Հնարամիտ լուծում
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ Աֆրիկայում ապրող երեք երիտասարդներ ցանկանում էին գնալ իրենց տարածաշրջանում անցկացվելիք մարզային համաժողով։ Համաժողովի անցկացման վայրը գտնվում էր մոտ 90 կիլոմետր հեռու։ Ճանապարհը խորդուբորդ էր ու փոշոտ։ Երիտասարդները փոխադրամիջոց չունեին։ Ինչպե՞ս էին գնալու։ Նրանք որոշեցին երեք հեծանիվ խնդրել համագյուղացիներից, բայց հարմար բան չգտան։
Ժողովի երեցներից մեկը, տեսնելով, որ եղբայրները դժվար կացության մեջ են հայտնվել, առաջարկեց իր հին, բայց սարքին հեծանիվը։ Նա պատմեց, թե անցյալում ինքը և ուրիշներ ինչ են արել, որ ներկա լինեն համաժողովներին։ Երեցը նրանց ասաց, որ կարող են այդ մեկ հեծանվով գնալ, միայն թե հարկավոր է լավ կազմակերպվածություն։ Ի՞նչ էր անհրաժեշտ անել։ Ինչպե՞ս էին նրանք երեքով գնալու մեկ հեծանվով։
Կեսօրի կիզիչ արևից խուսափելու համար երիտասարդ եղբայրները հանդիպեցին վաղ առավոտյան և հեծանվի վրա դրեցին իրենց ուղեբեռը։ Նրանցից մեկը հեծանիվ նստեց ու սկսեց քշել, իսկ մյուս երկուսը արագ քայլերով հետևեցին նրան։ Մոտ հինգ հարյուր մետր անցնելուց հետո հեծանվորդը կանգնեց և բեռնված հեծանիվը հենեց ծառին։ Իհարկե, նա հեծանիվը պետք է այնպիսի տեղ կանգնեցներ, որ այն իր երկու ընկերների տեսադաշտում լիներ։ Այլապես ինչ–որ մեկը գուցե ցանկանար հեծանիվը «փոխ առնել» իրենցից։ Այնուհետև առաջին հեծանվորդը ճանապարհը շարունակեց ոտքով։
Երբ մյուս երկուսը հասան հեծանվին, նրանցից մեկը վարեց այն, իսկ մյուսը շարունակեց քայլել ևս հինգ հարյուր մետր, մինչև կգար իր հերթը։ Այսպիսով՝ լավ պլանավորման և վճռականության շնորհիվ երիտասարդները 90–ի փոխարեն քայլեցին 60 կիլոմետր։ Ջանքերը ապարդյուն չէին։ Նրանք հանդիպեցին իրենց հավատակիցներին և վայելեցին հոգևոր խնջույքը (Բ Օրին. 31։12)։ Իսկ դու այս տարի կանե՞ս ամեն ինչ, որ ներկա գտնվես ձեր տարածաշրջանում անցկացվելիք մարզային համաժողովին։