Ինչպե՞ս կարող ենք օգնել ոչ Վկա կողակիցներին
1 Եհովայի ծառաներից շատերն ամուսնացած են այնպիսի անհատների հետ, որոնք բարյացակամորեն են վերաբերվում մեր հավատակիցներին և լավ են տրամադրված ժողովի հանդեպ, սակայն խուսափում են Աստծո ծառաները դառնալուց։ Մի ամուսին նկատում է. «Տնից տուն գնալու միտքը մեծ արգելք էր ինձ համար»։ Մյուսներին գուցե անհրաժեշտ է Գրություններին հակասող իրենց սովորություններին վերջ տալ, կամ թերևս նրանք մտածեն, որ երբեք չեն կարող հետևել աստվածապետական ծրագրին այնպես, ինչպես իրենց կողակիցը։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։
2 Անձնական հետաքրքրություն ցույց տուր։ Մարդկանց հանդեպ անձնական հետաքրքրություն ցույց տալը կամ նրանց անհանգստությունների հանդեպ ուշադիր լինելը գուցե նպաստի այն բանին, որ նրանք արձագանքեն Աստվածաշնչի ճշմարտությանը (Փիլիպ. 2։4)։ Այն անհատները, ովքեր նախկինում չէին ընդունում իրենց կողակցի հավատը, հաճախ խոսում են ուրիշների ցույց տված հետաքրքրության մասին։ «Ժողովում Խոսե անունով մի երեց իմ հանդեպ հատուկ ուշադրություն էր ցույց տալիս,— պատմում է ամուսինը, որի մասին նշվեց վերևում,— կարծում եմ՝ նրա քաջալերանքն է պատճառը, որ ի վերջո ես սկսեցի լրջորեն ուսումնասիրել»։ Մեկ ուրիշ ամուսին պատմում է, որ եղբայրները իրեն այցելելիս ձգտում էին խոսել իրեն հետաքրքրող հարցերի շուրջ։ «Ես սկսեցի [իմ կնոջ] հավատին նայել բոլորովին այլ տեսանկյունից,— ասում է նա։— Նրա ընկերները շատ խելացի մարդիկ էին, որոնց հետ կարելի էր զրուցել տարբեր հարցերի շուրջ» (Ա Կորնթ. 9։20–23)։
3 Գործնական օգնություն ցույց տուր։ Վկա չհանդիսացող կողակցի վրա կարող է նաև լավ ազդեցություն թողնել իրեն ցույց տրված օգնությունը (Առակ. 3։27; Գաղ. 6։10)։ Երբ ոչ Վկա մի ամուսնու ավտոմեքենան փչացավ, երիտասարդ մի Վկա եկավ՝ նրան օգնելու։ «Դա իսկապես տպավորիչ էր ինձ համար»,— հիշում է այդ ամուսինը։ Մեկ ուրիշ եղբայր մի ամբողջ օր տրամադրեց քույրերից մեկի ամուսնուն, որը Վկա չէ՝ օգնելով նրան կանգնեցնել իրենց հողատարածքի ցանկապատը։ Միասին աշխատելով ու զրուցելով՝ նրանք ընկերացան։ Երկու շաբաթ անց այդ քրոջ ամուսինը մոտեցավ եղբորն ու ասաց. «Ժամանակն է կյանքումս որոշ փոփոխություններ կատարելու։ Ինձ հետ կուսումնասիրե՞ս Աստվածաշունչը»։ Նա արագորեն առաջադիմեց և այժմ մկրտված Վկա է։
4 Մինչ գնում ենք արժանի անհատների փնտրելու մեր տարածքներում, եկեք շարունակենք օգնել նրանց, ովքեր ամուսնացած են մեր հավատակիցների հետ (Ա Տիմոթ. 2։1–4)։