«Մենք մեր ժողովի տարածքը արդեն շատ ենք քարոզել»
1 Երբևիցե ունեցե՞լ եք այնպիսի զգացում, որ ձեր ժողովի տարածքում հաճախակի քարոզելու պատճառով այլևս «ոչխարանման» անհատներ չեն մնացել այնտեղ։ Գուցե մտածել եք. «Գիտեմ, թե ինչպես են մարդիկ արձագանքելու։ Այդ դեպքում ինչո՞ւ այցելել այդ մարդկանց, եթե նրանք չեն հետաքրքրվում»։ Ճիշտ է, որ շատ տարածքներ հաճախակի են քարոզվում։ Բայց այդ հանգամանքին պետք է դրականորեն նայել, և ոչ թե՝ հակառակը։ Ինչո՞ւ. նկատի առնենք ներքոհիշյալ չորս պատճառները։
2 Մեր աղոթքներին պատասխան է տրվում։ Հիսուսն ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ Արդ, խնդրեցէ՛ք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար» (Ղուկ. 10։2)։ Տասնամյակներ շարունակ մենք աղոթել ենք Եհովային, որպեսզի նա մեզ ավելի ու ավելի շատ օգնի։ Շատ վայրերում լրացուցիչ քարոզիչների կարիք էր զգացվում, և այսօր այդ տեղերում աճել է քարոզիչների թիվը, ինչը օգնում է մեզ ավելի հաճախ քարոզել մեր ժողովների տարածքներում։ Արդյոք մեզ ուրախություն չի՞ պատճառում այն փաստը, որ Եհովան պատասխանում է մեր աղոթքներին։
3 Հաստատակամությունը լավ արդյունքներ է բերում։ Նույնիսկ հաճախակի քարոզվող տարածքներում դեռ կան մարդիկ, որոնք արձագանքում են Թագավորության բարի լուրին և ճշմարտության գիտությունն են ձեռք բերում։ Հետևաբար, մենք պետք է կրկին ու կրկին քարոզենք մեր տարածքներում՝ հուսալով ամեն անգամ անկեղծ անհատներ գտնել (Ես. 6։8–11)։ Հիսուսի վաղեմի աշակերտների նման, մենք էլ ‘շարունակ գնանք’ (ՆԱ) մեր տարածքները և աշխատենք այնտեղ ապրող բնակիչների մեջ Աստծո Թագավորության նկատմամբ հետաքրքրություն առաջացնել (Մատթ. 10։6, 7)։
4 Պորտուգալիայում շատ ժողովներ ամեն շաբաթ ամբողջությամբ քարոզում են իրենց տարածքները և դեռ էլի «ոչխարանման» անհատներ են գտնում։ Ահա թե ինչ է պատմում մի քույր այդ առնչությամբ. «Ամեն առավոտ ծառայության գնալուց առաջ աղոթում եմ Եհովային և օգնություն խնդրում նրանից, որպեսզի կարողանամ հետաքրքրել որևէ մեկին, և նա ցանկանա Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել»։ Մի անգամ նա պայմանավորվել էր ուսումնասիրություն անցկացնել վարսավիրանոցի աշխատողների հետ։ Սակայն հետագայում նրանցից միայն մեկը շարունակեց ուսումնասիրությունը։ Նա ասել էր քրոջը. «Մյուսներին դա չի հետաքրքրում, բայց ինձ համար հետաքրքիր է»։ Եվ մեկ ամսվա ընթացքում այդ կինն ինքը արդեն Աստվածաշնչի երկու տնային ուսումնասիրություն ուներ։ Կարճ ժամանակ անց նա մկրտվեց ու ավելի ուշ ռահվիրայություն սկսեց։
5 Գործն առաջ է ընթանում։ Բարի լուրի քարոզչությունն ընթանում է ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն էր նախագուշակել (Մատթ. 24։14)։ Նույնիսկ այն վայրերում, որտեղ մարդիկ «չեն ուզ[ում] լսել [մեզ]», քարոզչական գործունեության շնորհիվ նրանց նախազգուշացում է տրվում։ Մեզ համար անակնկալ չէ, որ ոմանք չեն ընդունում ճշմարտությունը կամ նույնիսկ հակառակվում են։ Այո, այդպիսի մարդկանց պետք է Եհովայի գալիք դատաստանի մասին նախազգուշացնել ինչպես հարկն է (Եզեկ. 2։4, 5; 3։7, 8, 19)։
6 Մեր գործը դեռ չի ավարտվել։ Մենք չէ, որ պետք է որոշենք, թե երբ է հարկավոր դադարեցնել քարոզչական աշխատանքը։ Եհովա՛ն գիտի ավարտվելու ստույգ ժամանակը։ Նա՛ գիտի՝ արդյոք մեր տարածքներում կա՞ն մարդիկ, որոնք դեռ կարձագանքեն բարի լուրին, թե՝ ոչ։ Այսօր շատերն են ասում, որ ճշմարտությունն իրենց չի հետաքրքրում, սակայն նրանց կյանքում տեղի ունեցող մեծ փոփոխությունները, ինչպես՝ աշխատանքի կորուստը, ծանր հիվանդությունը, հարազատի մահը, գուցե պատճառ դառնան մեկ ուրիշ անգամ ավելի լավ տրամադրվելու բարի լուրին։ Կանխակալ կարծիքները կամ մեր հաղորդած լուրը լսելու համար խիստ զբաղված լինելն է եղել պատճառը, որ շատերը երբեք չեն լսել, թե ինչ ենք մենք քարոզում։ Հնարավոր է, որ կրկնակի անգամ նրանց այցելելու արդյունքը լինի այն, որ ուշադրություն դարձնեն մեր լուրին և լսեն այն։
7 Այն բնակիչները, որոնք վերջին տարիներին արդեն չափահաս են դարձել, ինչպես նաև նրանք, ովքեր իրենց ընտանիքներն են կազմել, կյանքի հետ առնչվող հարցերին ավելի լուրջ են վերաբերվում և ունենում են հարցեր, որոնց պատասխանները միմիայն Աստծո Խոսքն է տալիս։ Մի երիտասարդ մայր, երկու Վկաների հրավիրելով իր տուն, ասում է նրանց. «Երբ ես փոքր էի, չէի կարողանում հասկանալ, թե ինչու մայրս չէր ընդունում Վկաներին, և երբ նրանք ուզում էին խոսել Աստվածաշնչի մասին, ասում էր, թե դա իրեն չի հետաքրքրում։ Ես վճռել էի, որ, երբ մեծանամ, ամուսնանամ և իմ բնակարանն ունենամ, Եհովայի Վկաներին ներս կհրավիրեմ և կխնդրեմ նրանց բացատրել ինձ Աստվածաշունչը»։ Եվ ի ուրախություն իրեն այցելած Վկաների՝ նա այդպես էլ վարվել էր։
8 Կարո՞ղ եք ավելի արդյունավետ կերպով քարոզել։ Երբ մեզ թվում է, թե մեր տարածքում հաճախակի քարոզելն իրենից դժվարություն է ներկայացնում, անպայման չէ, որ պատճառը այնտեղ բնակվող մարդիկ լինեն։ Երբեմն պատճառը մենք ենք լինում։ Ինչպիսի՞ զգացմունքներով եք պատրաստվում գնալ ձեր տարածք քարոզելու. բացասակա՞ն։ Եթե այո՛, նկատի ունեցեք, որ դա կարող է ազդել մեր վերաբերմունքի և, հավանաբար, մեր ձայներանգի ու դեմքի արտահայտության վրա։ Ուստի, դրական տրամադրվածություն դրսևորեք և աշխատեք ձեր դեմքին հաճելի արտահայտություն տալ։ Փորձեք նոր մոտեցում ցույց տալ։ Փոխեք ձեր մատուցումը և աշխատեք բարելավել այն։ Գուցե մեկ ուրիշ հարցով սկսեք խոսակցությունը կամ ուրիշ սուրբգրային համար գործածեք խոսակցությունը սկսելիս։ Հարցրեք ուրիշ եղբայրների և քույրերի, թե ժողովի տարածքում հաջողությամբ քարոզելու ինչ նոր միջոց են գտել։ Համագործակցեք տարբեր քարոզիչների, ինչպես նաև ռահվիրաների հետ, և ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե ինչի շնորհիվ է նրանց ծառայությունը արդյունավետ դառնում։
9 Թագավորության քարոզչության գործը Եհովայի հավանությանն ու օրհնությանն է արժանանում։ Իսկ այդ գործում մեր մասնակցությունը նրա և մեր դրացու հանդեպ ունեցած սիրո ապացույցն է (Մատթ. 22։37–39)։ Ուրեմն՝ եկեք մեր գործն իր ավարտին հասցնենք և չհոգնենք տարածքներում պարբերաբար քարոզելուց։