Երբ մահանում է ձեր սիրելի հարազատը
2007 թ. հուլիսի 17–ին՝ երեքշաբթի օրը՝ երեկոյան մոտ ժամը 7–ին, ուղևորներով լի ինքնաթիռը, Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի մարդաշատ օդանավակայանի գլխավոր ճանապարհից շեղվելով, մխրճվեց ուղեբեռների պահեստի մեջ։ Մոտ 200 հոգի մահացավ։
ՍԱ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ավիաուղիների պատմության մեջ գրանցված ամենասարսափելի պատահարն էր, որն անջնջելի հետք թողեց այն մարդկանց հիշողության մեջ, ովքեր կորցրին իրենց հարազատներին։ Կլաուդիտը այն մարդկանց թվում էր, որոնք այսպիսի կորուստ ունեցան։ Նա հեռուստացույց էր դիտում, երբ լսեց ինքնաթիռի վթարի մասին։ Նրա որդին՝ Ռենատոն, ինքնաթիռի մեջ էր։ Նա ընդամենը 26 տարեկան էր և հոկտեմբերին պետք է ամուսնանար։ Հուսահատված՝ Կլաուդիտը փորձեց կապ հաստատել իր որդու հետ բջջային հեռախոսով, սակայն վերջինս չպատասխանեց։ Նա ընկավ գետին ու սկսեց ուժգին լաց լինել։ Կլաուդիտը անմխիթար վիճակում էր։
1986 թ. հունվարին ավտովթարի ժամանակ Անջեն կորցրեց իր նշանածին։ Երբ այդ լուրը հասավ նրան, նա ցնցվեց։ «Սկզբում չէի հավատում։ Ինձ թվում էր, թե դա վատ երազ է. հանկարծ կարթնանամ, և ամեն ինչ կվերջանա։ Ես դողում էի ու սարսափելի ցավեր էի զգում, կարծես ինչ–որ մեկը հարվածել էր ստամոքսիս»։ Հաջորդ երեք տարիներին Անջեն տառապեց դեպրեսիայով։ Եվ չնայած ավելի քան 20 տարի է անցել այդ դեպքից, սակայն երբ նա հիշում է տեղի ունեցածը, սկսում է դողալ։
Միայն խոսքերով անհնար է նկարագրել անզգայության, վհատության և իրականությանը չհավատալու ճնշող զգացումները, որոնք պարուրում են անհատին այսպիսի ողբերգական դեպքերի ժամանակ և անսպասելի կորուստ ունենալիս։ Սակայն նույնիսկ այն դեպքում, երբ անհատը գիտի, որ իր հարազատը կմահանա, ինչը հնարավոր է նրա երկարատև հիվանդության ժամանակ, միևնույնն է, վիշտը կարող է ուժգին լինել։ Ոչ ոք երբեք պատրաստ չէ դրան։ Նենսիի մայրը, որը երկար ժամանակ հիվանդ էր, 2002 թ. մահացավ։ Մոր մահվան լուրն այնքան ցնցեց Նենսիին, որ նա ուժասպառ նստեց հիվանդանոցի հատակին և երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ։ Թվում էր, թե կյանքն անիմաստ էր։ Այդ դեպքից հինգ տարի է անցել, սակայն երբ նա հիշում է իր մորը, սկսում է լաց լինել։
«Մարդիկ երբեք չեն մոռանում այդ կորստի մասին, նրանք պարզապես հաշտվում են այդ մտքի հետ»,— ասում է հոգեբույժ Հոլի Պրիգերսոնը։ Եթե դուք կորցրել եք ձեր հարազատին, գուցե մտածեք՝ «ճի՞շտ է արդյոք վշտանալ։ Ինչպե՞ս կարող եմ տոկալ, երբ իմ հարազատը մահանում է։ Կտեսնե՞մ արդյոք երբևէ նրան»։ Հաջորդ հոդվածում կքննարկվեն այս և ուրիշ հարցեր, որոնք գուցե ձեզ անհանգստացնում են։
[նկար 3–րդ էջի վրա]
EVERTON DE FREITAS/AFP/Getty Images