Բարի լուրը քարոզենք կատարյալ վստահությամբ
1 Առաջին դարի սկզբներին Հիսուս Քրիստոսը հանձնարարեց իր հետևորդներին քարոզել Թագավորության բարի լուրը և ‘աշակերտել բոլոր ազգերին’ (Մատթ. 24։14; 28։19, 19)։ Եհովայի վկաները լրջորեն են մոտենում այդ հրահանգին. դա երևում է այն բանից, որ այս 20–րդ դարի վերջին քրիստոնյաների թիվը 234 երկրներում աճել է և արդեն գերազանցում է 5 900 000–ին։ Փառաբանության ինչպիսի՜ վառ վկայություն՝ ուղղված մեր երկնային Հորը...
2 Արդեն մուտք ենք գործել 21–րդ դար։ Մեր Թշնամին խորամանկորեն փորձում է խանգարել մեզ Թագավորությունը քարոզելու և աշակերտներ պատրաստելու կարևոր գործին։ Նա ճնշում է բանեցնում մեզ վրա՝ օգտագործելով իրերի ներկա համակարգը, որպեսզի շեղի մեր ուշադրությունը, խլի մեր ժամանակը և սպառի մեր ուժերը երկրորդական կարևորություն ունեցող գործերի և հետաքրքրությունների վրա։ Թույլ տալու փոխարեն, որ այս համակարգը թելադրի մեզ, թե ի՛նչն է կարևոր մեր կյանքում՝ մենք, հնազանդվելով Աստծո Խոսքին, ցույց ենք տալիս, թե ո՛րն է կարևորը մեզ համար՝ այն է՝ կատարել Եհովայի կամքը (Հռովմ. 12։2)։ Դա նշանակում է հնազանդվել սուրբգրային հետևյալ հորդորին՝ «խօսքը քարոզէ.... ամէն առիթով, պատեհութիւնը կամ անպատեհութիւնը խորհելու.... եւ ծառայութիւնդ իր աւարտին հասցրու» (Բ Տիմոթ. 4։2, 5, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.)։
3 Կատարյալ վստահություն զարգացրու։ Քրիստոնյաներին անհրաժեշտ է ‘կատարյալ և լցված [«համոզված», ՆԱ] լինել Աստծո բոլոր կամքի մեջ’ (Կող. 4։12)։ «Համոզվել» բառն ունի համոզմունք ձեռք բերելու, հավատալու, վստահ լինելու նշանակությունը։ Որպես քրիստոնյաներ՝ մենք պետք է համոզված լինենք, որ Աստծո մարգարեական խոսքը վստահելի է, և որ այս համակարգի ավարտը մոտ է։ Մենք պետք է Պողոսի նման ամուր հավատ ունենանք. նա ասաց, որ բարի լուրը «Աստծու զօրութիւնն է՝ ի փրկութիւն բոլոր հաւատացեալների» (Հռովմ. 1։16)։
4 Սատանան օգտագործում է չար ու խաբեբա մարդկանց, ովքեր, իրենք էլ մոլորված լինելով, իրենց հերթին ազդեցություն են բանեցնում ուրիշների վրա՝ նրանց էլ մոլորեցնելով (Բ Տիմոթ. 3։13)։ Այդ մասին տեղյակ լինելով՝ մենք քայլեր ենք ձեռք առնում, որպեսզի զորացնենք մեր վստահությունն այն բանում, որ գիտենք ճշմարտությունը։ Փոխանակ թույլ տալու կյանքի դժվարություններին թուլացնել մեր եռանդը՝ մենք շարունակում ենք Թագավորության շահերն առաջին տեղում դասել (Մատթ. 6։33, 34)։ Նաև աշխատում ենք աչալուրջ հետևել մեր ժամանակների ընթացքին և չկարծել, որ այս համակարգի վախճանը դեռ հեռավոր ապագայում է, այլ որ այն այսօր ավելի մոտ է, քան երբևէ (Ա Պետ. 4։7)։ Կարող է մեզ թվալ, որ որոշ երկրներում բարի լուրի քարոզչությունն այլևս մեծ արձագանք չի գտնում, քանի որ այդ վայրերում վաղուց արդեն ամբողջական վկայություն է տրված, սակայն մենք պետք է չդադարեցնենք և շարունակենք նախազգուշացնել մարդկանց (Եզեկ. 33։7—9)։
5 Ժամանակահարմար կլինի, որ մեզանից ամեն մեկն իրեն հետևյալ կարևոր հարցերն ուղղի. «Արդյոք լրջորե՞ն եմ վերաբերվում աշակերտներ պատրաստելու Հիսուսի հանձնարարությանը։ Բարի լուրը քարոզելիս կատարյալ վստահությամբ ցույց տալի՞ս եմ, որ Թագավորությունն ինձ համար իրական է։ Վճռակա՞ն եմ այս փրկարար ծառայության մեջ հնարավորության սահմաններում շատ մասնակցություն ունենալու համար»։ Գիտակցելով, որ վերջը շատ մոտ է, մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր ապրելակերպին, քարոզելու և աշակերտելու առաջադրանքին, քանի որ դա փրկություն կնշանակի և՛ մեզ, և՛ մեզ լսողների համար (Ա Տիմոթ. 4։16)։ Ինչպե՞ս կարող ենք յուրաքանչյուրս ամրացնել մեր վստահությունը որպես ծառայողներ։
6 Ընդօրինակիր թեսաղոնիկեցիներին։ Պողոս առաքյալը, անդրադառնալով Թեսաղոնիկեի եղբայրների եռանդուն ծառայությանը, ասաց նրանց. «Մեր աւետարանը միայն խօսքերով չքարոզուեց ձեզ, այլ նաեւ զօրութեամբ, Սուրբ Հոգով եւ կատարեալ վստահութեամբ. գիտէք նաեւ, թէ ինչպիսի ընթացք ունեցանք ձեր մէջ ձեզ համար։ Եւ դուք, նմանուելով մեզ եւ Տիրոջը, ընդունեցիք Խօսքը բազում նեղութեան մէջ Սուրբ Հոգու ուրախութեամբ» (Ա Թեսաղ. 1։5, 6)։ Այո՛, Պողոսը գովասանքի խոսքեր ուղղեց Թեսաղոնիկեի ժողովի քրիստոնյաներին, որովհետև, հաշվի չառնելով անհամար դժվարությունները, նրանք քարոզում էին եռանդով և «կատարյալ վստահությամբ»։ Իսկ ինչպե՞ս էր դա նրանց հաջողվում։ Հիմնականում նրանց վրա դրական ազդեցություն էր գործել Պողոսի և նրա հետևորդների եռանդն ու վստահությունը։ Տեսնենք, թե ինչպես։
7 Պողոսի և նրա հետ ճամփորդող համագործակիցների կյանքը վկայում էր այն մասին, որ նրանք Աստծո սուրբ ոգին ունեին և ամբողջ սրտով հավատում էին այն ամենին, ինչն անձամբ էին քարոզում։ Թեսաղոնիկե գալուց առաջ Պողոսն ու Շիղան Փիլիպեում դաժան վերաբերմունքի են ենթարկվում։ Առանց դատելու՝ նրանց ծեծում են, բանտարկում և նրանց ոտքերին կալանակոճղեր ամրացնում։ Այնուհանդերձ, այդ փորձությունը չի թուլացնում բարի լուրը քարոզելու նրանց եռանդը։ Աստծո միջամտությամբ նրանք ազատվում են, իսկ բանտապետն իր ընտանիքով քրիստոնեություն է ընդունում։ Արդյունքում՝ այդ եղբայրների համար իրենց ծառայությունը շարունակելու ճանապարհ է բացվում (Գործք 16։19—34)։
8 Աստծո սուրբ հոգով զորանալով՝ Պողոսը գալիս է Թեսաղոնիկե։ Այստեղ նա հոգ է տանում, որպեսզի ձեռք բերի իր համար առաջին անհրաժեշտության իրերը, որից հետո ամբողջությամբ տրվում է ճշմարտությունը թեսաղոնիկեցիներին սովորեցնելու գործին։ Նա ոչ մի առիթ բաց չի թողնում՝ բարի լուրը հռչակելու (Ա Թեսաղ. 2։9)։ Պողոսի կատարյալ վստահությամբ քարոզն այնպես է տպավորում տեղի բնակիչներին, որ նրանցից շատերը թողնում են նախկին կռապաշտությունը և դառնում ճշմարիտ Աստծո՝ Եհովայի ծառաները (Ա Թեսաղ. 1։8—10)։
9 Հալածանքը չի խանգարում այդ նորահավատներին՝ բարի լուրը քարոզելու։ Իրենց ընդունած նոր հավատից և հավիտյան օրհնություններ վայելելու վստահությունից մղված՝ թեսաղոնիկեցիները շարունակում են տարածել ճշմարտությունը. այն ճշմարտությունը, որն իրենք իսկ ընդունել էին մեծ ուրախությամբ։ Այդ ժողովի անդամներն այնպիսի ակտիվ գործունեություն են ծավալում, որ նրանց հավատի և եռանդի մասին լուրը տարածվում է Մակեդոնիայի ուրիշ մասերում և նույնիսկ՝ Աքայիայում։ Ուստի, երբ Պողոսը թեսաղոնիկեցիներին գրում է իր առաջին նամակը, նրանք արդեն հայտնի էին դարձել իրենց բարի գործերով (Ա Թեսաղ. 1։7)։ Ի՜նչ հիանալի օրինակ...
10 Աստծո և մարդկանց հանդեպ ունեցած սիրուց մղված։ Ինչպե՞ս կարող ենք թեսաղոնիկեցիներին ընդօրինակելով՝ մենք էլ կատարյալ վստահությամբ բարի լուրը մեր օրերում քարոզել։ Նրանց մասին Պողոսը գրում է. ‘Անդադար հիշում ենք ձեր հավատի գործը, սիրո վաստակը’ (Ա Թեսաղ. 1։3)։ Ակնհայտ է, որ նրանք խորը և անկեղծ սեր էին տածում Եհովա Աստծո և այն մարդկանց հանդեպ, ում քարոզում էին։ Այդ նույն սերն էր, որ դրդեց Պողոսին և նրա գործակիցներին թեսաղոնիկեցիներին հաղորդել «ոչ միայն Աստծու Աւետարանը, այլեւ [իրենց] անձը» տալ (Ա Թեսաղ. 2։8)։
11 Նմանապես մենք էլ, խորը սեր տածելով Եհովայի, ինչպես նաև մեր դրացու հանդեպ, ցանկանում ենք լիարժեք մասնակցություն ունենալ Աստծո հանձնարարած քարոզչական գործում։ Ունենալով այդպիսի սեր՝ մենք գիտակցում ենք, որ բարի լուրը տարածելու գործը յուրաքանչյուրիս պարտականությունն է՝ Աստծո կողմից տրված։ Դրական տրամադրվածությունը և այն ամենի գնահատանքը, ինչ որ մեզ համար արել է Եհովան՝ ուղղելով մեզ դեպի «ճշմարիտ կեանքի» ճանապարհը, պատճառ է հանդիսանում, որպեսզի հաղորդենք մարդկանց այդ նույն հրաշալի ճշմարտությունները, որոնց ինքներս ենք հավատում ամբողջ սրտով (Ա Տիմոթ. 6։19)։
12 Քարոզչական գործում հարատևելով՝ սերը Եհովայի և մարդկանց հանդեպ գնալով պետք է աճի։ Դա կմղի մեզ է՛լ ավելի եռանդուն մասնակցել տնետուն, ինչպես նաև մյուս տեսակի ծառայություններին։ Նաև բաց չենք թողնի մեր բարեկամներին, հարևաններին և ծանոթներին քարոզելու հնարավորությունները։ Նույնիսկ այն դեպքում, եթե մարդկանց մեծ մասը հավանական է չընդունի մեր առաջարկած բարի լուրը, և ոմանք, գուցե, փորձեն խափանել Թագավորության մասին լուրը հռչակելու գործը, միևնույն է, մենք ներքին ուրախություն ենք ապրում։ Ի՞նչն է պատճառը. որովհետև մենք գիտենք, որ արել ենք մեր ձեռքից եկածը՝ մարդկանց Թագավորության մասին վկայելով և օգնելով նրանց փրկության հնարավորություն ստանալ։ Իսկ Եհովան, իր հերթին, կօրհնի մեր ջանքերը, որպեսզի գտնենք արդարամիտ անհատների։ Անգամ, երբ կյանքի դժվարությունները պատում են մեզ, և Սատանան փորձում է խլել մեր կենսուրախությունը, մենք ի վիճակի՛ ենք պահպանել մեր կատարյալ վստահությունը և մարդկանց քարոզելու մեջ ժրաջան լինել լինել։ Եթե մեզանից յուրաքանչյուրն անի իր ձեռքից եկածը, արդյունքում Թեսաղոնիկեի ժողովի նման ամուր, գործունյա ժողովներ կհիմնվեն։
13 Երբեք մի հանձնվիր փորձության հանդիպելիս։ Վստահությունն անհրաժեշտ է նաև այն դեպքում, երբ տարբեր փորձությունների ենք հանդիպում (Ա Պետ. 1։6, 7)։ Հիսուսն իր աշակերտներին բացատրեց, որ, որպես իր հետևորդներ, նրանք «բոլոր ազգերի կողմից ատելի պիտի» լինեին (Մատթ. 24։9)։ Փիլիպեում եղած ժամանակ նմանատիպ խնդրի հանդիպեցին Պողոսն ու Շիղան։ «Գործք Առաքելոց» գրքի 16–րդ գլխում պատմվում է Պողոսի և Շիղայի մասին, որոնց ներքին բանտ էին նետել, և նրանց ոտքերին կալանակոճղեր ամրացրել։ Գլխավոր բանտը նման էր մի բակի, որը բոլոր կողմերից շրջապատված էր բանտախցերով, և որոնցում բավարար քանակության լույս և օդ էր թափանցում։ Իսկ ներքին բանտում լուսավորություն համարյա չկար, օդափոխության սիստեմն էլ բավականին թույլ էր։ Պողոսն ու Շիղան հարկադրված էին տանել այդ զազրելի բանտախցի մթությունը, տոթն ու գարշահոտությունը։ Իսկ կարո՞ղ ես պատկերացնել նրանց կրած ցավը... նրանց ոտքերը ժամերով կալանակոճղերի մեջ մնում, նրանց մտրակված մեջքերն արնահոսում էին։
14 Չնայած այդ փորձություններին՝ Պողոսն ու Շիղան հավատարիմ մնացին։ Նրանց իսկ ցուցաբերած վստահությունը ուժ էր տալիս իրենց՝ ծառայելու Եհովային դժվարությունների ներքո։ Այդ քրիստոնյաների դրսևորած վստահության մասին խոսվում է 16–րդ գլխի 25–րդ համարում, որտեղ ասվում է, որ Պողոսն ու Շիղան «կ’աղօթէին եւ զԱստուած կ’օրհներգէին» (ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.)։ Չնայած այն բանին, որ նրանք բանտում էին գտնվում, այնուհանդերձ այնքան վստահ էին Աստծո բարեհաճության վրա, որ նրանց բարձրաձայն երգը լսելի էր նույնիսկ հարևան բանտախցերում գտնվող բանտարկյալներին։ Սա մեզ համար ընդօրինակելու վառ օրինակ է, որ կարողանանք մեր հավատի փորձության պահերին նույնպիսի վստահություն ցուցաբերել։
15 Անհաշիվ են Սատանայի՝ մեզ վրա բերած փորձությունները։ Ոմանց համար դա կարող է լինել ընտանիքի անդամներից եկած ճնշումը։ Եղբայրներից շատերը ստիպված են լինում դատարանի առաջ կանգնել։ Կարող ենք բախվել հավատուրացների հակառակության հետ։ Գոյություն ունեն ֆինանսական խնդիրներ, և ծայրը ծայրին հասցնելու մտահոգվածություն։ Դպրոցներում պատանիների վրա ճնշում են բանեցնում հասակակիցները։ Իսկ ինչպե՞ս կարող ենք այս դժվարությունները հաղթահարելու մեջ հաջողության հասնել։ Ի՞նչ է հարկավոր վստահություն դրսևորելու համար։
16 Առաջին և ամենակարևոր պայմանը Եհովայի հետ անձնական, մտերիմ փոխհարաբերություններ պահպանելն է։ Բանտում գտնվելիս Պողոսն ու Շիղան ժամանակն ավելորդ չվատնեցին իրենց վիճակից շարունակ դժգոհելու կամ իրենց խղճալու վրա։ Նրանք աղոթքով և օրհներգությամբ անընդհատ Աստծուն էին դիմում։ Ինչո՞ւ. որովհետև ունեին սերտ, անձնական փոխհարաբերություններ իրենց երկնային Հոր հետ։ Նրանք գիտակցում էին, որ տառապում են հանուն արդարության, և որ իրենց փրկությունը Եհովային ձեռքում է (Սաղ. 3։8)։
17 Այսօր էլ, փորձություններ դիմագրավելիս, պետք է Եհովային ապավինենք։ Պողոսը հորդորեց մեզ՝ քրիստոնյաներիս, որ մեր «խնդրանքները.... յայտնի.... լինեն Աստծուն։ Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի [մեր] սրտերը եւ մտածումները» (Փիլիպ. 4։6, 7)։ Որքա՜ն մխիթարիչ է իմանալը, որ Եհովան մեզ միայնակ չի թողնի մեր փորձությունների հետ... (Ես. 41։10)։ Նա միշտ մեզ հետ է այնքան ժամանակ, քանի դեռ վստահությամբ ծառայում ենք իրեն (Սաղ. 46։7)։
18 Վստահություն ցույց տալու երկրորդ կարեվոր պայմանը՝ Եհովայի ծառայության մեջ շարունակ զբաղված մնալն է (Ա Կորնթ. 15։58)։ Պողոսին ու Շիղային բանտ նետեցին այն պատճառով, որ նրանք անդադար բարի լուրն էին քարոզում։ Իսկ, փորձությունների հանդիպելով, դադարեցրի՞ն նրանք քարոզը։ Ոչ միայն չդադարեցրին, այլև շարունակեցին քարոզել նույնիսկ բանտում, իսկ բանտից ազատվելուց հետո նրանք ուղևորվեցին Թեսաղոնիկե, այցելեցին հրեաների ժողովարանը՝ ‘նրանց հետ գրքերից խոսելու’ նպատակով (Գործք 17։1—3)։ Երբ Եհովայի հանդեպ վստահություն կամ հավատ ենք տածում և համոզված ենք, որ ճշմարտությունն ունենք, ոչինչ «չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով» (Հռովմ. 8։35—39)։
19 Կատարյալ վստահության ժամանակակից օրինակներ։ Մեր օրերում էլ ունենք քրիստոնյաների կյանքից բազում ակնառու օրինակներ, որոնք Պողոսի ու Շիղայի նման կատարյալ վստահություն են դրսևորել։ Մի քույր, որը կենդանի էր մնացել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում գտնված տարիներին, պատմում է, թե ինչպիսի անսասան հավատ ու վստահություն են ցուցաբերել այնտեղ գտնվող եղբայրներն ու քույրերը։ Ահա թե ինչ է պատմում նա. «Մի անգամ՝ հարցաքննության ժամանակ, սպաներից մեկը բռունցքները սեղմած ինձ մոտեցավ և բղավեց. «Ինչպե՞ս վարվենք ձեզ հետ. երբ ձեզ կալանավորում ենք, ձեր հոգը չէ, բանտարկում ենք՝ ամենևին չեք մտահոգվում, համակենտրոնացման ճամբար ենք ուղարկում, դա էլ ձեզ չի անհանգստացնում։ Իսկ երբ մահվան ենք դատապարտում ձեզ, նույնիսկ այնտե՛ղ եք անհոգ կեցվածք ընդունում։ Ինչպե՞ս վարվենք ձեզ հետ» »։ Որքան ոգևորիչ է լսել այդ դաժան պայմաններում մեր եղբայրների դրսևորած հավատի մասին։ Նրանք միշտ ապավինում էին Եհովային՝ դիմակայելու համար նրանից օգնություն հայցելով։
20 Հավանաբար հիշում եք, թե ինչ վստահություն ցուցաբերեցին մեր եղբայրներից շատերը այս վերջին տարիներին ազգային հողի վրա բռնկված բազմաթիվ ընդհարումների ժամանակ։ Նույնիսկ վտանգավոր իրավիճակներում գտնվելով՝ պատասխանատու եղբայրները վճռական են քույր–եղբայրներին հոգևոր սնունդով մատակարարելու հարցում։ Նրանք բոլորն էլ շարունակում են հավատարիմ մնալ՝ կատարելապես վստահելով Եսայիա 54։17–ում արձանագրված խոսքերին, թե՝ ‘բոլոր իրենց դեմ շինված գործիքները պիտի չհաջողվեն’։
21 Մեր հավատակիցներից շատերը, անհավատ կողակից ունենալով հանդերձ, նույնպես ամուր հավատ ու տոկունություն են ցուցաբերում։ Գվադելուպայում մի եղբայր մեծ հակառակության հանդիպեց իր ոչ քրիստոնյա կնոջ կողմից։ Որպեսզի հուսալքության մատնի և խանգարի ամուսնուն քրիստոնեական հանդիպումներին հաճախել, նա հոգ չէր տանում նրա մասին. կերակուր չէր պատրաստում, հագուստները չէր լվանում, արդուկում ու վերանորոգում. օրերով ամուսնու հետ ոչ մի խոսք չէր փոխանակում։ Սակայն եղբայրը շարունակում էր ծառայել Եհովային՝ անկեղծորեն նրան վստահելով և աղոթքով օգնություն խնդրելով նրանից, որպեսզի կարողանար դիմանալ այդ դժվարություններին։ Իսկ որքա՞ն է դա տևում. մոտ քսան տարի, որից հետո կինը սկսում է աստիճանաբար հանդարտվել։ Անսահման է լինում եղբոր ուրախությունը, երբ վերջապես կինն ընդունում է Աստծո Թագավորության մասին լուրը։
22 Եվ իհարկե, չպետք է մոռանալ մեր երիտասարդ եղբայրների ու քույրերի դրսևորած կատարյալ վստահության մասին, որոնք ամեն օր՝ դպրոցներում, իրենց հասակակիցների բանեցրած ճնշման և ուրիշ դժվարությունների թիրախն են դառնում։ Մի երիտասարդ քույր, որին հաջողվել էր կայուն մնալ և իր համադասարանցիների «հարձակումներից» չհուսահատվել, պատմում է. «Դպրոցում չորս կողմից քեզ խրախուսում են ինչ–որ չափով ապստամբ լինել։ Երեխաների աչքում ավելի ես բարձրանում, երբ որևէ «քաջ» արարք ես կատարում»։ Ինչպիսի՜ ճնշումներ են դիմագրավում մեր երիտասարդները... Նրանք պետք է հաստատուն լինեն մտքով և սրտով փորձությունների ժամանակ ամուր մնալու համար։
23 Մեր երիտասարդներից շատերին հաջողվում է մաքրություն պահպանել փորձությունների ներքո։ Ահա մի դեպք Ֆրանսիայում ապրող քրոջ կյանքից։ Մի օր ճաշից հետո մի քանի երիտասարդ տղաներ փորձում են բռնությամբ ստիպել նրան, որ համբուրի իրենց։ Աղջիկն աղոթում է և խիստ հակառակություն ցույց տալիս. երիտասարդները նրան թողնում են ու հեռանում։ Փոքր անց վերադառնում է նրանցից մեկը և քրոջ խիզախ վարքագծի առիթով իր հիացմունքը հայտնում։ Քույրը նրան հաղորդում է Թագավորության լուրը և պատմում այն բարձր չափանիշների մասին, որոնք Եհովան սահմանել է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենից օրհնություն ստանալ։ Ուսումնական տարվա ընթացքում այդ քրոջը հաջողվում է ամբողջ դասարանին քարոզել։
24 Ինչպիսի առանձնաշնորհում է մեզ համար լինել այն անհատների թվում, որոնց Եհովան ցանկանում է օգտագործել իր կամքը համոզվածությամբ քարոզելու նպատակով (Կող. 4։12, ՆԱ)։ Բացի այդ, մենք ունենք մեր հավատարմությունը փաստելու հոյակապ հնարավորություն, երբ հակառակության ենք հանդիպում առյուծանման Հակառակորդի՝ Բանսարկու Սատանայի կողմից (Ա Պետ. 5։8, 9)։ Միշտ հիշիր, որ Եհովան Թագավորության լուրն օգտագործում է և՛ մեր՝ քարոզողների, և՛ մեզ լսողների փրկության համար։ Թող որ մեր ընդունած որոշումներն ու ամենօրյա մեր կյանքի ուղին ցույց տան, որ մեզ համար Թագավորության շահերն առաջնակարգ տեղ են զբաղեցնում։ Եկե՛ք շարունակենք բարի լուրը կատարյալ վստահությամբ քարոզել։