«Ինչպե՞ս շարունակեմ կյանքս»
1 Աստիճանաբար չափահաս տարիքի հասնելով՝ հնարավոր է հարցնես ինքդ քեզ. «Ինչպե՞ս շարունակեմ կյանքս»։ Երիտասարդ քրիստոնյաները ցանկանում են որքան կարելի է շատ ժամանակ հատկացնել Եհովային ծառայելուն։ Իսկ ինչպե՞ս կարող ես ծրագրել ծառայությունդ, երբ չափահաս տարիքն իր հետ պատասխանատվություններ է բերում, որոնց մեջ մտնում է նաև նյութական կարիքները հոգալը։ Այս հարցին պատասխանելը հեշտ չէ։
2 Որոշ երիտասարդների կարող են մտահոգել աշխարհում տիրող տնտեսական իրավիճակը և ապագայի տեսությունները։ Նրանց հետաքրքրում են հետևյալ հարցերը. «Պե՞տք է արդյոք, որ լրացուցիչ կրթություն ստանամ։ Պե՞տք է սկսեմ լիաժամ ծառայությունը հենց այսօրվանից»։ Ճիշտ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է անկեղծությամբ պատասխանել հետևյալ հարցին. «Ո՞րն է կյանքիս գլխավոր հետաքրքրությունը»։ Պետք է քննել անձնական շարժառիթները։
3 Ի՞նչն է քեզ համար առաջնային դարձել պատանեկությանդ տարիներին։ Հիմնականում քեզ ֆինանսապես բարվոք վիճակում գտնվե՞լն է հետաքրքրում, թե՞ իսկապես ցանկանում ես կյանքդ նվիրել Թագավորության շահերն առաջ տանելուն։ Բարձրագույն կրթությունը լավ աշխատանք ունենալու երաշխիք չի տալիս։ Այդ պատճառով շատերը նախընտրում են մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն ձեռք բերել՝ արտադրական պրակտիկա անցնելով, պրոֆ–տեխնիկական ուսումնարաններում սովորելով կամ բարձրագույն հաստատություններին կից կարճատև ուսումնական դասընթացներ անցնելով, որոնք նվազագույն ժամանակ և ջանք են պահանջում։
4 Եհովայի խոստումին վստահիր։ Նկատի առնենք անչափ կարևոր մի իրողություն. Եհովա Աստված հավաստիացնում է, որ Թագավորության շահերը կյանքում առաջին տեղը դնողներին կապահովի բոլոր անհրաժեշտ բաներով (Մատթ. 6։33)։ Սա անհիմն խոստում չէ։ Շատ եղբայրներ, որոնք սովորել են Ծառայության կատարելագործման դպրոցում, հատուկ կրթություն են ստացել դեռևս նախքան ճշմարտությունն իմանալը։ Արդյոք աշխատանք ունեի՞ն նրանք։ Շատ քչերն էին իրենց ստացած կրթությանը համապատասխան աշխատանք գտել։ Շատերը սպասարկման ոլորտներում մասնավոր աշխատանքներ էին կատարել, որպեսզի հոգային իրենց նյութական կարիքները և կարողանային ռահվիրայական ծառայություն մատուցել։ Ծառայության մեջ զբաղված լինելով՝ նրանք ստանում են այնպիսի օրհնություններ, որոնք թանկ են ցանկացած չափի նյութական ապահովվածությունից։
5 Մինչ կորոշես, թե ինչպես շարունակես կյանքդ դպրոցն ավարտելուց հետո, կշռադատիր բոլոր գործոնները և ուշադրությամբ քննիր շարժառիթներդ։ Ընտրության մեջ հավասարակշռված տեսակետ ունենալու համար կարող ես կարդալ այն տեղեկությունը, որն արձանագրված է «Արթնացե՛ք» ամսագրի 1998 թ. մարտի 8–ի համարում, էջ 19—21 (ռուս.)։ Խորհրդակցիր ծնողներիդ, երեցների, ձեր շրջանային վերակացուի կամ ձեր տարածքի հաջողակ ռահվիրաների հետ։ Դա կօգնի քեզ իմաստուն որոշում կայացնել կյանքդ շարունակելու համար (Ժող. 12։1, 13)։