Արդյոք Աստծու աչքերը քեզ վրա՞ են
ԱՐԴՅՈ՞Ք Եհովան՝ Արարիչը, տեսնելու ունակություն ունի։ Իհա՛րկե ունի։ Աստվածաշունչը հստակ բացատրում է. «Աչքը ստեղծողը չի՞ տեսնիլ» (Սաղմոս 94։9)։ Նրա տեսողությունը նշանակալիորեն գերազանցում է մարդու տեսողությանը։ Նա ոչ միայն մեզ արտաքնապես է տեսնում, այլև մեր «սիրտերը քննող» է և կարող է նույնիսկ «սիրտերը կշռել» (Առակաց 17։3; 21։2)։ Այո, Եհովան ընդունակ է գնահատելու մեր մտքերը, մղումներն ու մեր ներքին ցանկությունները։
Եհովան տեղյակ է, թե կյանքում ինչպիսի դժվարությունների ենք մենք հանդիպում և արձագանքում է մեր խնդրանքներին։ Սաղմոսերգուն գրում է. «Տիրոջ աչքերը արդարների վերայ են. եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ։ Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմոս 34։15, 18)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան հասկանում է, թե մենք ինչպիսի հանգամանքներում ենք գտնվում և ուշադիր լսում է մեր սրտագին աղոթքները։
Եհովա Աստված տեղյակ է նույնիսկ այն գործերից, որոնք գաղտնաբար են կատարվում։ Իրոք, «բոլոր բաները մերկ և բացահայտ են նրա աչքերի առաջ, որին մենք պետք է հաշիվ տանք» (Եբրայեցիներ 4։13)։ Ուստի անկախ այն բանից՝ մեր արարքները լավն են, թե վատը՝ դրանք բոլորը Աստված նկատում է (Առակաց 15։3)։ Օրինակ՝ Ծննդոց 6։8, 9 համարներում գրված է. «Նոյը Եհովայի առաջին շնորհք գտաւ» և քայլեց ճշմարիտ Աստծու հետ։ Այո, Նոյը արժանացավ Եհովայի հավանությանը և օրհնություններ ունեցավ, որովհետև հնազանդվեց Աստծուն և պահեց նրա արդար սկզբունքները (Ծննդոց 6։22)։ Ի տարբերություն Նոյի՝ նրա օրերում ապրող մարդիկ դաժան էին և բարոյապես ապականված։ Սակայն Աստված աչք չփակեց այդ իրավիճակի վրա։ Նա «տեսաւ որ շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր»։ Վերջապես Եհովան կործանում բերեց այդ ամբարիշտ մարդկանց վրա, իսկ Նոյն ու նրա ընտանիքը փրկվեցին (Ծննդոց 6։5; 7։23)։
Իսկ դու ունե՞ս արդյոք Եհովայի հավանությունը։ Իրականում Եհովայի աչքերը «դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ» (Բ Մնացորդաց 16։9)։ Շուտով նա երկրի երեսից նորից կվերացնի ամբարիշտ մարդկանց և կազատագրի այն անհատներին, ովքեր սրտով խոնարհ են (Սաղմոս 37։10, 11)։