Գաղտնիք 2
Մի՛ համեմատիր քեզ ուրիշների հետ
Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Ամեն մեկը թող իր գործը կշռի, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար՝ առանց իրեն ուրիշի հետ համեմատելու» (Գաղատացիներ 6։4)։
ԻՆՉՈ՞Ւ Է ԴԺՎԱՐ։ Մեզ գուցե դուր է գալիս համեմատվել ուրիշների հետ. երբեմն նրանց հետ, ովքեր ավելի քիչ բան ունեն, քան մենք, իսկ հաճախ նրանց հետ, ովքեր ավելի ուժեղ են, ավելի հարուստ կամ ավելի տաղանդավոր։ Երկու դեպքում էլ դա բացասական ազդեցություն է թողնում մեզ վրա։ Եթե մտածում ենք, որ մարդու արժանիքները որոշվում են նրա ունեցվածքի չափով կամ ունակություններով, ապա սխալվում ենք։ Ուրիշների հետ համեմատվելը առաջ է բերում միայն նախանձի զգացում և մրցակցության ոգի (Ժողովող 4։4)։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ։ Փորձիր քեզ նայել Աստծու աչքերով։ Քո ինքնահարգանքի զգացումը թող ներդաշնակ լինի քո մասին նրա ունեցած կարծիքին։ «Մարդը տեսնում է իր աչքի տեսածը, իսկ Եհովանa սիրտն է տեսնում» (1 Սամուել 16։7)։ Եհովան մարդուն գնահատում է ոչ թե ուրիշների հետ համեմատելով, այլ կարդալով նրա սիրտը, քննելով նրա մտքերը, զգացումներն ու մտադրությունները (Եբրայեցիներ 4։12, 13)։ Նա գիտի, որ դու սահմանափակ կարողություններ ունես, և ուզում է, որ ինքդ էլ գիտակցես դա։ Եթե շարունակ քո արժանիքները չափում ես ուրիշների հետ համեմատվելով, ապա ի վերջո դու կա՛մ կդառնաս հպարտ մարդ, կա՛մ միշտ դժգոհ կլինես։ Ուստի համեստորեն ընդունիր, որ բոլոր բնագավառներում չէ, որ կարող ես լավագույնը լինել (Առակներ 11։2)։
Իսկ ի՞նչ պետք է անես Աստծու աչքում արժեքավոր լինելու համար։ Աստծուց ներշնչված՝ Միքիա մարգարեն գրեց. «Նա ասել է քեզ, ո՛վ մարդ, թե ինչ է բարին։ Մի՞թե Եհովան, բացի արդարություն գործադրելուց, բարություն սիրելուց և քո Աստծու հետ համեստությամբ քայլելուց, ուրիշ որևէ բան է պահանջում քեզանից» (Միքիա 6։8)։ Եթե հետևես այս խորհրդին, վստահ եղիր, որ Աստված հոգ կտանի քո մասին (1 Պետրոս 5։6, 7)։ Ուրիշ էլ ի՞նչ է պետք բավարարված լինելու համար։
[ծանոթագրություն]
a Աստծու անունն է, ինչպես գրված է Աստվածաշնչում։
[նկար 5-րդ էջի վրա]
Եհովան գնահատում է մեզ՝ նայելով մեր սրտին