Մեր արխիվից
Ճանապարհորդենք պիլիգրիմների հետ
«ԵՍ ՉԵՄ կարող տնից տուն գնալ»։ Որքա՜ն շատ մարդիկ են այսպես արտահայտվել, երբ նոր են սկսել Աստվածաշունչ ուսումնասիրել։ Սակայն երևի կզարմանաք, եթե իմանաք, որ վերոհիշյալ խոսքերն ասել է մի փորձառու հռետոր և Աստվածաշունչ ուսուցանող, որը պիլիգրիմ էր։
«Սիոնի Դիտարանն» ընթերցողներից շատերը, ովքեր հեռացել էին իրենց եկեղեցիներից, մեծ ցանկություն ունեին ընկերակցելու նրանց հետ, ովքեր իրենց պես ծարավ էին աստվածաշնչյան ճշմարտության։ Ամսագիրը ընթերցողներին հորդորում էր փնտրել նրանց, ովքեր նույն անգին հավատն ունեին, ու կանոնավորաբար հավաքվել՝ ուսումնասիրելու Աստվածաշունչը։ Սկսած մոտ 1894թ.-ից՝ «Դիտարան ընկերությունը» իր ներկայացուցիչներին ուղարկում էր շրջագայության՝ հանդիպելու այն խմբերին, որոնք ցանկանում էին, որ իրենց այցելեն։ Այդ փորձառու, ջանասեր տղամարդիկ, որոնք հետագայում կոչվեցին պիլիգրիմներ, ընտրվել էին, քանի որ հեզ էին, ունեին աստվածաշնչյան գիտելիքներ, հռետորական և ուսուցանելու հիանալի ընդունակություններ, ինչպես նաև թիկունք էին կանգնում փրկանքի ուսմունքին։ Սովորաբար նրանց այցելությունը տևում էր ընդամենը մեկ-երկու օր, բայց ընթանում էր խիտ գրաֆիկով։ Աստվածաշունչ ուսումնասիրողներից շատերը առաջին անգամ քարոզչական ծառայության համը զգացին՝ բաժանելով պիլիգրիմի հանրային ելույթի վերաբերյալ տեղեկատու թերթիկներ։ Մի երեկո դպրոցի շենքում ելույթ ներկայացնելուց հետո Հյուգո Ռիմերը, որը հետագայում դարձավ Կառավարիչ մարմնի անդամ, մինչև կեսգիշեր պատասխանեց աստվածաշնչյան հարցերի։ Հոգնած, բայց ուրախ՝ նա ասաց, որ հանդիպումը հրաշալի էր։
«Դիտարանում» նշվում էր, որ պիլիգրիմների այցելության ամենամեծ օգուտն այն էր, որ նրանք կերտում էին հավատարիմ ծառաներին՝ հանդիպումներ կազմակերպելով հավատակիցների տներում։ Մոտակա տարածքներից Աստվածաշունչ ուսումնասիրողները գալիս էին ելույթներ և հարց ու պատասխանով քննարկումներ լսելու։ Հետո քրիստոնեական հյուրասիրություն էր դրսևորվում։ Մոդ Աբոթ անունով մի քույր պատմում է, որ երբ փոքր էր, մի անգամ ներկա եղավ առավոտյան ելույթին, որից հետո բոլորը հավաքվեցին բակում մեծ սեղանի շուրջ։ «Այնքա՜ն շատ համեղ ուտելիք կար՝ գյուղական խոզապուխտ, տապակած ճուտ, տարբեր տեսակ հացեր, կարկանդակ ու թխվածք։ Բոլորը կուշտ կերան, և մոտ ժամը երկուսին մենք հավաքվեցինք, որ լսենք հաջորդ ելույթը»։ Քույրը շարունակում է. «Բայց այդ ժամանակ բոլորի քունը տանում էր»։ Բենջամին Բարտոնը, որը երկար տարիներ պիլիգրիմ է ծառայել, մի անգամ ասաց. «Եթե ուտեի այն բոլոր ճոխ կերակուրները, որ հյուրասիրում էին ինձ, վաղուց ավարտած կլինեի պիլիգրիմի իմ ծառայությունը»։ Ի վերջո, Բրուքլինում գտնվող գլխավոր վարչությունը լավ մղումներ ունեցող քույրերին նամակով խորհուրդ տվեց, որ լավ կլինի, եթե պիլիգրիմների համար պատրաստեն «սովորական, պարզ կերակուր» և հոգ տանեն, որ «ոչինչ չխանգարի նրանց քնին»։
Պիլիգրիմներն աչքի էին ընկնում իրենց ուսուցանելու կերպով։ Նրանք օգտագործում էին աղյուսակներ, մոդելներ և ձեռքի տակ եղած ցանկացած բան, որպեսզի խոսքը ավելի կենդանի դարձնեն։ Օրինակ՝ Ռ. Հ. Բարբերի ելույթները «միշտ լի էին հոգևոր «համեմունքներով»»։ Վ. Ջ. Թորնը, որը հայրական հոգատարություն էր դրսևորում բոլորի հանդեպ, խոսում էր «ինչպես վաղեմի ժամանակների նահապետներից մեկը»։ Իսկ Շիլդ (Վահան) Թութջյանը մի անգամ մեքենայով ճանապարհ գնալիս անսպասելիորեն կանգնեցնել տվեց մեքենան։ Նա դուրս ցատկեց, դաշտի ծաղիկներ քաղեց ու դրանք որպես օրինակ բերելով՝ իր ընկերակիցների հետ խոսեց Եհովայի ստեղծագործության մասին։
Պիլիգրիմի աշխատանքը շատ դժվարությունների հետ էր կապված հատկապես միջին և ավելի մեծ տարիքի եղբայրների համար։ Սակայն ոմանց համար ամենամեծ փորձությունը եղավ այն ժամանակ, երբ նրանց ծառայության մեջ փոփոխություն մտցվեց։ Այժմ նրանք պետք է առաջնորդություն վերցնեին տնից տուն քարոզելու գործում։ 1924թ. «Դիտարանի» մարտի 15-ի համարում ասվում էր, որ ճշմարիտ քրիստոնյաների «գլխավոր առաջադրանքներից մեկը թագավորության մասին վկայություն տալն է։ Պիլիգրիմները հենց այդ նպատակով են ուղարկվում»։
Ակներևաբար, այդ փոփոխությունը վրդովեցրեց որոշ պիլիգրիմների, քանի որ նրանք թողեցին շրջագայական ծառայությունը։ Ոմանք նույնիսկ իրենց ուղղությունը հիմնեցին։ Ռոբի Դ. Էդքինսը պատմում է, որ մի պիլիգրիմ, որը հրաշալի հռետոր էր, դառնացած գանգատվեց. «Ես միայն բեմից քարոզել գիտեմ։ Ես չեմ կարող տնից տուն գնալ»։ Եղբայր Էդքինսը հիշում է. «Հետո նրան տեսա 1924թ.-ին Օհայոյի Կոլումբուս քաղաքում տեղի ունեցած համաժողովին։ Շատ թշվառ տեսք ուներ, հազարավոր ուրախ եղբայրների մեջ դժբախտ ու միայնակ կանգնած էր փոքր ծառի տակ։ Դրանից հետո այլևս չտեսա նրան։ Կարճ ժամանակ անց նա լքեց կազմակերպությունը»։ Իսկ շատ եղբայրներ, ինչպես պատմում է Էդքինսը, «ուրախ-ուրախ գնում էին դեպի մեքենաները՝ իրենց հետ տանելով գրքեր». ակնհայտ էր, որ մեծ ցանկություն ունեին տնից տուն վկայություն տալու (Գործ. 20։20, 21)։
Թեև պիլիգրիմներից շատերը նույնքան անհանգիստ էին, որքան այն անհատները, ում նրանք պետք է մարզում տային, իրենց սիրտը դրեցին այդ գործում։ Տնից տուն վկայություն տալու վերաբերյալ գերմանախոս պիլիգրիմ Մաքսվել Գ. Ֆրենդը (Ֆրեշել) գրեց. «Այն ավելի շատ օրհնություններով է լցնում պիլիգրիմի շրջագայական ծառայությունը»։ Իսկ պիլիգրիմ Ջոն Ա. Բոունետը նշեց, որ ընդհանուր առմամբ եղբայրները սրտանց ընդունել էին այն փոփոխությունը, ըստ որի՝ կարևորությունը տրվում էր Թագավորության քարոզչությանը։ Նրա խոսքերով՝ մեծամասնությունը «վառվում էր եռանդի կրակով ու մարտի առաջին գծում լինելու ցանկությամբ»։
Տարիների ընթացքում շրջագայող հավատարիմ եղբայրները լավ ազդեցություն են ունեցել հավատակիցների վրա։ «Անվիճելի փաստ է այն, որ պիլիգրիմները արժեքավոր դեր են ունեցել և մեծ օգուտներ բերել։ Դեռ փոքր հասակում նկատել եմ դա,— ասում է երկար տարիների Վկա Նորման Լարսոնը։— Իմ անձնավորության ձևավորման գործում նրանք մեծ դեր են ունեցել»։ Մինչ օրս այսպիսի անձնազոհ ու նվիրված շրջագայող վերակացուները օգնում են իրենց հավատակիցներին ասելու. «Մենք կարող ենք տնից տուն գնալ»։
[մեջբերում 32-րդ էջի վրա]
Պիլիգրիմի այցելությունը ուրախություն էր պարգևում
[նկար 31-րդ էջի վրա]
1905թ.-ին Բենջամին Բարտոնի երթուղին ընդգրկում էր մոտ 170 այցելության վայր
[նկար 32-րդ էջի վրա]
Վալտեր Ջ. Թորնին իր հայրական հոգատարության համար «պապա» էին անվանում
[նկար 32-րդ էջի վրա]
Ջ. Ա. Բրաունը մոտ 1902թ.-ին ուղարկվեց Ջամայկա, որ զորացնի ու քաջալերի 14 փոքր խմբերի
[նկար 32-րդ էջի վրա]
Պիլիգրիմի գործը կերտում էր հավատը, ամրացնում էր քրիստոնեական միասնությունը և օգնում եղբայրներին ավելի մոտ լինելու կազմակերպությանը