Աստծո Խոսքը ճիշտ ներկայացրու
1 Քարոզելով մի պաշտոնյայի՝ «Փիլիպպոսը բացեց իր բերանը եւ.... գրքից սկսելով՝ Յիսուսին աւետարանեց նրան» (Գործք 8։35)։ Փիլիպպոսը ‘ճշմարտության խոսքը ուղիղ էր ներկայացնում’ (Բ Տիմոթ. 2։15)։ Սակայն, ինչպես նշում են շրջագայող վերակացուները, այսօր շատ քարոզիչներ ծառայության ժամանակ հազվադեպ են օգտագործում Աստվածաշունչը։ Իսկ դու օգտագործո՞ւմ ես Աստվածաշունչը ծառայության ժամանակ։
2 Այն ամենը, ինչին հավատում ենք և ինչը սովորեցնում, Աստվածաշնչում է գտնվում (Բ Տիմոթ. 3։16, 17)։ Աստվածաշունչն է, որ մոտեցնում է մարդկանց Եհովային և նրանց կյանքի առաջնորդող գիտություն տալիս։ Ահա թե ինչու է կարևոր ծառայության ժամանակ պարզապես մեզ հետաքրքրող թեմաների շուրջ խոսելու փոխարեն՝ մարդկանց ուշադրությունը Աստվածաշնչի վրա դարձնել (Եբր. 4։12)։ Քանի որ մարդկանց մեծամասնությունը Աստվածաշունչը վատ գիտի, հարկավոր է նրանց համար կարդալ հենց Աստվածաշնչից, որպեսզի տեսնեն, թե ինչ գործնական խորհուրդներ է այն պարունակում և մարդկությանը վերաբերող ինչպիսի ապագայի մասին է պատմում։
3 Կարդա հենց Աստվածաշնչից։ Կարելի է ծառայության գնալ առանց պայուսակի. ընթացիկ ամսում տարածվող գրականությունը թղթապանակում դնել, իսկ Աստվածաշունչը ձեռքում պահել կամ դնել գրպանում։ Անհատի հետ խոսակցություն սկսելով՝ Աստվածաշունչը հանդիսավորությամբ մի հանիր, կարծես թե այժմ քարոզ ես կարդալու։ Երբ կարդում ես Աստվածաշնչից՝ այնպես կանգնիր, որ զրուցակիցդ կարողանա հետևել ընթերցանությանը։ Կամ խնդրիր նրան բարձրաձայն ընթերցել աստվածաշնչյան մի համար։ Երբ անհատը ոչ միայն լսում, այլ նաև տեսնում է աստվածաշնչյան համարները, դա ավելի խորը տպավորություն է գործում նրա վրա։ Ինչ խոսք, որպեսզի նա հասկանա տվյալ համարի իմաստը, հարկավոր է ընդգծել այն բառերը, որոնք հաղորդում են այդ համարում պարփակված անհրաժեշտ միտքը։
4 Մատուցում՝ մեկ համարով։ Ներկայանալուց հետո կարող ես ասել. «Մարդիկ խորհրդի համար դիմում են տարբեր աղբյուրների։ Ձեր կարծիքով ո՞ր աղբյուրն է լավագույնը։ [Թույլ տուր պատասխանել։] Ի՞նչ կասեք այս մտքի կապակցությամբ։ [Կարդա Առակաց 2։6, 7 խոսքերն ու թույլ տուր պատասխանել։] Մարդկային իմաստությունն անզոր է և շատերին է հիասթափեցրել։ Սակայն Աստծո իմաստությունը միշտ վստահելի է եղել և օգտակար»։ Այնուհետև կարելի է ցույց տալ առաջարկվող հրատարակությունը՝ ուշադրություն դարձնելով Աստծո իմաստությունն արտահայտող մեկ օրինակի վրա։
5 Անկեղծ մարդկանց օգնելու համար Հիսուսն օգտվում էր Գրություններից (Ղուկ. 24։32)։ Պողոս առաքյալն իր ասածը հաստատելու համար նույնպես դիմում էր Գրությունների օգնությանը (Գործք 17։2, 3)։ Եկեք մենք էլ սովորենք Աստծո Խոսքը ճիշտ ներկայացնել, որի արդյունքում մեր ուրախությունը ծառայության մեջ կշարունակի աճել։