Գտնված գանձեր. որտեղի՞ց
ԵՐԲԵՎԷ գտե՞լ ես գանձեր այնպիսի տեղում, որ մտքովդ անգամ չի անցել։ Հենց դա տեղի ունեցավ 2005 թ. մարտի 27–ին Եհովայի վկա Իվո Լոդի հետ էստոնիայում։ Այդ ժամանակ նա օգնում էր Ալմա Վարդիային՝ մի տարեց Վկա կնոջ, քանդելու հին մարագը։ Երբ նրանք քանդեցին պատերից մեկը, նկատեցին մի տախտակ, որը ծածկում էր սյան մի կողմը։ Տախտակը հանելուց հետո Իվոն ու Ալման սյան վրա հայտնաբերեցին 10 սանտիմետր լայնությամբ, 1,2 մետր բարձրությամբ և 10 սանտիմետր խորությամբ մի փորվածք, որը փակված էր այս չափերին համապատասխանող փայտի կտորով (1)։ Ինչ–որ մեկը գանձեր էր պահել։ Իսկ ի՞նչ գանձեր էին դրանք։ Ո՞վ էր թաքցրել։
Այդ թաքստոցում կային կապոցներ, որոնք խնամքով փաթաթված էին թղթով (2)։ Կապոցներում Եհովայի վկաների գրականությունն էր, հիմնականում՝ «Դիտարանի» ուսումնասիրության հոդվածներ, ընդ որում մի քանիսը թվագրված էին 1947 թ.–ով (3)։ Դրանք էստոներեն լեզվով էին և արտագրված էին խնամքով։ Որոշ կապոցներից կարելի էր հասկանալ, թե ով է թաքցրել գրականությունը։ Այնտեղ կային արձանագրություններ Ալմայի ամուսնու՝ Վիլեմ Վարդիայի հարցաքննությունների մասին։ Գտածոները պարունակում էին նաև տեղեկություններ Վիլեմի՝ բանտում անցկացրած տարիների մասին։ Իսկ ինչո՞ւ էր նա բանտարկվել։
Վիլեմ Վարդիան էստոնիայի (նախկին ԽՍՀՄ–ի հանրապետություն) Տարտու քաղաքի ժողովի, իսկ հետագայում Օտեպյա քաղաքի ժողովի պատասխանատու եղբայրն էր։ Ըստ ամենայնի, նա աստվածաշնչյան ճշմարտությունը իմացել էր Երկրորդ աշխարհամարտից առաջ։ 1948 թ.–ի դեկտեմբերի 24–ին կոմունիստական վարչակարգը ձերբակալեց եղբայր Վարդիային կրոնական գործունեության համար։ Գաղտնի ոստիկանությունը հարցաքննեց նրան, բռնի ուժ գործադրելով՝ ջանաց ստիպել նրան ասելու իր հավատակիցների անունները։ Դատարանում նրան հնարավորություն չտվեցին պաշտպանվելու։ Եղբայր Վարդիային դատապարտեցին 10 տարվա ազատազրկման Ռուսաստանի ճամբարներում։
Վիլեմ Վարդիան մահացավ 1990 թ. մարտի 6–ին։ Նա մինչև վերջ հավատարիմ մնաց Եհովային։ Նրա կինը գաղափար անգամ չուներ այդ գաղտնարանի մասին։ Ամենայն հավանականությամբ, եղբայր Վարդիան ցանկացել է պաշտպանել իր կնոջը. եթե նրան հարցաքննեին, կինը չէր կարող ոչինչ ասել այդ թաքստոցի մասին։ Ինչո՞ւ էր նա թաքցրել գրականությունը։ Պատճառն այն էր, որ խորհրդային պետական անվտանգության կոմիտեն՝ ՊԱԿ–ը, հաճախ անսպասելի խուզարկումներ էր կատարում Եհովայի վկաների տներում՝ փնտրելով կրոնական գրականություն։ Եղբայր Վարդիան, հավանաբար, այսպես էր մտածում. «Եթե ՊԱԿ–ի աշխատողները տանեն ամեն ինչ, հավատակիցներս գոնե մի քիչ հոգևոր սնունդ կունենան»։ Ավելի վաղ՝ 1990 թ. ամռանը, գտնվել էին ուրիշ գաղտնարաններ։ Դրանցից մեկը Տարտուում էր, որը նույնպես Վիլեմ Վարդիան էր սարքել։
Ինչո՞ւ ենք այդ գտածոներն անվանում գանձեր։ Քանի որ այդ գրականությունը, որն արտագրվել էր ամենայն ուշադրությամբ և պահվել ամենայն զգուշությամբ, վառ կերպով վկայում է այն գնահատանքի մասին, որ Վկաներն ունեին իրենց հոգևոր սննդի հանդեպ (Մատթ. 24։45)։ Իսկ դու գնահատո՞ւմ ես քո ստացած հոգևոր սնունդը։ Այդպիսի սնունդ է, օրինակ, «Դիտարան» պարբերագիրը, որը լույս է տեսնում ավելի քան 170 լեզվով, այդ թվում նաև էստոներեն։