ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԱՊԱԳԱՆ
Որոշ հաջողություններ, բազում ձախողումներ
Կցանկանայի՞ր իմանալ քո ապագան։ Այդ ցանկությունը գրավիչ է շատերի համար։ Բազմաթիվ մարդիկ գալիք իրադարձությունների վերաբերյալ կանխատեսումներ են անում, որոնք տարբեր արդյունքներ են ունենում։ Նկատի առ հետևյալը։
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ բարդ սարքավորումներ են օգտագործում և մեծ գումարներ ծախսում տարբեր հարցերի վերաբերյալ կանխատեսումներ անելու համար, օրինակ՝ թե ի վերջո ինչ ազդեցություն է ունենալու աղտոտումը երկրի վրա, վաղը քո բնակավայրում անձրև տեղալու է, թե ոչ։
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԸ կանխագուշակում են, թե ինչ ուղղությամբ կզարգանան բիզնեսն ու քաղաքականությունը։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ուորեն Բաֆետը, իր հաջող ներդրումների համար ստացել է «գուշակ» մականունը։ Մեկ ուրիշ վերլուծաբան՝ Նեյտ Սիլվերը, վիճակագրական տվյալների հիման վրա եզրակացություններ է արել, որոնք օգնել են իրեն կանխագուշակություններ անելու տարբեր հարցերի շուրջ՝ ԱՄՆ-ի քաղաքականությունից մինչև Հոլիվուդի կինոմրցանակաբաշխություն։
ՀԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ներկայացվում են որպես մարգարեություններ։ Որոշ մարդիկ այսօր տեղի ունեցող իրադարձությունները վերագրում են 16-րդ դարում ապրած Միշել դը Նոտրդամի (Նոստրադամուս) անորոշ գրվածքներին։ Ոմանք մայաների օրացույցի ցիկլը, որն ավարտվեց 2012թ. դեկտեմբերի 21-ին, մեկնել են որպես աղետալի իրադարձությունների նախանշան։
ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ երբեմն կանխագուշակում են համաշխարհային ողբերգական իրադարձություններ, որպեսզի նախազգուշացնեն մարդկությանը և իրենց համար հետևորդներ հավաքեն։ Օրինակ՝ աշխարհի վերջի մասին մարգարեացող Հարոլդ Քեմպինգը և նրա աշակերտները ի լուր բոլորին ազդարարում էին, որ 2011թ.-ին երկիրը կործանվելու է։ Բայց, ինչպես տեսնում ենք, աշխարհը դեռ իր տեղում է։
ՊԱՅԾԱՌԱՏԵՍՆԵՐԸ պնդում են, թե ապագան կանխագուշակելու հատուկ կարողություններ ունեն։ Էդգար Քեյսին և Ջինի Դիկսոնը որոշ ճշգրիտ կանխատեսումներ են արել 20-րդ դարի իրադարձությունների վերաբերյալ։ Սակայն նրանցից յուրաքանչյուրը նաև բազմաթիվ սխալ կանխագուշակումներ է արել։ Օրինակ՝ Դիկսոնը կանխագուշակել էր, որ 1958թ.-ին սկսվելու է Երրորդ համաշխարհային պատերազմը, իսկ Քեյսին ասել էր, թե 1970-ականների կեսերին Նյու Յորքը օվկիանոսի տակ է անցնելու։
Իսկ կա՞ արդյոք ապագան կանխատեսելու վստահելի ձև։ Արժե՛ տալ այս հարցը։ Գալիք իրադարձությունների մասին նախապես իմանալը կարող է մեծ ազդեցություն թողնել քո կյանքի ու ապրելակերպի վրա։