Հիշո՞ւմ եք
Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել հետևյալ հարցերին։
• Ինչո՞ւ Հին Կտակարանը չի կորցրել իր արժեքը։
Հին Կտակարանի Հեղինակը դաժան աստված չէ, այլ սիրառատ Աստված Եհովան է։ Հիսուսը և նրա առաջին հետևորդները շարունակաբար մեջբերումներ են արել Եբրայերեն Գրություններից։ Եբրայերեն Գրությունները գործնական խորհուրդներ են պարունակում առօրյա կյանքի վերաբերյալ և հրաշալի հույս՝ ապագայի համար (01.09, էջ 4–7)։
• Ի՞նչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ թույլ տրվեց, որ Ադամի ու Եվայի մեղք գործելուց հետո ժամանակ անցնի։
Հազարավոր տարիների ընթացքում փաստվել է, որ Սատանան ստախոս է, քանի որ Ադամն ու Եվան, ինչպես նաև նրանց միլիոնավոր ժառանգները մահացել են։ Ժամանակը ցույց է տվել, որ մարդիկ չեն կարողանում ավելի լավ կյանքով ապրել՝ Աստծուց անկախ լինելով, և որ նրանք ո՛չ իրավունք ունեն, ո՛չ էլ կարողություն իրենց ընթացքն ուղղելու (15.09, էջ 6, 7)։
• Ինչո՞ւ Հակոբը չհանդիմանվեց՝ ներկայանալով Եսավի փոխարեն։
Հակոբը իրավունք ուներ իր հոր օրհնությունը ստանալու, քանի որ Եսավից գնել էր անդրանիկության իրավունքը։ Երբ Իսահակն իմացավ, որ Հակոբին է օրհնել, քայլեր չարեց՝ որևէ բան փոխելու։ Եվ Եհովան ցանկանում էր, որ այդ օրհնությունը ստանար Հակոբը, հակառակ դեպքում կարող էր միջամտել (01.10, էջ 31)։
• Այն, որ մենք խիղճ ունենք, ինչպե՞ս է հակասում էվոլյուցիոն ուսմունքին։
Բոլոր ազգերում և մշակույթներում կան մարդիկ, որոնք պատրաստ են օգնելու ուրիշներին, նույնիսկ եթե դրա համար վտանգի են ենթարկում իրենց կյանքը։ Այսպիսի անշահախնդիր այլասիրություն չէր ակնկալվի, եթե մարդիկ լինեին պարզապես կենդանիներ, որոնք ամեն գնով պայքարում են ողջ մնալու համար (15.10, էջ 20)։
• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստված խոնարհ է, և ինչպե՞ս է նա դրսևորում այդ հատկությունը։
Լինելով Գերիշխան և Արարիչ՝ նա սահմանափակ հնարավորություններ չունի, ինչպես որ մենք։ Սակայն ըստ Բ Թագաւորաց 22։36 համարի՝ Աստված խոնարհ է այն իմաստով, որ հոգ է տանում խոնարհների մասին, որոնք ձգտում են ուրախացնել իրեն, և ողորմած է նրանց հանդեպ։ Նա երկնքից, այսպես ասած, խոնարհվում է, որպեսզի բարիք անի աստվածավախ անհատներին (01.11, էջ 4, 5)։
• Ինչպե՞ս են հնագույն խեցիները հաստատում աստվածաշնչյան արձանագրությունը։
Հնագետները Սամարիայում հայտնաբերել են խեցաբեկորներ, որոնց վրա գրված են եղել Յեսու 17։1–6-ում արձանագրված յոթ տոհմերի անունները։ Արադի հավաքածուից որոշ կտորներ հաստատում են քահանայական ընտանիքների մասին տեղեկությունը, նաև պարունակում են Աստծու անունը։ Լաքիսի հավաքածուն լույս է սփռում քաղաքական իրադրության և այն խառնաշփոթ իրավիճակի վրա, որ տիրում էր Հուդայում նախքան բաբելոնացիների հարձակումը (15.11, էջ 12–14)։
• Ինչի՞ց ենք եզրակացնում, որ «Գործեր» գիրքը գրել է Ղուկասը։
Ղուկասի Ավետարանը և «Գործեր» գիրքը ուղղված են Թեոֆիլոսին, ինչը ցույց է տալիս, որ երկու գիրքն էլ գրել է Ղուկասը։ Գրքերում «մենք», «մեր» և «մեզ» դերանունները ցույց են տալիս, որ նա մասնակցել է գրքում նկարագրված որոշակի իրադարձությունների (Գործեր 16։8–15), (15.11, էջ 18)։
• Ինչպե՞ս պետք է քրիստոնյան վերաբերվի որսորդությանն ու ձկնորսությանը։
Նոյի օրերից սկսած՝ Աստված թույլ է տվել մարդկանց ուտելու նպատակով սպանել կենդանիներին։ Սակայն արյունը թափելու մասին հրահանգով ընդգծվում էր, որ կենդանու կյանքը պետք է հարգել, քանի որ այն սկիզբ է առել Աստծուց։ Քրիստոնյաները չպետք է սպանեն կենդանիներին զուտ սպորտի կամ զվարճության համար։ Կարևոր է հնազանդվել «կայսրի» օրենքներին և հաշվի առնել ուրիշների խիղճը (Հռոմեացիներ 14։13), (01.12, էջ 31)։