Նոր շրջանային համաժողովի ծրագիրը
1 Մեր Տերը կանխագուշակել էր, որ իր աշակերտները նեղություններ պետք է կրեին (Մատթ. 24։9)։ Ինչպիսի՞ տեսակետ պետք է ունենանք փորձությունների հանդեպ։ Ի՞նչը մեզ հնարավորություն կտա տոկալու նեղության ժամանակ։ Այս հարցերի պատասխանները կտրվեն 2004 ծառայողական տարվա ընթացքում անցկացվող շրջանային համաժողովում։ Համաժողովի թեման է՝ «Հույսով ուրախացեք, նեղությունների մեջ տոկացեք» (Հռովմ. 12։12, ՆԱ)։
2 Երկու ելույթաշար։ Առաջին ելույթաշարում, որի վերնագիրն է «Տոկունությամբ պտուղներ բերեք», կքննարկվեն պտուղներ բերելու կերպեր։ Մի քանի քարոզիչների հետ կանցկացվի հարցազրույց, թե ինչպես են նրանք քարոզում և ուսուցանում հրատապության զգացումով։ Լավ կլինի, որ ծնողները հատկապես ուշադրություն դարձնեն «Երբ խրատում է Եհովան» ելույթի վրա, որում կքննարկվի, թե ինչպես կարող են ծնողները տրամաբանել իրենց երեխաների հետ։ Ելույթաշարում հանդես եկող վերջին հռետորը կընդգծի, թե ինչ պետք է անենք, որպեսզի թույլ չտանք աշխարհին աստիճանաբար վնասելու մեզ և անպտուղ դարձնելու (Մարկ. 4։19)։
3 Երկրորդ ելույթաշարի թեման է՝ «Տոկունությամբ վազեք մրցավազքը»։ Այն կպարզաբանի, թե ինչպես է մեր կյանքը նմանվում մրցավազքի։ Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ կանոնների համաձայն վազենք։ Ինչպե՞ս կարող ենք հաջողությամբ դեն գցել ամեն ծանրություն և չթուլանալ կյանքի մրցավազքում։ Ժամանակահարմար սուրբգրային խորհուրդները, որ կտրվեն, կօգնեն բոլորիս շարունակել տոկունությամբ վազել։
4 Տոկունությունն իր հետ Աստծո հավանությունն է բերում։ Շրջագայող վերակացուների կողմից մատուցվող ելույթները կամրացնեն նրանց հավատը, ովքեր լսում և կիրառում են խորհուրդը։ Մարզային վերակացուի ելույթներից մեկի վերնագիրն է «Տոկունությունը հավանություն է բերում»։ Հանրային ելույթը կպատասխանի հետևյալ հարցերին. ո՞ւմ անվանը պետք է հուսան ազգերը, և դա ի՞նչ է իր մեջ պարփակում։ Եզրափակիչ ելույթում, որի վերնագիրն է «Տոկունությամբ կշահեք ձեր հոգիները», կքննարկվի այն, թե ինչպես Հիսուսը ի վիճակի եղավ առանց ոխակալության տոկալու անարդարությանը։
5 Չմոռանաս վերցնել «Ծառայության դպրոց» գիրքը և այդ շաբաթվա ընթացքում քննարկվելիք «Դիտարանը»։ Գրառումներ կատարիր, որոնք կօգնեն կենտրոնանալ, իսկ ապագայում կկարողանաս անդրադառնալ դրանց։ Հետագայում ժողովում կանցկացվի ծրագրի ամփոփում։
6 Եհովան ինքն է պատրաստել հոգևոր սննդի այս խնջույքը։ Ե՛կ։ Ըմբոշխնի՛ր։ Ամբողջ ծրագրին ներկա գտնվելով՝ մենք կցնծանք բերկրությամբ և մեծ օգուտներ կքաղենք (Ես. 65։14)։