Հետևեք, թե ինչպես եք օգտագործում ժամանակը
1. Ի՞նչ խնդիր է այսօր ամենուրեք անհանգստացնում մարդկանց։
1 Ժամանակի ու գործողությունների խնայողության այս դարում շատերը նկատում են, որ կարծես անելու ավելի շատ բան ունեն, իսկ ժամանակը չի բավարարում։ Քեզ համար դժվա՞ր է հոգևոր լավ ծրագիր ունենալը։ Կցանկանայի՞ր ավելի շատ ժամանակ ունենալ ծառայության համար։ Ինչպե՞ս կարող ենք մեր ժամանակը լավագույն ձևով օգտագործել (Սաղ. 90։12; Փիլիպ. 1։9–11)։
2, 3. Ի՞նչ խնդիր կարող են առաջ բերել տեղեկատվական միջոցները, և ինչպե՞ս կարող է մեզանից յուրաքանչյուրը ինքնաքննություն կատարել։
2 Որոշել, թե ինչն է խլում մեր ժամանակը։ Բոլորս էլ պետք է ժամանակ առ ժամանակ քննենք, թե ինչպես ենք օգտագործում մեր ժամանակը։ Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Նայեցէք թէ ինչպէս զգուշութեամբ վարուիք. ոչ թէ ինչպէս անխելքներ, այլ ինչպէս իմաստուններ. գնեցէք ժամանակը. որ օրերը չար են» (Եփես. 5։15, 16)։ Քննիր այն խնդիրները, որոնք իր հետ բերում է տեղեկատվական միջոցների զարգացումը։ Թեև համակարգիչների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործման մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն դրանք կարող են ծուղակ լինել, եթե ուշադիր չլինենք այն բանին, թե ինչպես ենք օգտագործում մեր ժամանակը (Ա Կորնթ. 7։29, 31)։
3 Մեզանից յուրաքանչյուրը պետք է հարցնի ինքն իրեն. «Ամեն օր ժամանակ տրամադրո՞ւմ եմ էլեկտրոնային փոստով ստացված նամակները ստանալուն ու պատասխանելուն, ինչը պարզապես ձանձրացնող մի բան է։ Արդյոք հաճա՞խ եմ զրուցում հեռախոսով կամ դրա միջոցով նամակներ գրում դատարկ բաների մասին (Ա Տիմոթ. 5։13)։ Արդյո՞ք առանց հատուկ նպատակ ունենալու աչքի եմ անցկացնում Ինտերնետի հանգույցները կամ հեռուստացույց դիտելիս աննպատակ մի ալիքից մյուսը փոխում։ Էլեկտրոնային խաղերով տարվելն արդյոք չի՞ սկսում խլել Աստծո Խոսքի իմ ուսումնասիրության ժամանակը»։ Նման զբաղմունքները կարող են աննկատ կերպով սնանկացնել մեզ հոգևորապես (Առակ. 12։11, ԷԹ)։
4. Ի՞նչ փոփոխություն կատարեց մի պատանի և ինչո՞ւ։
4 Ժամանակը իմաստուն կերպով օգտագործել։ Էլեկտրոնային սարքերը սովորաբար խլում են թե՛ մեր ժամանակը, թե՛ ուշադրությունը։ Մի պատանի, որը տարվել էր համակարգչային խաղերով, պատմում է. «Երբեմն երբ քարոզչական ծառայության կամ ժողովի հանդիպումների գնալուց առաջ համակարգչային խաղեր էի խաղում, նկատում էի, որ ինձ համար դժվար էր կենտրոնանալ։ Գրեթե միշտ մտածում էի, թե տուն վերադառնալուն պես ինչպես կարող էի որևէ խաղի ինչ–որ դժվար պահեր հաղթահարել։ Դա ազդեց իմ անձնական ուսումնասիրությանն ու Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությանը։ Ուրախությունս Աստծո ծառայության մեջ սկսեց նվազել»։ Գիտակցելով, որ հարկավոր է ինչ–որ բան փոխել՝ նա իր համակարգչի միջից ջնջեց բոլոր խաղերը։ «Դա իսկապես շատ դժվար էր,— պատմում է նա։— Ես ավելի շատ էի տարվել խաղերով, քան կարծում էի։ Սակայն զգում էի հաղթանակի մեծ զգացում, որովհետև գիտեի, որ դա արել եմ իմ իսկ օգտի համար» (Մատթ. 5։29, 30)։
5. Ինչպե՞ս կարող ենք «գնել» ժամանակը հոգևոր գործերի համար և ի՞նչ օգուտներ ենք քաղում՝ այդպես վարվելով։
5 Հնարավոր է, որ այդպիսի քայլերի անհրաժեշտություն զգացվի, եթե նկատես, որ կան մարզեր, որոնցում պետք է փոփոխություններ կատարել։ Կարո՞ղ ես օրական կես ժամ «գնել» ոչ կարևոր գործերից կամ զբաղմունքներից։ Հենց այդքան ժամանակ է պետք ամբողջ Աստվածաշունչը մեկ տարում կարդալու համար։ Որքա՜ն թարմացուցիչ կլինի դա հոգևոր առումով (Սաղ. 19։7–11; 119։97–100)։ Կոնկրետ ժամանակ նշանակիր Աստվածաշնչի ընթերցանության, ժողովի հանդիպումներին պատրաստվելու և քարոզչական ծառայության գնալու համար (Ա Կորնթ. 15։58)։ Այդպես վարվելով՝ դու կկարողանաս հսկել այն բաները, որոնք խլում են մեր ժամանակը, և կկարողանաս շարունակ «իմա[նալ] թէ ինչ է Տիրոջ կամքը» (Եփես. 5։17)։