«Երեխայի հոգևոր կրթություն ստանալու իրավունքը»
ԵՐԵԽԱՆԵՐԻ իրավունքների շվեդական ակադեմիայում 2008 թ. դեկտեմբերի 9–ին յուրահատուկ մի սեմինար անցկացվեց, որի թեման էր. «Երեխայի հոգևոր կրթություն ստանալու իրավունքը»։ Սեմինարի ժամանակ իսլամի, հումանիստական ուղղության և քրիստոնեական աշխարհի տարբեր կրոնների, օրինակ՝ Շվեդիայի եկեղեցու ներկայացուցիչները արտահայտեցին իրենց տեսակետները։
Հռետորներից մեկը, որը քահանա էր, ասաց. «Դժվար թե մեկը կարողանա ճշգրտորեն նկարագրել, թե ինչ մեծ դեր են խաղում աստվածաշնչյան պատմությունները երեխաների հոգևոր կրթության հարցում»։ Իսկ ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը բավարարել երեխաների հոգևոր կարիքները։
Քահանան իր խոսքում նշեց. «Աստվածաշնչի որոշ հատվածներն ու պատմությունները երեխաներին մտածելու և խորհրդածելու առիթ են տալիս»։ Նա թվարկեց դրանցից մի քանիսը՝ «Ադամի ու Եվայի, Կայենի և Աբելի, Դավթի ու Գողիաթի, Հիսուսի ծննդի, մաքսահավաք Զակքեոսի պատմությունները, անառակ որդու մասին առակը և բարի սամարացու մասին առակը», և ասաց, որ «սրանք պատմություններ են, որոնք կարող են առաջնորդություն լինել երեխայի համար, որպեսզի նա պատկերացում ունենա այնպիսի կարևոր հասկացությունների մասին, ինչպիսիք են դավաճանությունը, ներողամտությունը, քավությունը, ատելությունը, նվաստացումը, փոխհատուցումը, եղբայրական և անշահախնդիր սերը»։ Այնուհետև այդ քահանան ավելացրեց. «[Աստվածաշնչի] այս հատվածներում այնպիսի մարդկանց օրինակների մասին է գրված, որոնք կարող են մեծ ազդեցություն թողնել անհատի կյանքի վրա, մղել նրան գործերի և դառնալ նրա կյանքի մի մասը»։
Իհարկե, շատ լավ է, որ երեխաներին քաջալերում են կարդալ Աստվածաշունչը։ Սակայն կարո՞ղ են արդյոք նրանք «մտածել և խորհրդածել» այն ամենի մասին, ինչ կարդում են Աստվածաշնչում և ճիշտ եզրահանգման գալ։
Աստծու Խոսքում կան հատվածներ, որոնք հասկանալու համար նույնիսկ մեծերը բացատրության կարիք ունեն։ Օրինակ՝ Աստվածաշունչը պատմում է մի մարդու մասին, որը չէր կարողանում հասկանալ հոգևոր մտքերը, թեև խորհրդածում էր կարդացածի շուրջ։ Այդ մարդը եթովպացի պաշտոնյա էր։ Նա կարդում էր «Եսայիա» մարգարեության գիրքը և չէր հասկանում այնտեղ գրված խոսքերի իմաստը։ Ու քանի որ ցանկանում էր հասկանալ իր կարդացած հատվածը, նա սիրով ընդունեց Փիլիպպոս աշակերտի օգնությունը, որը բացատրեց նրան այդ խոսքերի իմաստը (Գործ. 8։26–40)։ Եթովպացի այս պաշտոնյան բացառություն չէ։ Բոլորս էլ, հատկապես երեխաները կարիք ունենք, որ Աստծու Խոսքը բացատրեն մեզ։
Աստվածաշունչը զգուշացնում է. «Յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին» (Առակ. 22։15)։ Երեխաները առաջնորդության կարիք ունեն, և ծնողները պարտավոր են նրանց տալ բարոյական և հոգևոր կրթություն, որը հիմնված է Աստվածաշնչի վրա և որը հնարավոր է ստանալ քրիստոնեական հանդիպումների ժամանակ։ Այո՛, երեխաները ունեն այսպիսի կրթություն ստանալու իրավունք։ Դեռ վաղ տարիքից նրանք օգնության կարիք ունեն, որպեսզի Աստվածաշնչի վրա հիմնված հոգևոր կրթության համար ամուր հիմք դնեն և դառնան «հասուն մարդիկ...., ովքեր իրենց ըմբռնողականությունը գործի դնելու միջոցով մարզվել են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբր. 5։14)։