«Ձեր աշխատանքը զուր չէ»
1 Ինչպիսի՜ ոգևորիչ միտք։ Եհովայի ծառայության մեջ քո կատարած աշխատանքը զուր չէ (Ա Կորնթ. 15։58, ԱԹ)։ Հակառակ դրան՝ տես, թե մարդիկ որքան ժամանակ են տրամադրում ու ջանք թափում իրենց հասարակական դիրքը կամ ֆինանսական վիճակը բարելավելու համար։ Նրանք գուցե տարիներ շարունակ բարձրագույն կրթություն են ստանում, կամ էլ տքնաջան աշխատում են՝ նյութապես բարգավաճելու նպատակով։ Բայց «ժամանակի եւ դիպուածի» պատճառով հնարավոր է, որ այդ մարդիկ այդպես էլ չհասնեն այն համբավին, որին ձգտում են, կամ էլ գուցե ստիպված լինեն բավականանալ ավելի քիչ նյութականով, քան կցանկանային։ Փաստորեն, նրանց բոլոր ջանքերը զուր կլինեն, ինչպես «քամիի աշխատանք» (Ժող. 1։14; 9։11)։ Ուրեմն, որքա՜ն կարևոր է կատարել այն միակ աշխատանքը, որը զուր չէ և հարատև օգուտներ է բերում։
2 Իսկապես արժեքավոր աշխատանք։ Աստծո Թագավորության մասին բարի լուրի քարոզչությունը կարևորագույն աշխատանքն է աշխարհում։ Այն պետք է կատարել անկախ նրանից՝ լսում են մարդիկ մեզ, թե՝ ոչ։ Արդյունքում մենք կցանկանայինք կրկնել Պողոսի խոսքերը. «Ես մաքուր եմ բոլորիդ արիւնից, որովհետեւ չքաշուեցի ձեզ յայտնելու Աստծու կամքը ամբողջութեամբ» (Գործք 20։26, 27)։
3 Անչափ ուրախալի է, երբ մարդիկ լսում և արձագանքում են Թագավորության լուրին։ Ահա մի օրինակ. երբ մի երիտասարդուհու մորաքույրը մահանում է, նա ցանկանում է իմանալ, թե ո՞ւր է գնացել նա՝ դժո՞խք, թե՝ դրախտ։ Նա օգնության համար աղոթում է Աստծուն, գործածելով Եհովա անունը, ինչպես սովորեցրել էր իր քույրը։ Շուտով երիտասարդուհին սկսում է Աստվածաշունչ ուսումնասիրել ու քրիստոնեական հանդիպումներին հաճախել։ Նա սկսում է կյանքին բոլորովին այլ տեսանկյունից նայել ու խզում է փողոցային խմբերի հետ բոլոր կապերը։ Երիտասարդուհին թողնում է ծխելը, թմրանյութեր գործածելը և գողություն անելը։ Նա խոստովանում է. «Միայն Եհովայի հանդեպ սիրուց մղված թողեցի այդ վատ կյանքը։ Միայն նա կարող էր իր մեծ ողորմածությամբ ինձ հավիտենական կյանքի հույս շնորհել»։ Նա այլևս զուր գործերով չի անցկացնում իր կյանքը։
4 Նույնիսկ եթե մարդիկ մերժում են լսել բարի լուրը, քո կատարած գործը չի արժեզրկվում։ Նրանք գիտեն, որ իրենց այցելել են Եհովայի վկաները։ Մարդիկ տեսնում են քո ուղղամտությունը, հավատարմությունը և սերը։ Ուրեմն, կարելի՞ է համարել, որ քո «աշխատանքը Տէրումը» զուր է։ Ոչ մի դեպքում։