Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 3/1 էջ 16–17
  • Կորալային խութեր՝ ամպերի մեջ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կորալային խութեր՝ ամպերի մեջ
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Վճռական՝ կատարելու մեր ծառայությունը
    2007 Դիտարան
  • Ուրախ եմ, որ կյանքի ճիշտ ուղի ընտրեցի
    Եհովայի վկաների կենսագրությունները
2010 Դիտարան
w10 3/1 էջ 16–17

Նամակ Պապուա Նոր Գվինեայից

Կորալային խութեր՝ ամպերի մեջ

ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱՅԻ տոթ առավոտներից մեկն էր։ Լաե քաղաքում ժամը հինգն էր։ Ես ու կինս պատրաստվում էինք մեկնելու Լենգբաթի գյուղ, որը գտնվում է Ռավիլսոն լեռան բարձունքում (Մորոբե նահանգ)։ Ուզում էինք այցելել մի խումբ մարդկանց, ովքեր Եհովայի վկաներ են։

Այդ վայրը սովորաբար ինքնաթիռով են հասնում, իսկ թռիչքը տևում է մոտ 30 րոպե։ Ուստի բարձրացանք չորս տեղանոց մի ինքնաթիռ, ու ես նստեցի օդաչուի կողքը։ Մենք հաղորդակցվում էինք ականջակալի և միկրոֆոնի միջոցով, քանի որ շարժիչը մեծ աղմուկ էր բարձրացնում։ Մեր առջև՝ վահանակի վրա, վերահսկիչ–չափիչ սարքերն էին։ Օդաչուն բացատրում էր, թե ինչպես են դրանք աշխատում, և միևնույն ժամանակ կատակելով ասում, որ եթե իր հետ որևէ բան պատահի, ես պետք է վարեմ ինքնաթիռը։ Այդ պահին հիշեցի մի դեպք, որը պատահել էր մեկ ուրիշ Եհովայի վկայի հետ, որ Պապուա Նոր Գվինեայում շրջագայող ծառայող էր։ Օդաչուն ուշաթափվել էր, երբ ինքնաթիռը մոտեցել էր վայրէջքի հրապարակին։ Ինքնաթիռը ավտոպիլոտի (ինքնակառավարման համակարգի) շնորհիվ մի որոշ ժամանակ մնացել էր օդում։ Ի վերջո օդաչուն գիտակցության էր եկել և մի կերպ կարողացել էր ինքնաթիռը իջեցնել։ Բարեբախտաբար, մեր թռիչքի ժամանակ «անակնկալներ» չեղան։

Ինքնաթիռը թռչում էր լեռնաշղթային զուգահեռ։ Հանկարծ դուրս եկանք ամպերի միջից և նկատեցինք, որ ընդամենը 100 մետր ենք բարձր լեռնագագաթներից։ Առջևում Լենգբաթի գյուղն էր։ Հեռվից տեսանելի էին գյուղական տները, որոնք շինված էին մեծ թփերից, իսկ կտուրները՝ խոտից։ Օդաչուն նայեց ներքև՝ համոզվելու համար, որ թռիչքադաշտում երեխաները ֆուտբոլ չեն խաղում։ Նա նաև ուշադիր զննեց, որ հանկարծ դաշտում չլինեն խոզերի փորած փոսերը, թեև անցած անգամ չէին եղել։ «Կարծես ամեն բան նորմալ է, փորձենք իջնել»,— ասաց նա։ Օդում պտույտ արեցինք և վայրէջք կատարեցինք։ Թռիչքադաշտը պատված էր կորալային կրաքարերով, որոնք գյուղացիները բերել էին մոտակա լեռից։

Առաջին անգամ, երբ տեսել էի ջարդած կորալային կրաքարերը, ինձ զարմացրել էր այն, թե ինչպես է այս հին լեռնաշղթան առաջացել։ Անհնար է պատկերացնել, թե ինչ զորեղ ուժեր են հրել ու օվկիանոսից չորս կիլոմետր վեր բարձրացրել կորալային խութերը, որոնք ձգվում են հարյուրավոր կիլոմետրեր։ Ես հենց դրանց կոչեցի կորալային խութեր՝ ամպերի մեջ, երբ դուրս եկանք ինքնաթիռից ու կանգնեցինք կրաքարերի վրա։

Գյուղացիները, երբ լսեցին ինքնաթիռի ձայնը, ամեն կողմից շտապելով մեզ ընդառաջ եկան։ Մի մարդ ամբոխի միջից դուրս եկավ և քայլերն ուղղեց դեպի մեզ։ Զունգն էր։ Նա այն եղբայրներից մեկն է, որը նշանակվել է այդ գյուղում Եհովայի վկաների ժողովի հանդիպումները անցկացնելու համար։ Բոլորը նրան ճանաչում էին որպես մաքուր, ազնիվ ու վստահելի մարդու։ Նա այդպիսին է, քանի որ իր կյանքում կիրառում է աստվածաշնչային սկզբունքները։ Իրար ողջունելուց հետո Զունգի և ուրիշ Վկաների հետ քայլեցինք դեպի լեռը։ Երեխաները հետևեցին մեզ՝ վիճելով, թե իրենցից ով է տանելու մեր ուսապարկերը։

Մենք եկանք փայտից պատրաստված մի փոքր տուն, որը կառուցվել էր տեղի Եհովայի վկաների կողմից շրջագայող ծառայողների համար, որոնք վեց ամիսը մեկ այցելում են ժողովները։ Թեև Պապուա Նոր Գվինեան արևադարձային երկիր է, բայց բարձրադիր գոտիներում բավականին ցուրտ է։ Հետաքրքիրն այն էր, որ երբ գիշերը վառեցինք նավթավառը, տեսա, թե ինչպես են ամպերը հատակի անցքերից սողոսկում ներս. օրվա ընթացքում դրանք լեռան ստորոտից բարձրանում են դեպի վեր։ Այնքան ցուրտ էր տանը, որ տաք շորեր հագանք, թեև ընդամենը մի քանի ժամ առաջ ներքևում շոգից խաշվում էինք։

Բարի լուրը հետաքրքիր ձևով է հասել այստեղ։ 1980–ականների կեսերին գյուղի բնակիչներից մեկը սկսել է Լաե քաղաքի Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Վերադառնալով գյուղ՝ նա մի քանի մարդկանց հետ սկսել է ժողովի հանդիպումները անցկացնելու համար մի փոքր տեղ կառուցել։ Սակայն լյութերական եկեղեցու քահանան իր համախոհների աջակցությամբ այրել է այդ շինությունը։ Նրանք հայտարարել են, որ դա լյութերականների տարածքն է։ Չնայած շարունակվող հակառակությանը՝ Վկաները մեկ ուրիշ վայր են կառուցել։ Այդ ժամանակ բարի լուրը հռչակող մոտ 50 քարոզիչ է եղել գյուղում։ Ժամանակի ընթացքում ոմանք, ովքեր հալածել են Վկաներին, դարձել են եռանդուն քարոզիչներ։

Հիմա արդեն գյուղացիները ջերմորեն են ողջունում Եհովայի վկաներին, որոնք այցելում են նրանց՝ Աստվածաշնչի ճշմարտությունները սովորեցնելու համար։ Գյուղում շատերը անգրագետ են, բայց տեղի Վկաները սովորել են գրել–կարդալ, որպեսզի բարի լուրը պատմեն բոլորին։ Ժողովի հանդիպումներին ամեն շաբաթ հաճախում է 200 հոգի։

Երեկոյան բոլորս հավաքվեցինք խոհանոցում վառվող կրակի շուրջ (գյուղում էլեկտրականություն չկար)։ Միասին ընթրեցինք, զրուցեցինք, ծիծաղեցինք։ Հանկարծ նկատեցի, որ կրակի լույսն ընկել է ներկաների երեսին, սակայն իրականում նրանց դեմքը փայլում էր ոչ թե կրակի լույսից, այլ Եհովային ծառայելու ուրախությունից։ Երբ արդեն մթնել էր, խարույկի միջից արմավենու ճյուղեր վերցրինք, որպեսզի ճանապարհը լուսավորելով՝ տուն հասնենք։

Խաղաղ լռություն էր։ Միայն գիշերվա ձայներն էին լսելի։ Տուն մտնելուց առաջ վերջին անգամ նայեցինք աստղազարդ երկնքին և հիացմունքից քարացանք. այս բարձունքից այնքա՜ն շատ աստղեր էին երևում։

Շաբաթն արագ թռավ։ Մի օր հետո պետք է վերադառնայինք։ Մի ցուրտ գիշեր էլ կարող էինք անցկացնել Լենգբաթի գյուղի ամպերի մեջ։ Իսկ հետո... նորից տոթ, խոնավ օրեր...

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը