Առանձնաշնորհում՝ մատչելի երեխաներին
1 Ճշմարտությամբ դաստիարակված շատ քրիստոնյաներ, որոնք այսօր արդեն ծնողներ են, հաճույքով են հիշում իրենց մանկության տարիները, երբ առանձնաշնորհում ունեին մասնակցելու պարբերագրերով ծառայությանը։ Ծառայության այս ձևը բոլոր ժողովներում հիմնադրվել է 1949 թ.–ին։ Այդ ժամանակ յուրաքանչյուրը ձգտում էր շաբաթական մեկ օր հատկացնել փողոցում, տնետուն, խանութից խանութ և այլ վայրերում քարոզելիս «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրեր տարածելուն։ Փոքրահասակ քարոզիչներին գրավում էր հատկապես ծառայության այդ ձևը, որովհետև դա նրանց հնարավորություն էր տալիս կատարել նույն գործը, ինչ որ մեծահասակներն էին անում։ Նույն զգացումն ունեցե՞լ ես դու, երբ դեռ երեխա էիր։
2 Ներգրավիր քո երեխաներին։ Փոքրիկ երեխաները, որոնք դեռևս չեն կարող աստվածաշնչային թեմաներով զրուցել, կարող են առնվազն պարբերագրեր առաջարկել։ Դրա համար կպահանջվի միայն կարճ նախադասություններից կազմված մի պարզ մատուցում սովորել։ Գուցե բավական է ընդամենը պարբերագրի կազմի վրա պատկերված նկարի մասին կարճ մեկնաբանությունը։ Շատ տանտերեր պատրաստակամորեն են երեխաներից պարբերագրեր վերցնում՝ հաճախ բարյացակամորեն արտահայտվելով վերջիններիս անկեղծության ու լավ վարքագծի մասին։ Ընդամենը մի փոքր օգնություն, և երեխաները կկարողանան ծառայության այս ձևին ակտիվորեն մասնակցել՝ այդպիսով իրենց արժեքավոր լուման ներդնելով Թագավորության լուրի տարածման գործում։ Իհարկե, երեխաների մեծանալուն զուգընթաց՝ ծնողները կցանկանան օգնել իրենց զավակներին, որպեսզի նրանք շարունակեն զարգացնել իրենց քարոզչական հմտությունները։
3 Մանուել անունով մի փոքրիկ սկսեց տնետուն քարոզել, երբ ընդամենը երեք տարեկան էր։ Ծնողները սովորեցրել էին մտապահել մի կարճ մատուցում։ Այսօր նա ջանասիրությամբ քարոզում է նրանց հետ միասին՝ տարածելով պարբերագրեր, գրքույկներ և թերթիկներ։ Մանուելը կարողանում է նաև պատահական զրույցներ սկսել։ Մի անգամ, երբ նա ծնողների հետ խաղում էր զբոսայգում, ինքնուրույն սկսում է թերթիկներ առաջարկել շրջապատի մարդկանց։ Չնայած նա դեռ փոքր է, սակայն ծառայության հանդեպ նրա խանդավառությունը իսկական քաջալերանք է ինչպես ծնողների, այնպես էլ ամբողջ ժողովի համար (Առակ. 22։6)։
4 «Եհովայի վկաների 2000 թ. օրացույցում» կարելի է նկատել, որ ամեն շաբաթ օրը նախատեսված է պարբերագրերով ծառայություն։ Ո՛վ ծնողներ, մենք խորհուրդ ենք տալիս ձեզ, որպեսզի ավելի շատ հետաքրքրվեք ծառայության այս ձևով և օգնեք ձեր երեխաներին հնարավորին չափ կանոնավորապես օգտվել այս առանձնաշնորհումից։