Ինչպես է ճշմարտությունն ազատում մեզ
1 Մի առիթով Հիսուսը իր հանդեպ հավատ դրսևորող հրեաներին ասաց. «Ճշմարտութիւնը կ’ճանաչէք. եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ» (Յովհ. 8։32)։ Նա խոսում էր մի ազատության մասին, որը շատ ավելի բարձր է քաղաքացիական ազատությունից և մատչելի է բոլորին՝ հարուստ և աղքատ, կրթություն ստացած և չստացած մարդկանց։ Հիսուսը սովորեցնում էր մի ճշմարտության մասին, որը մարդկանց պետք է ազատեր մեղքի ու մահվան ճիրաններից։ Ինչպես Հիսուսն ասաց, «ամեն ով որ մեղք է գործում, մեղքի ծառայ է» (Յովհ. 8։34)։ Մենք բաղձանքով սպասում ենք այն ժամանակին, երբ բոլոր մարդիկ «ապականութեան ծառայութենէն ազատուելով, Աստուծոյ որդիներուն փառաւոր ազատութեանը պիտի հասնին» (Հռովմ. 8։21, Արևմտ. Աստ.)։
2 Աստծո նպատակի իրագործման մեջ Հիսուսի ունեցած դերի, ինչպես նաև նրա մասին ճշմարտությունն է, որ նման ազատություն է բերում։ Այդ ճշմարտությունն ընդգրկում է քավիչ զոհաբերության մասին գիտությունը. զոհաբերություն, որ նա տվել է մեր օգտի համար (Հռովմ. 3։24)։ Նույնիսկ հիմա, Աստվածաշնչի ճշմարտությունն ընդունելով և հնազանդորեն նրան ենթարկվելով, ինչ–որ չափով ազատվում ենք վախից, հուսալքությունից և ամեն տեսակ վատ սովորություններից։
3 Ազատություն՝ վախից և հուսալքությունից։ Մենք չպետք է հուսահատվենք՝ աշխարհում տիրող իրավիճակները տեսնելով, քանի որ հասկանում ենք, թե որն է չարության գոյության պատճառը, և գիտենք, որ շուտով այն կվերացվի երկրի վրայից (Սաղ. 37։10, 11; Բ Տիմոթ. 3։1; Յայտն. 12։12)։ Բացի այդ, ճշմարտությունը մեզ ազատում է մահացածների վիճակի մասին գոյություն ունեցող կեղծ ուսմունքներից։ Մենք գիտենք, որ մահացածները չեն կարող վնասել մեզ, որ նրանք չեն տանջվում հավիտյան, և որ Աստված մահ չի տալիս մարդկանց, որպեսզի իր հետ հոգևոր ոլորտում ապրեն (Ժող. 9։5; Գործք 24։15)։
4 Այդպիսի ճշմարտությունը մխիթարեց դժբախտ պատահարի ժամանակ մահացած մի երեխայի հորն ու մորը։ «Մեր կյանքում կա մի տեսակ դատարկություն, որը կլրացվի միայն այն օրը, երբ նորից տեսնենք մեր որդուն հարության ժամանակ,— ասում է մայրը։— Սակայն մենք գիտենք, որ մեր ցավը ժամանակավոր է»։
5 Ազատություն՝ վատ սովորություններից։ Աստվածաշնչի ճշմարտությունը կարող է փոխել մարդու մտածելակերպը և անձնավորությունը, որի արդյունքում նա կազատվի այն խնդիրներից, որոնցից հնարավոր է խուսափել (Եփես. 4։20–24)։ Ազնվությունն ու աշխատասիրությունը զերծ կպահեն նրան աղքատության մեջ ընկնելուց (Առակ. 13։4)։ Անձնազոհ սեր ցույց տալով՝ նա բարելավում է ուրիշների հետ իր փոխհարաբերությունները (Կող. 3։13, 14)։ Իսկ գլխավորության սկզբունքը հարգելը նվազեցնում է ընտանեկան խնդիրները (Եփես. 5։33–6։1)։ Հարբեցողությունից, սեռական անբարոյությունից, ծխախոտի գործածությունից և թմրամոլությունից խուսափելը պաշտպանություն է առողջության համար (Առակ. 7։21–23; 23։29, 30; Բ Կորնթ. 7։1)։
6 Մի երիտասարդ չէր կարողանում ձերբազատվել թմրամոլության սովորությունից, որի գերին էր եղել 9 տարի։ Մի օր նա փողոցում հանդիպում է մի քարոզչի, որն էլ իրեն վկայություն է տալիս։ Նա ընդունում է իրեն առաջարկված գրականությունը։ Երիտասարդին այցելում են իրենց տանը։ Նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն է սկսվում։ Երկու ամիս անց նա դադարում է թմրանյութեր գործածել, իսկ ուսումնասիրությունը սկսելուց 8 ամիս անց մկրտվում է։ Տեսնելով, որ երիտասարդը ձերբազատվեց իր այդ սովորությունից՝ նրա եղբայրն ու եղբոր կինը նույնպես սկսում են ուսումնասիրել Աստվածաշունչը։
7 Օգնիր ուրիշներին ազատություն ստանալ։ Այն անհատների համար, ովքեր ամբողջ կյանքում կեղծ ուսմունքների գերին են եղել, գուցե դժվար լինի ընդունել Աստծո Խոսքի առաջարկած ազատությունը։ Այդպիսի անհատների սրտին հասնելու համար գուցե հատուկ ջանքեր և լավ պատրաստվածություն պահանջվի ուսուցանողից (Բ Տիմոթ. 4։2, 5)։ Այժմ ժամանակը չէ դանդաղելու «գերիներին ազատութիւն հրատարակելու» գործում (Ես. 61։1)։ Քրիստոնեական ազատությունը թանկարժեք է։ Այն ձեռք բերելը հավիտենական կյանք է նշանակում (Ա Տիմոթ. 4։16)։