Ռահվիրայություն՝ միջոց, որով կարելի է «ճաշակե[լ] եւ տես[նել], որ Տէրը քաղցր է»
1 «Որպեսզի գնահատես այն ուրախությունը, որ պատճառում է ռահվիրայական ծառայությունը, պետք է անձամբ ապրես այդ զգացումը»։ Նման զգացումներ կարող են ունենալ այն քրիստոնյաները, ովքեր վաղուց է, ինչ ռահվիրայական ծառայության մեջ են։ Ի՞նչն է պատճառը, որ այս հավատարիմ լիաժամ քարոզիչները այսպիսի ջերմությամբ են խոսում ռահվիրայական ծառայության մասին։ Բանն այն է, որ նրանք ‘ճաշակել և տեսել են, որ Տերը քաղցր է’ (Սաղ. 34։8; Ա Պետ. 2։3)։
2 Ո՞վ կարող է ծառայել որպես ռահվիրա։ Պարտադիր չէ, որ ռահվիրան յուրահատուկ անձնավորություն լինի՝ բացարձակ առողջ, ժրաջան, ճարտարախոս, շփվող, ընկերասեր կամ ֆինանսապես ապահովված։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1983 թ. հուլիսի համարում (անգլ.) նշվում է մի հանգամանքի մասին, որ շատ ավելի կարևոր է, քան թվարկվածները. «Վերջնական արդյունքում այն անհատներն են.... դառնում ռահվիրաներ, ովքեր ցանկանում են» (Մատթ. 17։19)։ Այն, ինչով իսկապես աչքի է ընկնում ռահվիրան, ռահվիրայական ոգին է։
3 Ի՞նչ է «ռահվիրայական ոգին»։ Ռահվիրայական ոգին քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործի հանդեպ դրական տրամադրվածությունն է։ Այդ ոգին ունեցող քրիստոնյաները, սիրուց մղված, իրենց անձերը նվիրում են ուրիշներին օգնելու գործին և այդպիսով անձնազոհ ոգի դրսևորում։ Նրանք ուրախություն են ստանում՝ Հիսուսի օրինակին հետևելով։ Այդ անհատներին ավելի շատ հետաքրքրում է հոգևորը, քան նյութականը։ Այն քրիստոնյան, ով ռահվիրայական ոգի է դրսևորում, կանցնի լիաժամ ծառայության, երբ իր հանգամանքները թույլ տան։
4 Չորս քայլ։ Քննիր հնարավորություններդ։ Ցանկալի է ժամանակ առ ժամանակ անկեղծորեն և աղոթքով քննել, թե արդյոք կարող ես ծառայել որպես ռահվիրա։ Եթե տեսնում ես, որ տվյալ պահին դա անհնար է, անցիր երկրորդ քայլին՝ ժամանակ գտիր։ Իսկ դրա համար պետք է պարզեցնես կյանքդ, հրաժարվես ոչ կարևոր գործերից, հրաժարվես այնպիսի իրերից, որոնք իրականում քեզ պետք չեն, և դրանք օգտագործելն ու պահելը զուտ ժամանակի կորուստ է (Մատթ. 19։12, 21, 27, 29, 29; «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրը, 1998 թ., հուլիս)։ Երրորդ քայլն է՝ առիթը օգտագործելը։ Եթե զգում ես, որ առանձնապես խանգարող հանգամանք չկա, ապա անմիջապես գործի անցիր (Գործք 8։36, 38)։ Եվ վերջապես չորրորդ քայլը՝ նախօրոք փորձիր համոզվելու համար, որ կարող ես ռահվիրայական ծառայության անցնել. դա կարելի է անել՝ որպես ենթառահվիրա ծառայելով։
5 Ռահվիրայական ծառայությունից ստացած օրհնությունները ցույց են տալիս, որ «Եհովան քաղցր է»։ Մի երիտասարդ քույր, հետադարձ հայացք նետելով իր ռահվիրայական ծառայության անցած ինը տարիների վրա, ասում է. «Դու մտերմանում ես Եհովայի հետ, նա, կարծես, ձեռքիցդ բռնած, տանում է քեզ։ .... Ռահվիրայությունից բացի՝ էլ ի՞նչը կարող է նման ուրախություն, հոգևոր բավարարվածության զգացում պատճառել և այսպիսի օրհնություններ բերել» (Սաղ. 73։23)։ Ահա թե ինչ է ասում մի ամուսնական զույգ, որն ավելի քան յոթ տարի ռահվիրայական ծառայության մեջ է անցկացրել. «Ուրիշ ի՞նչ կարող է անել մեր տարիքում ու մեր հանգամանքներում գտնվող մարդը։ Քարոզչական տարածքում հաճախ ենք հանդիպում մեր տարիքի մարդկանց, որոնք իրենց ամբողջ օրն անցկացնում են տանը և արդյունքում գիրանում են, ծերանում ու դառնում անգործունյա։ Մեր ծառայության շնորհիվ մենք մտավոր ու ֆիզիկապես կայտառ վիճակում ենք գտնվում։ Միշտ միասին ենք։ Շատ ենք ծիծաղում և ձգտում ենք հաճույք ստանալ կյանքից»։ Այո՛, ռահվիրայական ծառայությունը բազում օրհնություններ է խոստանում նրանց, ովքեր ճիշտ տրամադրվածություն ունեն այդ ծառայության հանդեպ, ովքեր ցանկանում են օգնել մարդկանց, ինչպես նաև իրենք հոգևորապես առաջադիմել (Առակ. 11։25)։