Վկայություն՝ մարդաշատ վայրերում
ԵՐԲ Պողոս առաքյալը Աթենքում էր, նա ամեն օր գնում էր շուկայի հրապարակ և Հիսուսի մասին բարի լուրն էր քարոզում (Գործ. 17։17)։ Նա քարոզում էր շուկայի հրապարակում, քանի որ աթենացիները իրենց ժամանակի մեծ մասն այնտեղ էին անցկացնում։
Արդեն անցել է գրեթե 2000 տարի, սակայն Եհովայի ժողովուրդը շարունակում է Աստծու Թագավորության մասին քարոզել շուկաներում և հասարակական վայրերում։ Ինչո՞ւ։ Որովհետև այդպիսի վայրերում մարդիկ շատ են։ Այսօր գուցե հարմար է քարոզել շուկաներում կամ հասարակական վայրերում։ Որոշ երկրներում Վկաները քարոզում են առևտրի կենտրոնների մոտակայքում։ Տնօրենի թույլտվությունը ստանալուց հետո նրանք փոքր սեղանի կամ ցուցատախտակի վրա աստվածաշնչային գրականություն են ցուցադրում։
Օրինակ՝ Նյու Ջերսիում (ԱՄՆ) առևտրի կենտրոններից մեկում Վկաները ընտանեկան կյանքին վերաբերող թեմաներով գրականություն ցուցադրեցին։ Ինչպիսի՞ն եղավ արդյունքը։ Մեկ օրվա ընթացքում վեց լեզվով 153 գիրք բաժանվեց։
Նաև հետաքրքիր դեպքեր տեղի ունեցան։ Մի կին, մոտենալով գրականության սեղանին և քրոջը ուշադրությամբ լսելուց հետո, համաձայնվեց, որ մեր առօրյայում և ընտանեկան կյանքում կարևոր է հաշվի առնել Աստծու կամքը։ Ապա վերցրեց «Սովորիր Մեծ Ուսուցչից», «Ընտանեկան երջանկության գաղտնիքը», «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքերը։
Կեսօրին մի տղամարդ, որն ուզում էր մտնել առևտրի կենտրոնի բաժիններից մեկը, հայացք գցեց «Երիտասարդների հարցերը» գրքի վրա։ Սեղանի մոտ կանգնած քույրը նկատեց դա և հարցրեց. «Ձեզ ինչ–որ գի՞րք է հետաքրքրում»։ Նա գլխով համաձայնության նշան արեց և ցույց տվեց «Երիտասարդների հարցերը» գիրքը։ Քույրը այդ գիրքը նրան տվեց։ Տղամարդը պատմեց, որ ինքը երեք երեխա ունի, որից երկուսը պատանի են, և զրույցի ընթացքում նշեց, որ շաբաթը մեկ անգամ նրանց հետ ինչ–որ թեմա է քննարկում։ Գիրքը թերթելիս նա ասաց, որ կարող է այն հեշտությամբ օգտագործել ընտանեկան քննարկումների ժամանակ։ Քույրը նաև նրա ուշադրությունը հրավիրեց «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գրքի վրա և հավաստիացրեց, որ այնտեղ կան շատ օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն նրան և նրա կնոջը որոշումներ կայացնելիս։ Այդ մարդը շնորհակալություն հայտնեց քրոջը, որոշ գումար նվիրաբերեց և համաձայնվեց, որ իրեն այցելեն։
Իսկ ի՞նչ են զգում Եհովայի վկաները, երբ քարոզում են մարդաշատ վայրերում։ «Ես մեծ ուրախություն և բավարարվածություն եմ զգում՝ մասնակցելով ծառայության այս ձևին»,— այսպես է արտահայտվել մի քույր։ Մեկ ուրիշ քույր նշում է. «Եհովան ասել է, որ բարի լուրը պետք է քարոզվի մինչև երկրի ամենահեռավոր վայրերը։ Այսօր Նյու Ջերսիի այս փոքր ավանում բարի լուրը մեծ ազդեցություն է թողնում տարբեր լեզուներով խոսող մարդկանց վրա։ Ինձ համար անչափ ուրախալի է վկայություն տալ մարդաշատ վայրերում։ Բոլոր նրանք, ովքեր մասնակցում են ծառայության այս ձևին, ուրախություն են զգում։ Օրվա վերջում չես ուզում հեռանալ այստեղից»։
Իսկ դու կարո՞ղ ես քարոզել տարբեր իրավիճակներում։ Ճիշտ է, մենք բարի լուրը քարոզում ենք հիմնականում տնետուն ծառայության ժամանակ (Գործ. 20։20)։ Սակայն կարելի է նաև մտածել շուկաներում կամ հասարակական վայրերում քարոզելու մասին։