«Մինչև ե՞րբ.... աղաղակեմ»
«Չե՛մ ուզում տանջվել»,— լաց լինելով ասում է Ջեյնը։ Նա տառապում է քաղցկեղով։ Չարորակ ուռուցքը արագորեն տարածվում է Ջեյնի մարմնով։ Նրա ընտանիքը և ընկերները շատ են ուզում, որ նա ապաքինվի ու այլևս չտանջվի։ Նրանք աղոթում են Աստծուն։ Կլսի՞ Աստված նրանց։ Արդյոք Աստված հոգ տանո՞ւմ է մարդկանց մասին։
ԱՍՏՎԱԾ տեսնում է, թե ինչ վիճակում են գտնվում մարդիկ։ Աստվածաշնչում գրված է. «Բոլոր ստեղծվածները միասին շարունակ հառաչում են և միասին ցավի մեջ են» (Հռոմեացիներ 8։22)։ Այո՛, Աստված գիտի, որ միլիոնավոր մարդիկ, Ջեյնի նման, ամեն օր տանջվում են թե՛ էմոցիոնալ, թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական առումով։ Նա տեսնում է, թե ինչպես է 800 միլիոն մարդ ամեն գիշեր քաղցած անկողին մտնում, ինչպես են միլիոնավորներ բռնության ենթարկվում իրենց իսկ ընտանիքում, ինչպես են ծնողներն անհանգստանում իրենց երեխաների ապագայի համար։ Երբևէ մտածե՞լ ես, որ Աստված կարող է լուծել այս խնդիրները։ Այո՛, նա կարող է։ Եթե մենք ենք ուզում օգնել մեր հարազատներին, մի՞թե Աստված չի ցանկանա օգնել մարդկանց, որոնց ինքն է ստեղծել։
Ավելի քան 2 600 տարի առաջ հավատարիմ Ամբակում մարգարեն նույնպես չէր հաշտվում այն մտքի հետ, որ մարդիկ տառապում են։ Այդ պատճառով նա հարցրեց Աստծուն. «Մինչեւ ե՞րբ, ով Տէր, աղաղակեմ ես, եւ դու չ’լսես, աղաղակեմ դէպի քեզ զրկա՜նք, եւ դու չ’ազատես։ Ինչո՞ւ ես ինձ անօրէնութիւն տեսնել տալիս, տառապանք ցոյց տալիս. եւ յափշտակութիւն եւ զրկանք կայ իմ առաջին, եւ կռիւ է լինում, եւ վէճ բարձրանում» (Ամբակում 1։2, 3)։ Մարգարեն ամենուրեք դաժանություն, բռնություն և անարդարություն էր տեսնում։ Այսօր նույնպես ամեն օր լուրեր ենք լսում հանցագործության, ահաբեկչության և այլ դաժան արարքների մասին, ինչը խոր ցավ է պատճառում կարեկից մարդկանց։
Արդյոք Աստված բարկացա՞վ Ամբակումի վրա։ Ամենևի՛ն։ Նա լսեց վհատված մարգարեին, այնուհետև մխիթարեց ու քաջալերեց նրան։ Եհովան զորացրեց նրա հավատը՝ խոստանալով, որ անպայման վերջ է դնելու տառապանքին։ Այդ խոստումը քեզ նույնպես կարող է մխիթարել։ Հաջորդ հոդվածները ընթերցելիս դու կստանաս հետևյալ հարցերի պատասխանները՝ ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ Աստված իսկապես հոգ է տանում մեր մասին։ Ինչպե՞ս է Աստված վերացնելու տառապանքը և ե՞րբ։