Նամակ՝ կառավարիչ մարմնի կողմից
Սիրելի եղբայրներ և քույրեր
Մեզ համար անչափ հաճելի է ձեզ գրելը։ Մենք ուզում ենք գովասանքի խոսքեր հղել ձեզ ձեր սիրո և անձնազոհության համար, որ դուք շարունակում եք ցուցաբերել։ Այս «Տարեգրքի» էջերից դուք կտեղեկանաք, թե ինչ հրաշալի գործեր են կատարվել անցած ծառայողական տարվա ընթացքում։ Այդ տարում ևս ավելի քան մեկ միլիարդ ժամ ենք տրամադրել քարոզչական և ուսուցողական աշխատանքներին՝ անմիջականորեն քաջալերելով մարդկանց մոտենալ Եհովային։ Մի՞թե մեզ համար պատիվ չէ լինել մեր երկնային Հոր և փառավոր Աստծո համագործակիցները... (Ա Կորնթ. 3։9)։
Քանի որ առջևում դեռ աշխատանք կա անելու, մենք վստահ ենք, որ դուք կշարունակեք ընդօրինակել Աստծո ծառաների եռանդն ու հավատը, ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը։ Օրինակ՝ Պողոս առաքյալը ձգտում էր որքան հնարավոր է արդյունավետ լինել Թագավորության շահերը առաջ տանելու գործում։ Ակներևաբար, Եփեսոսում գտնվելու վերջին տարին էր, որ նա գրեց իր առաջին նամակը Կորնթոսի ժողովին։ Իր անհետաձգելի ծրագրերի մասին նա հետևյալը գրեց. «Բայց հիմա Եփեսոսումն եմ կենում՝ մինչեւ Պենտէկոստէն։ Վասնզի մեծ եւ արդիւնաւոր դուռ է բացուած ինձ, եւ հակառակորդները շատ են» (Ա Կորնթ. 16։8, 9)։
Պողոսը նախատեսել էր ուղևորվել Մակեդոնիա և Կորնթոս։ Այնուամենայնիվ, նա նկատեց, որ հնարավորություն ունի օգտակար գործ կատարելու, եթե որոշ ժամանակ մնա Եփեսոսում։ Պողոսը ճկունություն հանդես բերեց. նա տեսավ, որ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել՝ պաշտպանելու Թագավորության շահերն այն վայրում, որտեղ այդ պահին նա գտնվում էր, ուստի իր ծրագրերը պլանավորեց դրան համապատասխան։ Պողոսի առջև գործունեություն ծավալելու լայն դուռ էր բացվել, և նա ձգտում էր լավագույն ձևով օգտագործել հնարավորությունը՝ այդ դռնով մտնելու։
Իսկ դրա համար մեծ ջանքեր էին պահանջվում՝ պետք էր քարոզել բարի լուրը և ոտքի կանգնեցնել Եփեսոսի ժողովը։ Ավելի ուշ այդ ժողովի երեցներին Պողոսն ասաց. «Որ ինչպէս ետ չ’պահեցի ոչ մի օգտակար բան, որ չ’պատմեմ եւ սովորեցնեմ ձեզ՝ թէ հրապարակներում եւ թէ տան մէջ։ Հրէաներին եւ Յոյներին վկայութիւն տալով՝ ապաշխարել դէպի Աստուած, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին հաւատալ» (Գործք 20։20, 21)։
Նմանապես և ձեզանից շատերը, սիրելի եղբայրնե՛ր ու քույրե՛ր, օգտվել են այն հնարավորություններից, որ բացվել են իրենց առջև։ Անցած ծառայողական տարվա ընթացքում միջին հաշվով 798 938 քարոզիչների հաջողվել է իրենց գործերն այնպես կարգավորել, որ կարողացել են մասնակցել ռահվիրայական ծառայության ձևերից որևէ մեկին։ Ձեզանից ոմանք ուղևորվել են հեռավոր վայրեր՝ ծառայելու որպես միսիոներներ։ Դուք եռանդորեն տարածում եք բարի լուրը և քաջալերում ժողովներին։ Ձեզանից ոմանք ուրիշ լեզու են սովորել, որպեսզի կարողանան օգնել իրենց շրջապատում ապրող օտարալեզու մարդկանց։ Ոմանք էլ իրենց գործերն այնպես են կարգավորել, որ կարողանան ծառայել չնշանակված տարածքներում կամ այն վայրերում, որտեղ քարոզիչների ավելի մեծ պահանջ կա։ Ոմանց համար գործունեության լայն դռներ են բացվել դպրոցում, աշխատանքի վայրում կամ այլ իրավիճակներում, որտեղ արդյունավետ վկայություն կարող է տրվել, ինչպես օրինակ՝ հեռախոսով վկայությունն է։ Աշխարհի չորս կողմից եկող տեղեկությունները վկայում են այն մասին, որ Աստծո ծառաները՝ երիտասարդ թե տարեց, ջանասիրաբար փնտրում ու գտնում են հնարավորություններ՝ ամենուրեք մարդկանց հաղորդելու գիտելիքներ ճշմարտության մասին։
Համոզված եղեք, որ Եհովան տեսնում և խորապես գնահատում է ձեր ջանքերը։ Աստծո Խոսքն ասում է. «Որովհետեւ Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք» (Եբր. 6։10)։ Շարունակեք աշխուժորեն նոր հնարավորություններ փնտրել, որոնք կօգնեն ձեզ աջակցելու ճշմարիտ երկրպագությանը։ Գուցե ձեզանից ոմանք ի վիճակի են ընդարձակել իրենց ծառայությունը։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է ջանքեր ներդնել իր ծառայությունը ավելի արդյունավետ դարձնելու համար։
Ինչ խոսք, մեր քարոզչական աշխատանքը առանց հակառակության չի ընթանում։ Հիշեք, որ այն բանից հետո, երբ Պողոսը խոսեց իր առջև բացված գործունեության լայն հնարավորությունների մասին, նա նաև գրեց. «Հակառակորդները շատ են»։ Պողոսի հակառակորդներն էին ինչպես հրեաները, այնպես էլ հեթանոսները, որոնցից մի քանիսը բացահայտորեն էին հարձակվում նրա վրա, իսկ մի մասն էլ նենգաբար դավեր էր նյութում նրա դեմ (Գործք 19։24–28; 20։18, 19)։
Այսօր մենք էլ համանման իրավիճակում ենք գտնվում։ Մենք գիտենք, որ որքան մոտենում է այս չար համակարգի կործանումը, այնքան մեր դեմ ուղղված հակառակությունն ավելի է աճելու։ Սատանան ‘մեծ բարկությամբ’ է լցված, և այդ բարկությունը գլխավորապես ուղղված է Աստծո ծառաների դեմ (Յայտն. 12։12)։ Երբեք մի մոռացեք, որ Սատանան «այս աշխարհքի իշխանն է»։ Իր աշակերտներին Հիսուսն ասաց. «Եթէ այս աշխարհքիցը լինէիք, ապա աշխարհքն իրանը կ’սիրէր. բայց որովհետեւ աշխարհքիցը չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը, նորա համար աշխարհքն ատում է ձեզ» (Յովհ. 14։30; 15։19)։
Մենք վճռականորեն որոշել ենք թույլ չտալ, որ որևիցե մեկը թուլացնի Աստծո հանդեպ մեր հավատը կամ բացասաբար ազդի մեր քարոզչական ծառայության վրա։ Մենք գիտենք, որ դեռ կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր մեր դեմ կգործեն ինչպես բացահայտորեն, այնպես էլ նենգաբար։ Չնայած դրան՝ մենք շարունակում ենք քարոզել Թագավորության բարի լուրը և, միաժամանակ, վստահ ենք, որ Հիսուսը կջախջախի Սատանային ու նրա հետևորդներին Եհովայի կողմից որոշված ժամանակին։ Հակառակորդները չկարողացան լռեցնել Պողոսին, չեն կարող լռեցնել և Եհովայի ներկայիս ծառաներին։ Չնայած Սատանայի բարկությանը և այն բանին, որ աշխարհը ատում է մեզ՝ Եհովայի ոգին իր ողջ զորությամբ գործում է Նրա ծառաների մեջ։ Ի՜նչ ուրախություն է իմանալ, որ բարի լուրի քարոզիչների բարձրագույն թիվը հասել է արդեն 6 304 645–ի։
Մենք աղոթում ենք, որ դուք շարունակեք օգտագործել ստեղծված բոլոր հնարավորությունները՝ պաշտպանելու Եհովայի փառահեղ Թագավորության շահերը։ Համոզված եղեք, որ ամբողջ սրտով հետաքրքրված ենք ձեզանից յուրաքանչյուրով, մինչ բոլորս միասին «ուս ուսի» տված՝ ծառայում ենք Բարձրյալ Աստծուն՝ Եհովային (Սոփ. 3։9, ՆԱ)։
Ձեր եղբայրներ՝
Եհովայի վկաների Կառավարիչ մարմին