Օգուտներ «Աստվածահաճո կյանքի ուղին» համաժողովներից
1 Մի քանի ամիս առաջ մենք պատրաստվում էինք այցելել 1998 թ. «Աստվածահաճո կյանքի ուղին» խորագրով նահանգային և միջազգային համաժողովները։ Այսօր այդ համաժողովները անմոռանալի իրադարձություններ են կազմակերպության աստվածապետական պատմության մեջ։ Մենք մեծ օգուտներ քաղեցինք՝ այդ նշանավոր հանդիպումների ժամանակ առատ հոգևոր սնունդ ստանալով։
2 Իրոք որ մեծ հրճվանք պատճառեցին այս տարվա միջազգային համաժողովները։ Անկախ նրանից, թե մեր այցելած համաժողովին ներկա եղել են միսիոներներ և օտար երկրների ներկայացուցիչներ, թե՝ ոչ, ուրբաթ օրը՝ կեսօրից հետո, ուշագրավ դեպքեր ունկնդրեցինք «Ծառայությունը միսիոներների դաշտում» թեմայից։ Մեծ քաջալերանք էր աշխարհի բոլոր մասերից ընթացիկ լուրեր պարունակող «Հունձքի աշխատանքի առաջադիմությունների մասին զեկույցը»։
3 Նոր հրաշալի թողարկում Ուրբաթ օրվա վերջին թեման պատասխանեց այն հարցին, որը բարձրացնում են ճշմարտությանն անծանոթ բազում անհատներ. «Կա՞ արդյոք կյանք մահից հետո»։ Այդ անչափ հետաքրքիր զեկույցից հետո ներկայացվեց «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո» վերնագրով նոր բրոշյուրը։ Այժմ, անկասկած, արդեն հասցրել ենք ընթերցել և համոզվել, որ այս բրոշյուրը մարդկանց օգնելու շատ արժեքավոր ձեռնարկ է, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում մահից հետո, իսկ եթե որևէ մեկը կորցրել է հարազատին, մխիթարվի հարության հույսով։
4 Շաբաթ օրվա ծրագիրը եզրափակվեց «Ստեղծիչի հատկություններն ու ուղիները» զեկույցով։ Թեման օգնեց հանգել այն տրամաբանական եզրակացությանը, թե պետք է որ Ստեղծիչ լինի։ Որպեսզի ուրիշներին կարողանանք օգնել այս ճշմարտությունը հասկանալու, որպես օգնություն հրատարակվել է «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» վերնագրով գիրքը։ Այն ամրացնում է մեր հավատը Եհովա Աստծո հանդեպ, ինչպես նաև մեր երախտագիտությունը նրա հատկությունների և ուղիների համար, սակայն նախատեսված է հատկապես բարձրագույն կրթություն ստացած անձանց համար, ովքեր չեն հավատում Աստծո գոյությանը։
5 Սրտաշարժ բանաձևը Համաժողովի վերջին զեկույցն ընդգծեց, որ մեզ հարկավոր է «Եհովայի ճանապարհով քայլել»։ Որքան տեղին էր այդ բանաձևով մեր անհատական որոշումը հայտարարել, որն է՝ հավատարմությամբ ընթանալ աստվածահաճո կյանքի ուղիով, պաշտպանել այն և ցույց տալ դրանով քայլելու առավելությունը (Ես. 30։21)։ Այժմ մենք վճռականությամբ պիտի գործենք այս բանաձևի համաձայն։ Ահա, թե ինչպիսի հոգևոր վերելք ապրեցինք՝ ներկա լինելով «Աստվածահաճո կյանքի ուղին» համաժողովին։