Ճշմարտության սերմերը հասնում են հեռավոր վայրեր
ՏՈՒՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ (Ռուսաստան) գտնվում է Սիբիրի ծայր հարավում և հարավից ու արևելքից սահմանակցում է Մոնղոլիային։ Տուվայի բնակիչներից շատերը ապրում են հեռավոր վայրերում, ուր դժվար է հասցնել Թագավորության բարի լուրը։ Սակայն վերջերս այդ կողմերից մարդկանց մի խումբ եկավ Տուվայի մայրաքաղաք Կզըլ՝ մասնակցելու սեմինարի։ Մարիան, որ ռահվիրա քույր է և ապրում ու ծառայում է Կզըլում, իմացավ այդ մասին։ Նա հասկացավ, որ դա եզակի հնարավորություն է բարի լուրը պատմելու նրանց։
Նա պատմում է. «Այն դպրոցում, որտեղ ես դասավանդում եմ, կազմակերպվելու էր սեմինար՝ ալկոհոլի և թմրանյութերի չարաշահման թեմայով։ Տուվայի ամենահեռավոր շրջաններից եկել էր մոտ 50 մարդ։ Նրանց մեջ կային ուսուցիչներ, հոգեբաններ, երեխաների պաշտպանության հարցերով տեսուչներ և այլք։ Մի կողմից՝ Մարիան ուրախ էր, մյուս կողմից՝ անհանգիստ։ Ինչո՞ւ։ Նա ասում է. «Ես էությամբ ամաչկոտ եմ ու ինձ համար դժվար է ոչ պաշտոնական վկայություն տալ։ Այդ պատճառով աղոթեցի Եհովային, որ ինձ քաջություն տա և օգնի քարոզելու այս հնարավորությունը բաց չթողնել»։
Մարիան շարունակում է պատմել. «Ես գտա մի «Արթնացե՛ք», որում խոսվում էր ֆոբիաների մասին։ Մտածեցի՝ «սա կհետաքրքրի հոգեբաններին», ու պարբերագիրը հետս տարա դպրոց։ Այդ օրը ուսուցչուհիներից մեկը, որ մասնակցում էր սեմինարին, մտավ իմ աշխատասենյակ, ու ես նրան առաջարկեցի այդ «Արթնացե՛ք»–ը։ Նա ուրախությամբ վերցրեց։ Պարզվեց, որ ինքը ևս ֆոբիա ունի։ Հաջորդ օրը ես նրան տվեցի «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքը (հատոր 1)։ Այս անգամ էլ նա ուրախությամբ վերցրեց։ Նրա արձագանքից ոգևորված՝ մտածեցի, որ մյուս ուսուցիչներն էլ թերևս հետաքրքրվեն այդ գրքով։ Ուստի դպրոց տարա մի արկղ գրականություն, որի մեջ կային ինչպես «Երիտասարդների հարցերը», այնպես էլ այլ հրատարակություններ»։ Կարճ ժամանակում այդ արկղը դատարկվեց։ Մարիան պատմում է, թե ինչպես. «Այն ուսուցչուհու մի քանի գործընկերներ եկան իմ աշխատասենյակ ու հարցրին. «Չգիտե՞ք՝ որտեղ են գրքեր բաժանում»։ Նրանք միանգամայն ճիշտ հասցեով էին եկել։
Սեմինարի վերջին օրը կիրակին էր։ Այդ օրը Մարիան չէր աշխատում, ուստի իր աշխատասենյակում մի քանի սեղանների վրա գրականություն դրեց, իսկ գրատախտակին գրեց. «Սիրելի՛ ուսուցիչներ։ Դուք կարող եք գրականություն վերցնել ձեզ համար և ձեր ծանոթների համար։ Այս հիանալի հրատարակությունները կօգնեն ձեզ, որ հաջողությունների հասնեք աշխատանքում և ընտանիքում»։ Ինչպիսի՞ն էր արձագանքը։ «Այդ օրը՝ ավելի ուշ, գնացի աշխատասենյակ և տեսա, որ գրականության մեծ մասը տարել են։ Առանց ժամանակ կորցնելու՝ նոր գրքեր ու պարբերագրեր դրեցի սեղանին»։ Սեմինարի վերջում Մարիան տարածել էր 380 պարբերագիր, 173 գիրք և 34 գրքույկ։ Սեմինարի մասնակիցները վերադարձան իրենց բնակավայրերն ու աշխատավայրերը, որոնք գտնվում էին հեռավոր շրջաններում՝ իրենց հետ տանելով այդ գրականությունը։ Մարիան ասում է. «Անչափ երջանիկ եմ, որ ճշմարտության սերմերը այժմ հասել են Տուվայի հեռավոր վայրերը» (Ժող. 11։6)։
[Քարտեզ 32–րդ էջի վրա]
(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՏՈՒՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ