Ի՞նչն է ձեր կյանքը իմաստալից դարձնում
ՔԵՆՆԻՆ աշխատում էր վաճառամիջնորդ ձեռնարկությունում, ուներ արտասահմանյան մակնիշի թանկարժեք մեքենա և մի առանձնատուն քաղաքի հարուստ թաղամասերից մեկում։ Քանի որ կարողանում էր հմտորեն թռչել օդապարիկով, նա հաճույք էր ստանում հազարավոր մետրերից վայրէջք կատարելուց։ Արդյոք այս ամենը նրան պարգևե՞ց գոհացուցիչ կյանք։ Ըստ «Ուոլ սթրիթ ջորնլ» թերթի՝ Քեննին ասել է հետևյալը. «Ահա ես 45 տարեկան եմ, և իմ կյանքը ոչ մի ապագա չունի... Իմ կյանքը դատարկ է»։
Էլենը ջանք էր թափում, որպեսզի դառնար հմուտ չմշկորդ։ Ի վերջո նա հասնում է իր նպատակին և մեծ փառքի արժանանում։ «Ցավոք, ես չստացա այն երջանկությունը, որն ակնկալում էի,— ցավով արտահայտվում է նա,— ինձ շատ միայնակ էի զգում։ Վաղ թե ուշ ծերանալու էի և չնայած ֆինանսապես ապահովված կլինեի, սակայն կյանքս բոլորովին դատարկ կլիներ, եթե իմ ամբողջ կյանքի նպատակը միայն սա եղած լիներ»։
Իսկ Հիդեոն գույները վարպետորեն օգտագործելու հմտություն ուներ, և իր կյանքը նվիրել էր արվեստին։ Իր աշխատանքները նա չէր վաճառում՝ մտածելով, որ եթե այդպես վարվի, ապա կոտնահարի արվեստի մեջ ունեցած իր չափանիշներն ու սկզբունքները։ 98 տարեկանում Հիդեոն իր աշխատանքների մեծ մասը նվիրաբերեց մի թանգարանի։ Նա իր կյանքը նվիրեց արվեստին, սակայն բավարարվածություն չստացավ՝ հասկանալով, որ երբեք չի կարող կատարելության հասցնել իր արվեստը։
Որոշ մարդիկ էլ շատ ժամանակ, ջանքեր և միջոցներ են տրամադրում ուրիշներին օգնելու համար։ Քննենք Հոլիվուդի կինոարդյունաբերության ղեկավարներից մեկի օրինակը։ Լինելով Միացյալ Նահանգների ամենամեծ կինոընկերություններից մեկի փոխնախագահը՝ նա առիթ է ունեցել շփվելու հանրահայտ մարդկանց հետ և ապրելու առանձնահատուկ մի բնակավայրում։ Մի օր, երբ մեկնել էր Կամբոջա՝ հանգստանալու, «Ֆնոմ Փենհ» սրճարանում ճաշելիս մի աղջիկ է մոտենում նրան և գումար խնդրում։ Նա մեկ դոլար է տալիս աղջկան, նաև հյութ է առաջարկում։ Աղջիկը բավարարված հեռանում է։ Սակայն հաջորդ երեկո նա նորից տեսնում է այդ աղջկան փող մուրալիս։ Այդ մարդը հասկանում է, որ նա ավելի մեծ օգնության կարիք ունի։
Մեկ տարի անց այս անձնավորությունը որոշում է փոխել իր գործը. կինոարդյունաբերությունում աշխատելու փոխարեն՝ որոշում է օգնել Կամբոջայում ապրող աղքատներին։ Նա մի հաստատություն է հիմնում, որն այդպիսի մարդկանց ապահովում է բնակարանով, սննդով և կրթությամբ։ Այդուհանդերձ, նա մշտապես պայքարում էր հակասական զգացմունքների դեմ. իր գործից ստացած հաճույքն ու բավականությունը միախառնվում էին հուսահատության և վհատության հետ, քանի որ խնդիրները գնալով շատանում էին, իսկ նա պետք է այդ ամենը հաղթահարեր։
Վերոհիշյալ չորս անհատները կարծում էին՝ իրենք գիտեն, թե ինչ են ուզում իրագործել իրենց կյանքում։ Բայցևայնպես, նրանք դատարկության զգացումով լցվեցին, երբ հասան այն նպատակին, որի համար այդքան շատ ջանքեր էին թափել։ Ուստի մի շարք հարցեր են առաջ գալիս՝ ի՞նչ նպատակով եմ ես ապրում։ Ի՞նչն է իմ կյանքում առաջին տեղում։ Վստա՞հ եմ, որ հետագայում չեմ զղջա այդպիսի կյանքով ապրելու համար։