ. 16, էջ 19, պարբ. 8] Դա ցույց էր տալիս, որ մեղանչած մարդու ընծան Աստծուն ընդունելի լինելու համար այդ մարդը նախևառաջ պետք է մեղքերի թողություն ստանար։ Ուստի եթե ուզում ենք, որ մեր երկրպագությունն ընդունելի լինի Աստծուն, ապա պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկենք ուղղելու մեր սխալները, երբ զգում ենք, որ ինչ–որ հարցում խախտել ենք Աստծո օրենքը։ Պետք է անմիջապես օգտվենք Աստծո կողմից մեզ տրված օգնության միջոցներից, որոնք են՝ «մեր մեղքերի քավություն» Հիսուս Քրիստոսը և ժողովի երեցները (Յակ. 5։14; Ա Յովհ. 2։1, 2; Ելից 32։24)։
13. Ի՞նչ կարող ենք սովորել իսրայելացիների հավատից, որ նրանք ցուցաբերեցին՝ Եհովայի՝ Ելից 34։23, 24–ում գրված պատվերին հնազանդվելով։ Տարին երեք անգամ համաժողովներին ներկա լինելու համար Երուսաղեմ գնալը Եհովայի խոստմանը հավատ ընծայելու փորձություն էր իսրայելացի տղամարդկանց համար։ Հրեաները շրջապատված էին թշնամի ազգերով։ Մարդկային տեսանկյունից դատելով՝ գուցե կարծենք, թե այս թշնամիները շատ հեշտությամբ կարող էին հարձակվել երկրի վրա, մինչ տղամարդիկ Երուսաղեմում մասնակցում էին տոնակատարություններին։ Նմանապես այսօր ժողովի հանդիպումներին և համաժողովներին ներկա գտնվելը ամուր հավատ է պահանջում. հավատ Աստծո այն խոստմանը, որ նա կհոգա մեր ֆիզիկական կարիքները, եթե նախևառաջ Թագավորությունը փնտրենք (Մատթ. 6։33, ՆԱ)։ [4, w98 01.09, էջ 30; w67-E, էջ 436]
14. Ո՞րն էր խաղաղության զոհի նպատակը (Ղեւտ. 3։1)։ Դա շնորհակալության արտահայտություն էր Աստծո հետ խաղաղ փոխհարաբերության շնորհիվ շրջապատում տիրող օրհնյալ պայմանների համար, որ վայելում էին նրա բարեհաճությանն արժանացածները։ Զոհի արյունը և ճարպը Եհովային մատուցելուց հետո քահանաներն ու զոհ մատուցողը օգտվում էին զոհաբերությունից։ Սա մի գեղեցիկ ու խորհրդանշական միջոց էր, որով զոհ մատուցողը, քահանաները և Եհովա Աստված մասնակցում էին «ճաշկերույթին», ինչով ընդգծվում էր նրանց միջև տիրող խաղաղ փոխհարաբերությունը։ [6, w00 15.08, էջ 15, պարբ. 15]
15. Ի՞նչ կարող ենք սովորել Ելից 30։9–ում գրվածից այն մասին, թե մեր օրերում ինչպես պետք է կատարենք մեր սուրբ ծառայությունը։ [7, w00 15.11, էջ 14] Այս համարը ցույց է տալիս, որ հին Իսրայելում սուրբ ծառայությունը պետք է մատուցվեր միայն Եհովայի սահմանած օրենքների համաձայն։ Նմանապես և այսօր, եթե ցանկանում ենք, որ մատուցվող սուրբ ծառայությունն ընդունելի լինի Եհովայի կողմից, գոյություն ունեն պահանջներ, որոնք հարկավոր է բավարարել։ Մենք չէ, որ պետք է որոշենք Աստծուն երկրպագելու ճիշտ ձևը։ Այդ հարցում կենսական կարևորություն ունեն Գրությունների վրա հիմնված ճշգրիտ գիտությունը, հոգևոր բաների ըմբռնումն ու աստվածային իմաստնությունը (Կող. 1։9, 10)։