«Այն օգնում է ինձ մարդկանց սրտերին հասնելու»
ԲՐԱԶԻԼԻԱՅԻ հարավում գտնվող Պորտու Ալեգրի քաղաքում որոշ ժամանակ առաջ տեղի ունեցավ միջազգային համագումար՝ հասարակական հարցեր քննարկելու նպատակով։ Այդ իրադարձությանը ներկա գտնվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք ժամանել էին 135 երկրներից։ Ընդմիջումների ժամանակ Պորտու Ալեգրիի ժողովներից մեկի Վկաները մոտեցան տասնյակ պատվիրակների, որ հայտնեն Թագավորության պատգամը։ Իսկ ինչպե՞ս էին նրանք հաղորդակցվում։
«Մենք օգտագործում էինք «Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» գրքույկը»,— ասում է Էլիզաբեթ անունով մի ռահվիրա։ Այնուհետև ավելացնում է. «Պատվիրակներից շատերը երբեք չէին լսել Թագավորության բարի լուրը, սակայն նրանք դրականորեն արձագանքեցին մեր պատգամին։ Մենք խոսեցինք Բոլիվիայից, Չինաստանից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Իսրայելից և Նիգերիայից եկած մարդկանց հետ։ Որոշ պատվիրակների իրենց լեզվով գրականություն տվեցինք, և նրանք ուրախությամբ վերցրին»։
Մեքսիկայում Ռաուլ անունով մի ռահվիրա նույնպես օգտագործում է այդ գրքույկը և լավ արդյունքների է հասնում։ Մի օր նա մոտեցավ 80 տարեկան մի արաբ տղամարդու, որի կինը վերջերս էր մահացել։ Այն բանից հետո, երբ այդ անհատը գրքույկում կարդաց Թագավորության պատգամի մասին արաբերեն լեզվով գրված տեղեկությունը, ուրախությունից արտասվեց։ Ինչո՞ւ։ Աստծու խոստումն այն մասին, որ մահ այլևս չի լինելու, ինչպես որ արձանագրված է Հայտնություն 21։3, 4-ում, խորապես հուզեց նրան, երբ նա կարդաց դրա մասին իր մայրենի լեզվով։ Մի անգամ էլ ոչ պաշտոնական վկայություն տալիս Ռաուլը հանդիպեց մեկ ուրիշ տղամարդու, որը խոսում էր պորտուգալերեն։ Այդ մարդն էլ կորցրել էր իր սիրելի որդուն։ Ռաուլը բացեց պորտուգալերենով գրված էջը և տվեց նրան, որ կարդա։ Երբ տղամարդը կարդաց այն, հասկացրեց, որ ցանկանում է ավելին իմանալ Աստվածաշնչի մասին և համաձայնվեց ուսումնասիրել այն։
Ռաուլն օգտագործել է «Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» գրքույկը, որ վկայություն տա նրանց, ովքեր խոսում են հայերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հինդի լեզվով, կորեերեն, միխե լեզվով, պարսկերեն, ռուսերեն և սապոտեկ լեզվով։ Նա ասում է. «Ես համոզվել եմ, որ շատ կարևոր է այս գրքույկը օգտագործել ծառայության մեջ։ Այն օգնում է ինձ մարդկանց սրտերին հասնելու, նույնիսկ եթե չեմ խոսում իրենց լեզվով»։
Քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում ու բնակություն հաստատում արտասահմանում, ավելի շատ հնարավորություններ ունենք հանդիպելու օտար լեզվով խոսող մարդկանց։ Մենք կկարողանանք հայտնել նրանց Թագավորության պատգամը, եթե օգտագործենք «Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» գրքույկը։ Իսկ դու քեզ մոտ պահո՞ւմ ես այն։
[նկարներ 32-րդ էջի վրա]
Ռաուլը այն գրքույկով, որն օգնում է իրեն մարդկանց սրտերին հասնելու