Մեզ վստահվել է բարի լուրը
1 Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է մեզ համար այն, որ մեզ վստահվել է Աստծո բարի լուրը (Ա Թեսաղ. 2։4, Արևմտ. Աստ.)։ Թեպետ ոմանք գուցե չընդունեն այս զորավոր պատգամը, սակայն անկեղծ սիրտ ունեցող մարդկանց հրապուրում է այդ լուրը, ինչպես անուշ բուրմունքը (Բ Կորնթ. 2։14–16)։ Այն մարդկանց համար, ովքեր ընդունում են բարի լուրը և հնազանդվում նրան, այդ լուրը փրկություն է նշանակում (Հռովմ. 1։16)։ Ուրեմն ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեզ վստահված լուրին։
2 Հիսուսը և իր առաքյալները։ Հիսուսը բարի լուրը հռչակելու գործն առաջին տեղում էր դասում (Ղուկ. 4։18, 43)։ Նույնիսկ երբ նա հոգնած ու քաղցած էր, մարդկանց հանդեպ սերն ու գնահատանքը այդ պատգամի համար մղում էին նրան այն հաղորդել մարդկանց (Մարկ. 6։30–34)։ Իր խոսքերով և օրինակով նա իր աշակերտների մտքերում դրոշմեց, որ Թագավորության քարոզչության գործը անչափ կարևոր է (Մատթ. 28։18–20; Մարկ. 13։10)։
3 Ընդօրինակելով Հիսուսին՝ առաքյալները ժրաջանորեն հռչակում էին Թագավորության պատգամը։ Նույնիսկ երբ նրանց ծեծերի էին ենթարկում և պատվիրում չքարոզել, նրանք «չէին դադարում.... սովորեցնել եւ.... աւետարանել» (Գործք 5։40–42)։ Պողոս առաքյալն առանց հոգնելու մասնակցում էր այս գործին (Ա Կորնթ. 15։9, 10; Կող. 1։29)։ Բարի լուրը քարոզելու գործը նա պարտք էր համարում, որ պարտավոր էր տալ իր դրացիներին։ Նա պատրաստ էր զոհողությունների գնալ իր անձնական հարմարությունների մեջ, որպեսզի, այսպես ասած, վճարեր այդ պարտքը (Գործք 20։24; Հռովմ. 1։14–16)։
4 Մեր ունեցած առանձնաշնորհումը։ Մեզ վստահված այս սուրբ հանձնարարության համար գնահատանքը կմղի մեզ միջոցներ փնտրել՝ քարոզչական գործին ավելի շատ մասնակցելու (Հռովմ. 15։16)։ Էդվարդ անունով մի Վկա, որ գամված էր հաշմանդամի սայլակին, կանգնում էր հյուրանոցի մուտքի մոտ և հյուրերին պատմում իր հավատի մասին։ Ցանկանալով ավելին անել՝ նա միջոցներ ձեռք առավ, որպեսզի փոքր բեռնատար ավտոմեքենայի վրա հատուկ խցիկ տեղադրվի, և այդ փոխադրամիջոցի օգնությամբ նա երկար տարիներ կարողացավ ծառայել որպես ռահվիրա՝ հազարավոր կիլոմետրեր անցնելով։ Էդվարդի նման, շատերն այսօր փոփոխություններ են կատարել իրենց հանգամանքներում, որպեսզի ավելի շատ մասնակցություն ունենան բարի լուրի քարոզչության գործում։
5 Եկեք մենք էլ, ընդօրինակելով Հիսուսին ու իր առաքյալներին, քարոզչական գործը միշտ մեր կյանքի գլխավոր տեղում դասենք։ Այդպես վարվելով՝ մենք մեր սերն ենք ցույց տալիս մարդկանց հանդեպ, ինչպես նաև մեր գնահատանքը մեզ վստահված բարի լուրի համար։