Սուրբ ոգի. տարբեր կարծիքներ
ՍՈՒՐԲ ՈԳԻՆ ի՞նչ է։ Թվում է, թե պարզ հարց է, սակայն դժվար է գտնել պատասխանը։ Այս առումով Ավստրալիա ժամանած Բենեդիկտոս XVI պապը ամբոխի առաջ ասել է. «Գրեթե անհնար է հստակ հասկանալ, թե ինչ է սուրբ ոգին»։
Ուստի հարց է առաջանում՝ ի՞նչ է սուրբ ոգին։ Այս մասին տարբեր կարծիքներ կան։ Ահա դրանցից մի քանիսը։
• Սուրբ ոգին իրական անձնավորություն է, որն ապրում է Քրիստոսի աշակերտների մեջ։
• Այն աստվածային գիտություն է. Աստծու գործող օրենքն է։
• Աստծու ներկայությունն է աշխարհում։
• Երրորդության երրորդ անձնավորությունն է։
Ինչո՞ւ են կարծիքներն այսքան տարբեր։ Դեռևս մ.թ. չորրորդ դարից այսպիսի կարծիքներ սկսեցին ձևավորվել։ Որոշ աստվածաբաններ պնդում էին, թե սուրբ ոգին անձնավորություն է, որը ինչ–որ կերպով հավասար է Աստծուն։ Սակայն ո՛չ Աստվածաշունչը և ո՛չ էլ Քրիստոսի վաղ հետևորդները նման բան չեն սովորեցրել։ «Նոր կաթոլիկական հանրագիտարանը» բացատրում է. «Հին Կտակարանում չի նշվում, որ Աստծու ոգին անձնավորություն է .... Աստծու ոգին պարզապես Աստծու ուժն է» (New Catholic Encyclopedia)։ Նույն աղբյուրում նաև նշվում է. «Նոր Կտակարանում Աստծու ոգին նկարագրվում է ոչ թե որպես անձնավորություն, այլ որպես ինչ–որ բան. սա ակնհայտ է հատկապես այն դեպքերում, երբ զուգահեռ է անցկացվում ոգու և Աստծու զորության միջև»։
Զարմանալի չէ, որ մարդիկ չեն կարողանում ընդունել, որ ուժը անձնավորություն է։ Միացյալ Նահանգներում անցկացված վերջին հետազոտության արդյունքում պարզվեց, որ մարդկանց մեծամասնությունը մերժում է այն գաղափարը, ըստ որի՝ սուրբ ոգին անձնավորություն է, կամ՝ «կենդանի էակ»։ Ճի՞շտ են արդյոք այս մարդիկ տրամաբանում, թե՞ պետք է հավատալ աստվածաբաններին, ովքեր պնդում են, թե «սուրբ ոգին Հորից և Որդուց առանձին ապրող անձնավորություն է»։
Պատասխանն իմանալու համար անհրաժեշտ է դիմել Աստծու Խոսքին՝ Աստվածաշնչին, որում մանրամասնորեն նկարագրվում է, թե ինչ է սուրբ ոգին։ Պողոս առաքյալը գրել է. «Ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու համար» (2 Տիմոթեոս 3։16)։
Սուրբ ոգու մասին ճշմարտությունը իմանալը շատ կարևոր է։ Ինչո՞ւ։ Քանի որ սուրբ ոգու մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելով՝ դուք օգնություն կստանաք Աստծուց։ Երբևէ զգացել եք, որ այլևս չեք կարողանում ձեր ուժերով տոկալ։ Հիսուսը խոստացավ իր աշակերտներին. «Շարունակե՛ք խնդրել, և կտրվի ձեզ .... եթե դուք.... գիտեք, թե ինչպես բարի պարգևներ տաք ձեր երեխաներին, ապա որքա՛ն առավել Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկաս 11։9, 13)։
Հաջորդ հոդվածներում Աստվածաշնչի հիման վրա բացատրվում է, թե ինչ է իրականում սուրբ ոգին։ Դուք նաև կիմանաք, թե ինչ ազդեցություն կարող է թողնել այն ձեր կյանքի վրա։
[Մեջբերում 3–րդ էջի վրա]
Աստվածաշունչը բացահայտում է, թե ինչ է սուրբ ոգին