Տոնակատարությունները*
Սահմանում։ Օրեր (սովորաբար ոչ աշխատանքային), որ նշանակվում են որևէ իրադարձություն նշելու համար։ Այդպիսի օրերը կարող են տոնախմբության առիթներ լինել ընտանիքի համար կամ հասարակության մեջ։ Տոնակատարությունների մասնակիցները կարող են դրանք դիտել որպես կրոնական տոներ, մեծ թվով մարդկանց կամ տեղային հավաքույթների առիթներ։
Սխա՞լ է մասնակցել այնպիսի տոնակատարությունների, որոնք կարող են ոչ քրիստոնեական ծագում ունենալ, եթե դրանք չեն նկատվում որպես կրոնական տոներ։
Եփես. 5։10, 11. «Ստուգեցէք, թէ ո՛րն է հաճելի Տիրոջը. եւ խաւարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղէք, այլ մանաւանդ մերկացրէ՛ք դրանք»։
Բ Կորնթ. 6։14–18. «Ի՞նչ կապ ունի արդարութիւնը անօրինութեան հետ. եւ կամ ի՞նչ յարաբերութիւն լոյսի եւ խաւարի միջեւ. եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ «....Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,— ասում է Տէրը,— եւ մի՛ դիպէք պիղծ բաներին. եւ ես պիտի ընդունեմ ձեզ. .... եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր»,— ասում է ամենակալ Տէրը»։ (Անկեղծ սերը Եհովայի հանդեպ և նրան հաճեցնելու մեծ ցանկությունը կօգնի անհատին ազատվել ոչ քրիստոնեական սովորույթներից, որոնք, հավանաբար, հրապուրիչ են եղել։ Այն մարդը, որն իսկապես ճանաչում և սիրում է Եհովային, երբեք չի կարծի, որ, կեղծ աստվածներին պատվող կամ սուտը պաշտպանող սովորույթներից հրաժարվելով, ինչ–որ կերպով զրկվում է երջանկությունից։ Իսկական սերը մղում է նրան ուրախանալ, և ուրախանալ ոչ թե անիրավության համար, այլ՝ ճշմարտության (տես Ա Կորնթացիս 13։6))։
Համեմատիր Ելից 32։4–10։ Նկատեցեք, որ իսրայելացիները եգիպտական կրոնական մի սովորույթ փոխառան և վերանվանեցին այն ‘Եհովայի տոն’։ Սակայն Եհովան խստորեն պատժեց նրանց այդ արարքի համար։ Այսօր ականատեսներն ենք միայն մեր դարում կատարվող տոնական սովորույթների։ Դրանցից ոմանք կարող են անվնաս թվալ։ Բայց Եհովան տեղյակ է դրանց ծագմանը, նա գիտի, որ դրանք գալիս են հեթանոսական կրոնական սովորույթներից։ Արդյոք նրա տեսակետը կարևոր նշանակություն պետք չէ՞ ունենա մեզ համար։
Պատկերավոր օրինակ։ Ենթադրենք՝ մի խումբ մարդիկ գալիս են ինչ–որ մեկի տուն և ասում են, թե եկել են՝ տոնելու նրա ծննդյան օրը։ Այդ մարդը չի ընդունում ծննդյան տոները։ Նրան դուր չեն գալիս այնպիսի տեսարանները, որտեղ մարդիկ անհագորեն ուտում են, հարբում են կամ վատ վարք դրսևորում։ Եկողներից ոմանք այդպիսի վարք ունեն. նրանք նվերներ են բերում բոլոր այնտեղ հավաքվածների համար՝ բացի այդ մարդուց։ Այդ ամենի հետ միասին նրանք տոնելու համար ընտրում են նրա թշնամիներից մեկի ծննդյան օրը։ Ի՞նչ զգացումներ կունենա նա։ Դու կցանկանայի՞ր մասնակցել այդ խնջույքին։ Այս պատկերավոր օրինակը համապատասխանում է Սուրբ Ծննդյան տոնակատարություններին։
Կարո՞ղ են քրիստոնյաները տոնել Նոր տարին։
Համաձայն «Ուորլդ բուք» հանրագիտարանի՝ «հռոմեացի կառավարիչ Հուլիոս Կեսարը մ.թ.ա. 46 թ.–ին հունվարի 1–ը նշանակեց որպես նոր տարվա սկիզբ, որը նվիրված էր Հունոս աստծուն՝ մուտքի ու ելքի, դռների ու ամեն բանին սկիզբ տվող աստծուն։ Հունոսի պատվին, որն ուներ երկու երես՝ մեկը դեպի առաջ նայող, մյուսը՝ ետ, կոչվեց հունվար ամիսը» («The World Book Encyclopedia», 1984, հատ. 14, էջ 237)։
Նոր տարվա և՛ ամսաթիվը, և՛ սովորույթները տարբեր երկրներում տարբեր են։ Շատ վայրերում անզուսպ խրախճանքները և հարբեցողությունը տոնակատարությունների մասն են կազմում։ Սակայն Հռովմայեցիս 13։13–ը խորհուրդ է տալիս. «Շարժուենք առաքինութեամբ, ինչպէս ցերեկով, ոչ անառակութիւններով եւ հարբեցողութեամբ, ոչ պոռնկութեամբ եւ պղծութեամբ, ոչ նախանձով եւ կռուազանցութեամբ» (տես նաև Ա Պետրոս 4։3, 4; Գաղատացիս 5։19–21)։
Որտե՞ղից է առաջ եկել սուրբ Վալենտինի օրը։
«Ուորլդ բուք» հանրագիտարանը տեղեկացնում է մեզ. «Սուրբ Վալենտինի օրը առաջ է եկել քրիստոնյա երկու մարտիրոսներին նվիրված տոնից, որոնք կրել են այդ անունը։ Բայց այդ օրվա հետ կապված սովորույթները.... հավանաբար ծագել են հին հռոմեական «լուպերկալիա» կոչվող տոնից, որը նշվում էր ամեն տարի փետրվարի 15–ին։ Այդ տոնակատարությունը նվիրված էր հռոմեական աստվածուհի Յունոյին (կանանց և ամուսնության հովանավոր աստվածուհի) և բնության աստված Փանին» («The World Book Encyclopedia», 1973, հատ. 20, էջ 204)։
Որտեղի՞ց է առաջ եկել մայրության օրը։
«Բրիտանական հանրագիտարանը» նշում է. «Տոնակատարությունը առաջ է եկել հին հունական՝ մայրության պաշտամունքից։ Պաշտոնապես մայրության պաշտամունքը, Կիբելին կամ Ռեային՝ աստվածների Մեծ Մորը նվիրված ծիսակատարությունների հետ միասին, անցկացվում էր մարտ ամսվա իդերին ամբողջ Փոքր Ասիայում» (հրատ. 1959, հատ. 15, էջ 849)։
Աստվածաշնչի ո՞ր սկզբունքներն են բացահայտում քրիստոնեական տեսակետը պետության քաղաքական պատմության իրադարձությունները տոնելու վերաբերյալ։
Յովհ. 18։36. «Յիսուս պատասխանեց [հռոմեական կառավարչին]. «Իմ թագաւորութիւնը այս աշխարհից չէ»»։
Յովհ. 15։19. «Եթե այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ [Հիսուսի հետևորդներիդ] սիրած կը լինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է»։
Ա Յովհ. 5։19. «Ամբողջ աշխարհը չարի մէջ է [«չարի տիրապետության տակ է», ՆԱ]» (համեմատիր Յովհաննէս 14։30; Յայտնութիւն 13։1, 2; Դանիէլ 2։44)։
Ուրիշ տոներ՝ ընդունված հասարակության մեջ և պետականորեն։
Այդպիսի տոները շատ են։ Դրանք բոլորը հնարավոր չէ այստեղ քննարկել։ Վերը տրված պատմական տեղեկագրությունները ցույց են տալիս, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել որևիցե տոնակատարություն նկատի առնելիս, նաև տեսնում ենք, որ քննարկված սուրբգրային սկզբունքները մեծ առաջնորդություն են հայթայթում նրանց համար, ովքեր անկեղծորեն ցանկանում են անել այն, ինչը հաճելի է Եհովա Աստծուն։
*Սույն հոդվածը մասամբ թարգմանվել է «Պատճառաբանել» գրքի «Տոնակատարությունները» հոդվածից, անգլ։