Ղեկավարություն վերցնող վերակացուներ՝ ժողովի գրքի ուսուցման ղեկավար
1 Պատրաստված երեցի կամ ծառայողական օգնականի համար մեծ առանձնաշնորհում է ժողովի գրքի ուսուցման ղեկավար ծառայելը։ Իր խմբի անդամների հոգևոր կարիքներով հետաքրքրվելը կարևոր պատասխանատվություն է։ Նրա պատասխանատվությունների մեջ մտնում են հետևյալ երեք մարզերը։
2 Հմտորեն ուսուցանել։ Հմտորեն ուսուցանելու համար ժողովի գրքի ուսուցման ղեկավարը ամեն շաբաթ հանդիպումից առաջ պետք է լավ նախապատրաստվի, որպեսզի օգնի իր խմբին ըմբռնել նյութը։ Նա ջանում է ուսումնասիրվելիք նյութի հանդեպ նրանց գնահատանքը բարձրացնել։ Ուսումնասիրության ընթացքում ավելորդ մեկնաբանություններ անելու փոխարեն՝ անհրաժեշտության դեպքում նա լրացուցիչ հարցեր է ուղղում գլխավոր մտքերն ամփոփելու համար։ Նա պետք է ուսուցումը հետաքրքիր և ուսանելի դարձնի և քննարկման մեջ ներգրավի յուրաքանչյուրին։ Նրա նպատակն է՝ ուսուցումը հոգևորապես շինիչ դարձնել և նրա գործնական արժեքներն ընդգծել, նաև՝ քննարկվող նյութը խմբի անդամների մտքին ու սրտին հասցնել (Ա Թեսաղ. 2։13)։
3 Օգտակար հովվություն անել։ Ժողովի գրքի ուսուցման ղեկավարը նման է ‘քամու դեմ եղող պատսպարանի և փոթորկի դեմ եղող ծածկոցի’ (Ես. 32։2)։ Նա հոգ է տանում իր խմբի բոլոր անդամների մասին անխտիր և հետևում է, որպեսզի անհրաժեշտության դեպքում հոգևոր օգնություն ցույց տա, երբ իր հովվության տակ գտնվող որևէ անհատ հուսահատ վիճակում է (Եզեկ. 34։15, 16; Ա Թեսաղ. 2։7, 8)։
4 Եռանդորեն մասնակցել բարի լուրն ավետելու գործին։ Գրքի ուսուցման ղեկավարը բարեխղճորեն գործնական կարգադրություններ է անում, որպեսզի իր խմբի յուրաքանչյուր անդամ մասնակցություն բերի դաշտի ծառայության մեջ։ Բարի լուրն ավետելու գործում նա առաջնորդությունն իր ձեռքն է վերցնում՝ գիտակցելով, որ եթե ինքն անձամբ կանոնավորաբար, եռանդորեն և խանդավառությամբ կատարի իր ծառայությունը, ապա դա բարենպաստ ազդեցություն կթողնի խմբի վրա (Կող. 4։17; Բ Թեսաղ. 3։9)։ Ժամանակի ընթացքում նա ջանում է իր խմբի յուրաքանչյուր անդամի հետ ծառայության գնալ։ Եթե ցանկանում ենք ծառայության մեջ բարելավել մեր քարոզչական և ուսուցողական կարողությունները, ապա այդ գործում մեր նպատակին հասնելու համար կարող է մեզ օգնել գրքի ուսուցման ղեկավարը (Ա Տիմոթ. 4։16; Բ Տիմոթ. 4։5)։
5 Իսկապես մեզ համար օրհնություն են մարդկանց տեսքով պարգևները, որոնք պատրաստ են մեզ հոգևորապես օգնելու և սիրալիր աջակցություն ցույց տալու (Ա Թեսաղ. 5։14)։ Եկեք ցույց տանք, որ գնահատում ենք Եհովայի կողմից հայթայթված այս հրաշալի միջոցառումը՝ կանոնավորաբար մասնակցելով գրքի ուսուցմանը և հավատարմորեն թիկունք կանգնելով բարի լուրի ավետման գործին (Եբր. 10։25)։