Հիսուսն ունեցե՞լ է Աստվածաշունչ
ՈՉ, ՀԻՍՈՒՍԸ չի ունեցել Աստվածաշունչ։ Ինչո՞ւ։ Քանի որ ամբողջ Աստվածաշունչը, որը մենք ունենք այսօր, գոյություն չի ունեցել Հիսուսի ժամանակներում։ Սակայն ժողովարաններում պահպանվել են մագաղաթների հավաքածուներ, որոնք, սկսած այդ ժամանակներից, Աստվածաշնչի մասն են կազմում։ Հիսուսը կարդաց Եսայիայի մագաղաթից Նազարեթի ժողովարանում (Ղուկաս 4։16, 17)։ Պողոս առաքյալը ներկա էր, երբ Պիսիդիան Անտիոքում «ընթերցվեցին Օրենքն ու Մարգարեները» (Գործեր 13։14, 15)։ Իսկ Հակոբոս առաքյալն ասաց, որ Մովսեսը «ամեն շաբաթ օր բարձրաձայն ընթերցվում էր ժողովարաններում» (Գործեր 15։21)։
Առաջին դարի մարդիկ ունեի՞ն Սուրբ Գրությունների մագաղաթները։ Կանդակի թագուհու եթովպացի ներքինին հավանաբար ուներ, քանի որ նա «իր կառքում նստած բարձրաձայն կարդում էր Եսայիա մարգարեի գիրքը», երբ Փիլիպպոս առաքյալը հանդիպեց նրան Գազայի ճանապարհին (Գործեր 8։26–30)։ Պողոս առաքյալը խնդրեց Տիմոթեոսին բերել «գրքերը՝ հատկապես մագաղաթները» (2 Տիմոթեոս 4։13)։ Թեև Պողոսը չի ասում, թե ինչ մագաղաթներ էին դրանք, շատ հավանական է, որ դրանք Եբրայերեն Գրությունների մասերից էին։
Սեմական լեզուների պրոֆեսոր Ալան Միլարդի խոսքերով՝ հրեաների մեջ Գրությունների անձնական մագաղաթներն ունենալը հավանաբար միայն «Պաղեստինի՝ արտոնություններ ունեցող մարդկանց համար էր, կրթություն ստացած բոլոր անձանց, նաև որոշ փարիսեցիների և այնպիսի ուսուցիչների համար, ինչպիսին Նիկոդեմոսն էր»։ Պատճառներից մեկը մասամբ այն էր, որ դրանք թանկ արժեին։ Միլարդը նշում է, որ «Եսայիայի մի օրինակի գինը վեցից տասը դինար էր», և ասում է, որ ամբողջ Եբրայերեն Գրությունները «15–20 մագաղաթ էին կազմում», այլ կերպ ասած՝ կարող էին արժենալ կես տարվա աշխատավարձ։
Աստվածաշունչը չի ասում, որ Հիսուսը կամ իր առաքյալներն ունեցել են Աստվածաշնչի մագաղաթների իրենց անձնական օրինակները։ Սակայն, կասկած չկա, որ Հիսուսը լավ գիտեր Գրությունները, քանի որ նա մեջբերումներ էր անում կամ անգիր էր ասում Գրություններից (Մատթեոս 4։4, 7, 10; 19։4, 5)։ Մի՞թե սա չպետք է մղի մեզ լավ իմանալու Աստվածաշունչը։ Չէ՞ որ այն այսօր շատ մատչելի է։