‘Բարի՛ն գործենք’ և գովասա՛նք ստանանք
1 «Նրանց մեջ այնպիսի հանդարտություն եմ տեսնում, որ երբևիցե չեմ տեսել ուրիշների մեջ»։ «Հաճելի է նրանց ընդունելը»։ Անցած տարվա նահանգային համաժողովից հետո համաժողովների պատվիրակներին տեսնողների կողմից նման մեկնաբանություններ շատ ենք ստացել։ Դրանք խոսում են այն բարի համբավի մասին, որ ունի մեր կազմակերպությունը (Առակ. 27։2; Ա Կորնթ. 4։9)։ Վերջին հաշվով, փառաբանության այդ խոսքերը Եհովային են ուղղվում (Մատթ. 5։16)։ Աստծուն փառք բերելու հիանալի հնարավորություն է բացվում նաև այս տարվա «Աստծո Խոսքի ուսուցիչները» անվանումը կրող նահանգային համաժողովին։
2 Ամեն տարի մենք սիրալիր հիշեցումներ ենք ստանում համաժողովի ժամանակ պատշաճ վարք դրսևորելու վերաբերյալ։ Ինչո՞ւ։ Քանի որ աշխարհում մարդկանց մտածելակերպը, հագվելակերպն ու վարքը գնալով ապականվում են, իսկ մենք չենք ցանկանում նմանվել նրանց։ Մենք չենք ուզում, որ մեր բարի անունը արատարվորվի (Եփես. 2։2; 4։17)։ Եկեք ուշադրություն դարձնենք հետևյալ հիշեցումները։
3 Բարին գործենք հյուրանոցներում։ Մենք հայտնի ենք մեր ազնվությամբ (Եբր. 13։18)։ Հետևաբար, պետք է մեզ հատկացված համարում իջևանող մարդկանց թվի մասին ճիշտ տեղեկություն տանք։ Եթե չի թույլատրվում համարում կերակուր պատրաստել, ապա պետք է հետևել այդ կարգին։ Մի հյուրանոցատեր ասել էր, որ նա Եհովայի վկաների համար կարող է նվազեցնել կացարանի վարձը , քանի որ համարներից երբեք սրբիչներ չեն կորել, և նորերի կարիքը չի զգացվել։ Նա վստահ է, որ Վկաները հյուրանոցի գույքի մասին հոգ են տանում։ Իհարկե, գեղեցիկ չի լինի, որ մենք որպես «հիշատակ» ինչ–որ բան վերցնենք հյուրանոցից։ Ընդհակառակը՝ եթե ընդունված է տվյալ վայրում, կարելի է մատուցված ծառայությունների համար շնորհակալություն հայտնել՝ մի փոքրիկ բան թողնելով։ Եվ հարկավոր է միշտ քաղաքավարությամբ ու համբերատարությամբ վերաբերվել հյուրանոցի անձնակազմին։
4 Ականատեսների վրա մեծ տպավորություն կգործի այն, թե ինչպես են մեր պատանիները քաղաքավարի և հնազանդ վարք դրսևորում (Եփես. 6։1, 2)։ Ծնողնե՛ր, խնդրում ենք ձեզ հսկել ձեր երեխաներին, որպեսզի նրանք չանհանգստացնեն ուրիշներին. դա վերաբերում է նաև լողավազանից կամ զվարճանալու համար նախատեսված տեղերից օգտվելուն։ Պետք է աշխատենք չշրխկացնել դռները կամ հատկապես երեկոյան ժամերին աղմուկ չբարձրացնել։
5 Մենք կարող ենք նաև բարին գործել՝ նրբանկատ լինելով հյուրանոցում իջևանած ոչ Վկա հյուրերի հանդեպ, որոնք նույնպես օգտվում են հյուրանոցի ծառայություններից։ Որոշ հյուրանոցներից բողոքներ են եկել, թե համաժողովի պատվիրակները օգտագործել են սառցամեքենայի ամբողջ սառույցը և այն իրենց սառցարանները լցրել։ Նաև վայելուչ չի լինի, եթե վերցնենք ու տանենք այն մթերքները, որ որպես քաղաքավարության նշան հյուրանոցի անձնակազմը հյուրասիրում է մեզ, կամ էլ մեր թերմոսները լցնենք սուրճով ավելի ուշ ժամի խմելու համար։ Երբեք չպետք է կարծենք, որ հյուրանոցի կարգուկանոնին հետևելու հարցում մենք արտոնյալ ենք։
6 Բարին գործենք համաժողովի անցկացման վայրում։ Նկատվել է, որ համաժողովի պատվիրակներից ոմանք մերժել են համագործակցել կարգադրիչների հետ, և նույնիսկ ոչ քրիստոնեավայել ձևով են խոսել նրանց հետ։ Որոշ պատվիրակներ չեն հետևել եղբայրների տված հրահանգներին և իրենց ավտոմեքենաները կանգնեցրել են օրենքով արգելված տեղերում։ Հետևանքը եղել է այն, որ ոստիկանները բուքսիրով քաշել–տարել են նրանց ավտոմեքենաները։ Ինչ խոսք, «առաջինը ինձ» մտածելակերպ դրսևորելը չի խոսում բարիք գործելու մասին, ոչ էլ փառք է բերում Եհովա Աստծուն։ Ուրեմն, եկեք լինենք սիրալիր, համբերատար և համագործակցության ոգի ցուցաբերենք (Գաղ. 5։22, 23, 25)։
7 Ժամը 8–ին՝ համաժողովի դռները բացվելուն պես, կարելի է տեսնել որոշ քույրերի և եղբայրների, որոնք վազքով, ուրիշներին հրելով, «սլանում» են, այսպես կոչված, «ամենալավ» տեղերը զբաղեցնելու, ինչի հետևանքով ոմանք մարմնական վնասվածք են ստացել։ Եվ թեև խորհուրդ է տրվում մթերքներ բերել թեթևակի ճաշելու համար, վայել չէ ճաշի մեծ, ճոխ սեղաններ բաց անել, որոնք կարող են զբոսախնջույքներ հիշեցնել։
8 Բարին գործենք մեր հագուստով և արտաքին տեսքով։ Նախորդ տարվա նահանգային մի համաժողովից հետո խոշոր քաղաքներից մեկում լույս տեսնող մի լրագրի խմբագիր գրեց. «Ամենից շատ տպավորիչ էր այն, թե ինչպես էր Վկաների բազմությունը հորդում դեպի ստադիոն։ Որքա՜ն հաճելի էր տեսնել այդ մեծ խմբին արժանապատվությամբ և հարգանք ներշնչող տեսքով քայլելիս։ Տոնական հագուստներ հագած հարյուրավոր ընտանիքներ, ամենատարբեր ռասաների և էթնիկական ծագումների ամբողջություն կազմելով, հանգիստ մտնում էին հավաքատեղի։ Նրանց պահելաձևը ճիշտ հակապատկերն էր այն ամբոխների, որոնք սովորաբար հավաքվում են ստադիոնում։ Իրականում, Վկաները ընդհանուր առմամբ շատ են տարբերվում մյուս բազմություններից։ Այդ բազմություններին բնորոշ է անքաղաքավարի վարքը։ ....Իրոք որ, Վկաների բազմությանը նայելը հաճելի է»։ Եկեք երբեք թույլ չտանք, որ մեր արտաքին տեսքը, հագուկապը և վարքը ինչ–որ ձևով ստվեր գցեն համաժողովի հոգևոր մթնոլորտի վրա (Փիլիպ. 1։10; Ա Տիմոթ. 2։9, 10)։
9 Բարին գործենք մկրտության ժամանակ։ Մկրտության թեկնածուները պետք է այդ արարողության ժամանակ արժանավայել վարք դրսևորեն։ Համեստ լողազգեստներ հագնելով՝ նրանք ցույց կտան, որ գնահատում են արարողության սրբությունը։ Շատ օգտակար կլինի, եթե Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնողները մինչև համաժողով այցելելը իրենց աշակերտների հետ քննարկեն «Դիտարանի» 1995–ի ապրիլի 1–ի (ռուս.) համարից «Ընթերցողների հարցերը» հոդվածը։
10 Մեր վայելուչ արտաքինը և աստվածահաճո վարքը վկայում են մեր քրիստոնեական հավատալիքների մասին և նպաստում են այն բանին, որ անկեղծ սրտով անհատները ավելի հեշտ ընդունեն ճշմարտությունը։ Եկեք, ուրեմն, «Աստծո Խոսքի ուսուցիչները» համաժողովին ներկա լինելով, ‘բարին գործենք’ և գովասանք ստանանք (Հռովմ. 13։3)։