Հիշո՞ւմ եք
Հավանաբար մեծ բավականություն ես ստացել «Դիտարանի» վերջին համարներն ընթերցելուց։ Այժմ փորձիր ստուգել՝ կկարողանա՞ս պատասխանել ստորև բերված հարցերին։
• Ինչո՞ւ Մեսիան պետք է մահանար։
Հիսուսի մահը փաստեց, որ կատարյալ մարդը կարող է Աստծու հանդեպ հնազանդություն ցույց տալ նույնիսկ ամենածանր փորձությունների ներքո։ Նա նաև վճարեց ադամական մեղքի դիմաց և հավիտենական կյանքի դուռ բացեց (12.15, էջ 22, 23)։
• Ի՞նչը կօգնի անհատին հավասարակշռված վերաբերմունք ունենալու ալկոհոլի հանդեպ։
Աղոթքը և Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Կարևոր է նաև ինքնատիրապետում զարգացնել, վճռական լինել և ընտրել առողջ ընկերակցություն։ Իսկ նա, ով նախընտրում է խմիչք օգտագործել, պետք է հստակ որոշի սահմանը և սովորի ասել՝ ո՛չ (1.1, էջ 7–9)։
• Ինչպե՞ս կարող են ծնողները իմաստալից կերպով հաղորդակցվել երեխաների հետ։
Զրուցելուց բացի, լավ հաղորդակցվելու համար ծնողները պետք է հարցեր ուղղեն երեխաներին և համբերատարորեն լսեն։ Շատ ընտանիքներ հաղորդակցվելու հիանալի առիթներ են ունենում ճաշելու ժամանակ (1.15, էջ 18, 19)։
• Եհովան կատարյալ է, այդ դեպքում ինչպե՞ս նա կարող է զղջալ։
Երբեմն Աստված փոխում է իր վերաբերմունքը մարդկանց հանդեպ։ Օրինակ՝ իսրայելացիները բազմիցս երես են թեքել Եհովայից և ուրիշ աստվածների պաշտել։ Ուստի Եհովան այլևս չէր պաշտպանում նրանց։ Սակայն երբ նրանք զղջում էին իրենց արածի համար և սկսում էին աղաչել Աստծուն, որ իրենց օգնի, նա լսում էր նրանց և մտքափոխ էր լինում, կամ՝ «զղջում էր» (Դատ. 2։18; 2.1, էջ 21)։
• Ո՞ր դեպքում անհատը կարող է նորից մկրտվել։
Այն դեպքում, երբ նախքան մկրտվելը անհատը գաղտնաբար այնպիսի կյանք է վարել կամ այնպիսի բան է արել, որի պատճառով ընկերակցությունից կզրկվեր, եթե մկրտված լիներ (2.15, էջ 22)։
• Ինչպե՞ս են մարդիկ արդարացնում գողությունը։
Ոմանք մտածում են, որ կարող են գողություն անել, քանի որ աղքատ են։ Մյուսները արդարացնում են իրենց՝ ասելով. «Բոլորն էլ այդպես են վարվում»։ Իսկ նրանք, ովքեր կորած իր են գտնում, այսպես են տրամաբանում. «Եթե ինչ–որ բան ես գտել, ապա այն քոնն է»։ Սակայն Աստվածաշունչը թիկունք չի կանգնում այս տեսակետներին (3.1, էջ 12–14)։
• Ցորենի և որոմների առակում ի՞նչ է խորհրդանշում լավ սերմի ցանքը։
Մարդու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, իր երկրային ծառայության ընթացքում պատրաստեց արտը։ Մ.թ. 33 թ. Պենտեկոստեից սկսած՝ նա ցանեց լավ սերմը՝ «թագավորության որդիներին»։ Սա ակներևաբար տեղի ունեցավ այն ժամանակ, երբ քրիստոնյաները սուրբ ոգով օծվեցին որպես Աստծու որդիներ (3.15, էջ 20)։
• Հիսուսի առակում հիշատակված խորհրդանշական ցորենը ինչպե՞ս սկսեց լցվել Եհովայի «ամբարի» մեջ (Մատթ. 13։30)։
Հունձը պետք է տեղի ունենար այս համակարգի վախճանի ընթացքում և շարունակվեր մի որոշ ժամանակ։ Խորհրդանշական ցորենը՝ Թագավորության որդիները, կա՛մ ստացան իրենց երկնային վարձատրությունը, կա՛մ «բերվեցին» քրիստոնեական ժողով։ Այնտեղ նրանք ունենալու էին Աստծու հավանությունն ու պաշտպանությունը և մաքուր երկրպագություն էին մատուցելու նրան (3.15, էջ 22)։
• Ո՞վ է Հունարեն Գրությունները մտցրել կանոնական գրքերի ցուցակի մեջ։
Աստվածաշնչի համաձայն՝ ոգու պարգևներից մեկը, որ տրվեց քրիստոնեական ժողովին տասնամյակներ շարունակ, «ներշնչյալ խոսքերի ըմբռնողությունն» էր (1 Կորնթ. 12։4, 10)։ Այս հարցի շուրջ որոշում չի կայացվել որևէ եկեղեցական խորհրդի կամ կրոնական առաջնորդի կողմից։ Սուրբ ոգու առաջնորդությամբ ճշմարիտ քրիստոնյաներից ոմանց գերբնական կարողություն էր շնորհվել տարբերելու Աստծու կողմից ներշնչված գրքերը այլ գրքերից (4.1, էջ 28)։