Քարոզում ենք մշտապես փոփոխվող աշխարհում
1 Որքա՜ն արագ կարող են փոխվել իրավիճակները։ Շատ կարճ ժամանակում բնական աղետը, տնտեսական ճգնաժամը, քաղաքական հեղաշրջումը կամ լրատվական միջոցներով լայնորեն տարածվող ողբերգության լուրը կարող է խոսակցության առարկա դառնալ։ Սակայն շատ արագ մարդկանց ուշադրությունը կարող է շեղվել այլ կողմ (Գործք 17։21; Ա Կորնթ. 7։31)։ Մշտապես փոփոխվող այս աշխարհում ինչպե՞ս կարող ենք գրավել մարդկանց ուշադրությունը, որպեսզի նրանց հաղորդենք Թագավորության պատգամը։
2 Տեղեկացիր մարդկանց մտահոգությունների մասին։ Մարդկանց ուշադրությունը գրավելու կերպերից մեկն է՝ ընթացիկ իրադարձությունների մասին հիշատակելը։ Հիսուսը, մղելով մարդկանց լրջորեն խորհել Աստծո առջև ունեցած իրենց դիրքի մասին, մի առիթով հիշատակեց ոչ վաղուց տեղի ունեցած ողբերգություններ, որոնք թարմ էին նրանց մտքում (Ղուկ. 13։1–5)։ Նմանապես և մենք, երբ մարդկանց ներկայացնում ենք բարի լուրը, լավ կլինի նշենք վերջին լուրերում տեղ գտած ինչ–որ մի նյութի կամ տեղանքում առկա խնդրի մասին, որ առնչվում է մեր տարածքում ապրող մարդկանց կյանքին։ Այնուհանդերձ, նման թեմաներ քննարկելիս մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի որևէ դիրք չբռնենք քաղաքական կամ հասարակական հարցերում (Յովհ. 17։16)։
3 Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչի մասին են մարդիկ մտածում ներկայումս։ Թերևս լավագույն միջոցը պարզապես հարց ուղղելը և ապա լսելն է (Մատթ. 12։34)։ Հետաքրքրությունը մարդկանց հանդեպ կմղի մեզ իմանալ նրանց կարծիքը և նրբանկատորեն շարունակել հարցեր տալ։ Անհատի՝ հանպատրաստից ասված խոսքերը կարող են ի հայտ բերել, թե ինչով են անհանգստացած տարածքում ապրող շատ բնակիչներ, և թերևս ճանապարհ բացեն վկայություն տալու համար։
4 Մատուցում նախապատրաստելիս։ Մշտապես փոփոխվող այս աշխարհում քարոզչական ծառայության նախապատրաստվելիս կարող ենք գործածել «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը։ Այն բանի հետ կապված, թե ինչպես ընթացիկ իրադարձությունները ընդգրկել մեր մատուցման մեջ՝ օգտակար խորհուրդներ են զետեղված գրքույկի 4–րդ և 6–րդ էջերում՝ «Ընթացիկ իրադարձություններ» և «Հանցագործություն/անվտանգություն» վերնագրերի տակ։ Նմանատիպ տեղեկություններ կարելի է գտնել նաև «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2000 թ. սեպտեմբերի համարում, էջ 4։ Մատուցում պատրաստելիս անպայման ընդգրկիր որևէ համապատասխան սուրբգրային համար։
5 Երբ ուշադրություն ենք դարձնում մեր տարածքում ապրող մարդկանց մշտապես փոփոխվող մտահոգություններին, անհրաժեշտ է, որ համապատասխան կերպով փոփոխենք բարի լուրի մատուցման մեր կերպերը։ Այդպիսով մարդկանց հետ կխոսենք նրանց խորապես մտահոգող թեմաներից։ Այդպես վարվելով՝ օգնում ենք շատերին իմանալու նրան, ով անփոփոխ է իր հատկություններով և չափանիշներով (Յակ. 1։17)։