Էքսկուրսիա մասնաճյուղում
«ԱՅԴ մարդիկ ի՞նչ են անում այնտեղ»։ Այս հարցը հաճախ տալիս են նրանք, ովքեր մեքենայով անցնում են Եհովայի վկաների մասնաճյուղի կողքով, որը գտնվում է Կրյուգերսդորպում՝ Յոհաննեսբուրգի մոտ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)։ Ուստի Վկաները որոշեցին 2007 թ. հոկտեմբերի 12–ին և 13–ին էքսկուրսիա անցկացնել մասնաճյուղում։ Կազմակերպիչները երկու նպատակ ունեին՝ հերքել կեղծ լուրերը և ծանոթացնել մարդկանց, թե ինչ աշխատանք է կատարում մասնաճյուղը՝ աջակցելու համար բարի լուրի տարածմանը (Մատթեոս 28։19, 20)։
Մասնաճյուղի ծառայողները մեծ ցուցանակներ դրեցին մուտքի մոտ, որոնց վրա ողջույնի խոսքեր էին գրված։ Իսկ հարևանությամբ ապրողներին հատուկ հրավիրատոմսեր բաժանեցին։ Հրավիրվեցին նաև տնտեսական ոլորտում մասնաճյուղի հետ համագործակցող մարդիկ ու նրանց ընտանիքները։ Ինչպիսի՞ն եղավ արձագանքը։ Ավելի քան 500 հոգի այցելեցին մասնաճյուղ։
Այցելուների ուշադրությունը գրավեց «MAN Roland Lithoman» տպագրահաստոցը, որը մեկ ժամում 90 000 պարբերագիր է տպագրում։ Կազմատունը, առաքման և փաթեթավորման հսկայական տարածքը, որտեղ ամեն օր 14 տոննա գրականություն է պատրաստվում, նույնպես տպավորեց այցելուներին։ Տարբեր բաժիններում ծառայող Վկաները հետաքրքիր ցուցադրումներ ներկայացրին։ Նրանք ցուցադրեցին տպագրության համառոտ պատմությունը՝ սկսած Գուտենբերգի տպագրահաստոցից մինչև օֆսեթ տպագրություն։ Մեկ այլ ցուցադրման ժամանակ ներկայացվեց, թե ինչպես է մասնաճյուղը հոգ տանում շրջակա միջավայրի մասին։ Օրինակ՝ հաստոցի վրա հատուկ մի սարք չեզոքացնում է չորացնող ապարատի արտադրած թունավոր գազերը և ֆիլտրում է թղթի փոշին։ Այնուհետև աշխատողները հավաքված փոշին թափում են։
Տեղի թերթերից մեկում մի հոդված տպագրվեց։ Հոդվածում նշվում էր, որ մասնաճյուղում ապրում են 700 կամավորներ, որոնք «նշանակված ծառայողներ են և իրենց կյանքը նվիրել են Եհովային»։ Նաև գրված էր, որ մասնաճյուղում «անթերի մաքրություն է», իսկ տպարանում «ամեն ինչ ճիշտ ժամանակին է կատարվում»։ Էքսկուրսիայից հետո մասնաճյուղը մի նամակ ստացավ. «Շնորհավորում եմ։ Միշտ չէ, որ մարդիկ նման տպավորություններ են ունենում»։ Այս տողերը գրել էր մի մարդ, որը հակառակվում էր Եհովայի վկաներին։
Այցելուներից շատերը հայտնեցին իրենց երախտագիտությունը։ Նրանք զարմացել էին՝ տեսնելով, որ մասնաճյուղը հրատարակություններ է տպագրում 18 երկրների համար, որոնք գտնվում են Աֆրիկայի հարավային և կենտրոնական մասերում, իսկ հենց մասնաճյուղում կա 151 լեզուներով աստվածաշնչային գրականություն։ Եհովայի վկաների մասնաճյուղերի դռները բաց են բոլորի առջև։ Դուք էլ կարող եք ժամանակ տրամադրել՝ այցելելու ձեր տարածքում գտնվող մասնաճյուղ։
[նկար 14–րդ էջի վրա]
Հրավիրատոմս
[նկար 14–րդ էջի վրա]
Մասնաճյուղում անցկացվող էքսկուրսիա
[նկար 15–րդ էջի վրա]
Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղը Կրյուգերսդորպում
[նկար 15–րդ էջի վրա]
«MAN Roland Lithoman» տպագրահաստոց
[նկար 15–րդ էջի վրա]
Կազմատուն
[նկար 15–րդ էջի վրա]
Առաքման բաժին