Ուրախություն գտիր սուրբ ծառայության մեջ
1 Նրանք վերադարձան «ուրախութիւնով»։ Աստվածաշունչը ցույց է տալիս, թե ինչ էին զգում 70 աշակերտները, երբ, վերադառնալով քարոզչական երկար շրջագայությունից, պատմում էին Հիսուսին այդ մասին։ Նրանք զգացին, թե ինչպիսի հաճույք կարող է պատճառել Աստծո կամքը կատարելը (Ղուկ. 10։17, ԱԹ)։ Ի՞նչը կարող է օգնել քեզ՝ նման ուրախություն գտնելու սուրբ ծառայության մեջ։
2 Դրական մտածելակերպ։ Դու աստվածատուր առանձնաշնորհում ունես՝ մարդկանց Աստծո մեծ նպատակի հետ ծանոթացնելու։ Քարոզելով կարող ես օգնել մարդուն՝ ազատվելու այս աշխարհի ապականված սովորույթներից և կեղծ կրոնի ճիրաններից։ Դու կարող ես մարդկանց հաղորդել այնպիսի աշխարհում ապրելու հույսի մասին, որտեղ չեն լինելու այն երկպառակությունները, որոնք շրջապատում են մեզ այսօր։ Խորհիր այն մասին, թե ի՜նչ ուրախություն է զգում Եհովան, երբ դու հաջողությամբ ճշմարտության սերմերը գցում ես ընկալունակ սրտի մեջ։ Մինչ շարունակում ես ամբողջ սրտով կատարել քո ծառայությունը, դրականորեն տրամադրվելով, աղոթիր, որ Աստծո սուրբ ոգին քո սրտում ուրախության պտուղը զարգացնի։
3 Գործնական նախապատրաստություն։ Այն ուսուցողական հանդիպումը, որը Հիսուսն անցկացրեց իր 70 աշակերտների հետ, նման է մերօրյա ժողովի Ծառայողական հանդիպմանը։ Նա նրանց կրթեց այնպես, որպեսզի կարողանային արդյունավետ կերպով կատարել իրենց ծառայությունը (Ղուկ. 10։1—16)։ Այսօր Ծառայողական հանդիպման ժամանակ մենք սովորում ենք, թե ինչպես դիմել մարդկանց, զրույցի բռնվել և ինչպես Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսել ու վարել։ Կիրառելով և կատարելագործելով քարոզչական հմտություններդ՝ կտեսնես, որ անհանգստության ու անընդունակության ցանկացած զգացում, որ միգուցե ունես, կթուլանա ու տեղի կտա վստահությանն ու ուրախությանը։
4 Հայացքդ ուղղիր դեպի ապագան։ Չնայած իր կրած տառապանքներին՝ Հիսուսն ուրախություն գտավ իր սրբազան ծառայության մեջ։ Իսկ ինչպե՞ս։ Նա հայացքն անթարթ ուղղել էր իրեն սպասվող օրհնությունների ու առանձնաշնորհումների վրա (Եբր. 12։2)։ Դու կարող ես նույնն անել՝ կենտրոնացնելով միտքդ ու սիրտդ Եհովայի անվան ու այն օրհնությունների վրա, որոնք կլինեն Աստծո նոր աշխարհում։ Սա ուրախությամբ և իմաստով կլցնի ծառայությունդ։
5 Մեծագույն առանձնաշնորհումը, որ այսօր կարող ես ունենալ, Եհովային սրբազան ծառայություն մատուցելն է։ Ուստի, թող որ սիրտդ ասի. «Քո կամքը կատարել կամեցայ, ով Աստուածս» (Սաղ. 40։8)։