Անպայման կրկին այցելիր
1 «Ի՜նչ հաճելի զրույց էր։ Պետք է հիշել ու կրկին այցելել այդ անհատին»։ Երբևէ ասե՞լ ես այդպիսի խոսքեր, բայց հետո մոռացել, թե որտեղ է ապրում այդ մարդը։ Եթե այո՛, այդ դեպքում գիտես, որ անպայման կրկին այցելելու համար պետք է նշումներ կատարել։
2 Գրանցիր ամեն բան։ Քանի դեռ տվյալ զրույցը թարմ է հիշողությանդ մեջ, մի փոքր ժամանակ տրամադրիր այդ այցելության մասին կարևոր ինֆորմացիան թղթին հանձնելու համար։ Նշիր անհատի անունը, մի քանի բառով նկարագրիր նրան։ Գրի առ նրա ճիշտ հասցեն՝ առանց ենթադրությունների. ստուգիր, որ նշումներդ ճիշտ լինեն։ Գրառումներ արա նաև խոսակցության թեմայի, կարդացված սուրբգրային համարների և առաջարկված գրականության մասին։
3 Եթե խոստացել ես հաջորդ այցելության ժամանակ պատասխանել ինչ–որ բաց հարցի, գրիր նաև այդ մասին։ Զրույցի ժամանակ որևէ բա՞ն է քեզ հայտնի դարձել զրուցակցիդ, նրա ընտանիքի կամ հավատի մասին։ Եթե այո՛, դա նույնպես գրի առ։ Հաջորդ այցելության ժամանակ այդ մասին հիշեցնելով՝ ցույց կտաս, որ անհատապես հետաքրքրվում ես նրանով։ Եվ վերջապես, գրանցիր այցելության օրն ու ժամը, նաև նշիր, թե երբ ես խոստացել վերադառնալ։ Ճշգրիտ նշումների շնորհիվ կունենաս հստակ հիշեցում, և քիչ կլինի հավանականությունը, թե կարող ես մոռանալ վերստին այցելելու մասին խոստումդ (Ա Տիմոթ. 1։12)։
4 Անհրաժեշտ նշումներ կատարելուց հետո, նշումներդ դիր անձնական պիտույքներիդ հետ՝ պայուսակիդ, Աստվածաշնչիդ, «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկիդ մեջ կամ ուրիշ գրականության հետ, այնպես, որ դրանք միշտ ձեռքիդ տակ լինեն։ Լավ կլինի առանձին գրանցել այն բնակարանները, որտեղ ոչ ոք տանը չի եղել, և այնպիսիները, որոնց պետք է կրկին այցելես։ Իհարկե, ճշգրիտ նշումներ կատարելուց բացի, կարևոր է նաև անպայման կրկին այցելել այդ անհատներին։
5 Խորհիր նրա մասին։ Ծառայությանը պատրաստվելիս վերանայիր կրկնակի այցելությունների մասին նշումներդ։ Խորհիր յուրաքանչյուր անհատի մասին, թե ինչ թեմայով լավ կլիներ զրուցել հաջորդ այցելության ժամանակ։ Մտածիր, թե ինչպես կարող ես զարգացնել անհատի հետաքրքրությունը Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելու համար։ Այսպիսի պլանավորումը կօգնի քեզ առաջադիմել որպես բարի լուրի քարոզիչ, ինչն, անշուշտ, ուրախություն կպատճառի քեզ (Առակ. 21։5ա)։
6 Ուրեմն, հաջորդ անգամ հետաքրքրվող անհատի հանդիպելիս մի կարծիր, թե առանց դժվարության կհիշես այդ այցելության մանրամասնությունները։ Նշումներ արա, վերանայիր դրանք, մտածիր զրուցակցիդ մասին, ու այնուհետև՝ անպայման վերայցելիր նրան։